Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի սխալ մեկնաբանման հետեւանքով դեռ որոշում են, թե որ դատարանը պետք է գործը քննի. «Գոյ» թատրոնի շահերի ներկայացուցիչ փաստաբան

Նոյեմբեր 28,2024 14:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չնայած եղանակային պայմաններին՝ «Գոյի» անձնակազմը շարունակում է նստացույցն իրենց թատրոնի փակված դռան առջեւ: Երեկ նրանց այցելել է նաեւ այս օրերին Երեւանում գտնվող ֆրանսահայ աշխարհահռչակ դերասան, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը եւ ծանոթացել «Գոյի» շուրջ ստեղծված խնդիրներին ու հայտնել իր մտահոգությունները։

«Ցավ եմ հայտնում, որ այսօր դեռեւս «Գոյ» թատրոնի նստացույցը շարունակվում է, այսինքն՝ իրավական տիրույթում դեռեւս շոշափելի արդյունք չկա, եւ բաղձալի միջանկյալ լուծումը չի ստացվում, որպեսզի յուրաքանչյուրն իր տեղում գործունեությունը ծավալի: Ու փաստացի իմ գործընկերները ստիպված են այս եղանակային վատթար պայմաններում շարունակել իրենց նստացույցը:

2023թ հունիսից ստանձնել եմ իմ վստահորդների շահերի ներկայացումը, և, ըստ էության, դատարաններում, իրավապահ մարմիններում ունենք արդեն բազմաթիվ ճյուղավորված գործեր, որոնք դեռեւս որեւէ ելակետային վիճակի չեն հասել»,- ասուլիսում նշեց փաստաբան Կարո Ասատրյանը՝ խոսելով «Գոյ» թատրոնի հետ կապված վերջին զարգացումների մասին:

«2023թ հունիսից դատարանում վիճարկել ենք կառավարության հայտնի որոշումը, որից բխող գործողություններն ինքնին կասեցված են եղել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ու որի արդյունքում առնվազն մինչեւ 2023թ դեկտեմբեր ամիսը դատական պրոցեսների ֆոնի ներքո «Գոյ» թատրոնն իր գոյությունը շարունակել է: Այսինքն՝ կար կառավարության որոշում, որը վիճարկել ենք, եւ կասեցված լինելու հանգամանքներում այդ գործունեությունը շարունակվել է: 2023թ հոկտեմբերից սկսած՝ ԿԳՄՍ նախարարությունը, սակայն, որդեգրեց մի քաղաքականություն, որ այլեւս չի սպասելու դատարանների որոշմանը, եւ մեկնաբանելով օրենսդրական նորմերը՝ փաստացի իր գործողությունները կատարեց, որոնք մեր համոզմամբ բերեցին իրավունքների ոտնահարման, արդյունքում՝ մենք եւս մի քանի հայց ավելացրինք:

Հիմա, եթե խոսքը վերաբերվում է դատական գործընթացին, պատկերացնենք հետեւյալը. երբ մենք ասում ենք, որ կառավարության որոշումը պետք է անվավեր ճանաչել, որովհետեւ թե ընթացակարգային, թե իր բնույթով, թե ձեւով եւ թե նյութաիրավական նորմերի պահանջներով հակասում է օրենսդրությանը, եւ ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանման հետեւանքով, փաստացի այդ գործն ըստ էության քննվելու փոխարեն ստացվում է, որ մինչեւ այսօր դեռ որոշում են, թե որ դատարանը պետք է քննի եւ ինչ կազմով: Այսինքն, մենք տարիուկես դատական համակարգում ունենք մի իրավիճակ (իսկ մենք խոսում ենք ողջամիտ դատաքննության ժամկետների մասին), որ առարկայական մեր բարձրացված հարցերն ու խնդիրները որեւէ ձեւով չեն շոշափվել որեւէ մեկի կողմից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930