«Նախորդ շաբաթ մենք տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ Զինված ուժերում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով։ Ընդ որում, Շիրակի մարզպետի մասնակցությամբ է այդ արարողությունը տեղի ունեցել։ Տեղի է ունեցել մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից Պաշտպանության նախարարությունն ընդհանրապես տեղյակ չէ, ԳՇ պետը տեղյակ չէ, ԿԳՄՍ նախարարն ընդհանրապես տեղյակ չէ, տեղի է ունեցել մարզպետի մասնակցությամբ, ՏԿԵ նախարարն ընդհանրապես տեղյակ չէ»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ խոսքը Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի մասին է, իսկ զինվորականը գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանն է։ Նոյեմբերի 23-ին Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տարածվել էր հաղորդագրություն, որ Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի հայրենագիտության դասարանն այսուհետ կրելու է գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունը։ Այն հետո հետո ջնջվել էր էջից. «Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Վահրամաբերդի դպրոցի հայրենագիտության նոր դասասենյակի բացման հանդիսավոր արարողությանը, դասարանը կրելու է գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունը։ Գեներալ-մայորն այժմ զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմակերպչական զորահավաքային վարչության պետի պաշտոնը, մինչ այդ եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
«Հայրենիքի նկատմամբ սերն ու անդավաճան նվիրվածությունն առաջնային պետք է լինի բոլորիս համար, մենք պետք է անենք հնարավորը` մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, հող հայրենիի հանդեպ նվիրում սերմանելու համար։ Այս դասասենյակի բացումն ինքնին այդ քայլերից մեկն է, քանզի մեր դպրոցականներն ավելին կիմանան իրենց հայրենասեր հայրենակցի, կենդանի հերոսի մասին, ում կարող են ընդօրինակել, ումից կարող են սովորել ու գնալ նրա ճանապարհով»,- նշել է Շիրակի մարզպետը` նոր ձեռքբերումներ, խաղաղ երկրում աշխատելու և հայկական բանակը զարգացնելու հնարավորություն է մաղթել միջոցառմանը ներկա Սմբատ Գրիգորյանին։
Գեներալ-մայորը շնորհակալություն է հայտնել մաղթանքների ու նման նախաձեռնության համար` ընդգծելով, որ նման վերաբերմունքն առավել պարտավորեցնում է, իսկ հայրենիքի հանդեպ սերն իր համար միշտ անխախտ առաջին տեղում է մնալու»:
Կարդացեք նաև
«Եվ սա տեղի է ունենում մի պայմաններում, երբ այս դահլիճում տասնյակ անգամներ ես խոսել եմ այն մասին, որ դպրոցում ամեն անկյան պետք է բովանդակություն տրվի միայն կառավարության մշակած ստանդարտների համաձայն։ Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որպեսզի այդ թվում՝ դե յուրե միջոցներով չեղարկվի այդ որոշումը, որովհետեւ մենք հասկանում ենք, չէ՞, թե պանդորայի ինչ արկղ ենք բացում։ Հայաստանում կան տասնյակ գեներալներ, տարբեր գյուղերում ծնված ու մեծացած նշանավոր մարդիկ։ Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այսպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակն ում անունով կոչվի, այն պայմաններում, երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել։ Որեւէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի, եւ ես խիստ նկատողություն եմ անում եւ Շիրակի մարզպետին, եւ ԳՇ անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին։ Կա պետություն եւ կա ապապետություն, ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը, առավել եւս պետական պաշտոնյա, ապապետության տրամաբանությամբ որեւէ գործողություն անի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ասաց, որ ամբողջությամբ ընդունում է Փաշինյանի նկատողությունը եւ դիտողությունը։ «Միաժամանակ, ուզում եմ տեղեկացնել, որ միջոցառումը եղել է շաբաթ օրը, այդ անվանակոչումը եղել է գյուղի բնակիչների պահանջով՝ ծնողխորհուրդ, մանկավարժական խորհուրդ եւ տնօրինություն։ Իմ հորդորով չեղարկվել է այդ ամբողջը, եւ բոլոր արձանագրություններն ուղարկվել են ԿԳՄՍՆ»,- ասաց մարզպետը։
Փաշինյանը զայրացած ընդհատեց նրան․ «Պարոն Մուրադյան, գյուղի բնակիչները էլ դարդ չունեին, հա՞։ Եկեք անընդհատ հղումներ չանենք գյուղի բնակչությանը։ Բոլորս գիտենք՝ այդ որոշումներ ոնց են կայացվում։ Ես մի օր կգնամ Վահրամաբերդ, հլա կտենամ՝ այդ ի՞նչ վիճակ եք ստեղծել Վահրամաբերդում, որ Վահրամաբերդի բնակիչները ոչ պրոբլեմ ունեն, ոչ խնդիր ունեն, ոչ դարդ ունեն, ոչ ցավ ունեն, իրենց միակ խնդիրը դասարանն անվանակոչելն է։ Անվանակոչեք դասարանն ու վերջ, դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նիկոլ Փաշինյան․ «Ես մի օր կգնամ Վահրամաբերդ, հլա կտենամ՝ այդ ի՞նչ վիճակ եք ստեղծել Վահրամաբերդում, որ Վահրամաբերդի բնակիչները ոչ պրոբլեմ ունեն, ոչ խնդիր ունեն, ոչ դարդ ունեն, ոչ ցավ ունեն, իրենց միակ խնդիրը դասարանն անվանակոչելն է։»
Յոզեֆ Շվեյկ․ «— Ո՞ր դասի մեջ մտցնեմ նրան, — և նրա գիտակցության մեջ քանի գնում, այնքան որոշակի էր դառնում «կիսատռան» անունը։ Զինվորական բառապաշարի մեջ «տռան» բառը վաղուց ի վեր մեծ սեր էր վայելում։ Անպիտանության, բծախնդրության ու հիմարության բարձրագույն աստիճանը արտահայտվում էր «տռան» բառով։ Այդ բառն իր մեջ ամփոփում էր ամեն ինչ… Բայց քաղաքացիական տռանի և զինվորական տռանի միջև մեծ տարբերություն կար։ Առաջինը՝ քաղաքացիականը, նույնպես պետ է հանդիսանում, և սովորաբար հիմնարկներում նրան այդպես անվանում են ցրիչներն ու աստիճանավորները։ Նա ֆիլիստեր-բյուրոկրատ է, որը հանդիմանում է, օրինակ, այն բանի համար, որ սևագրությունը ծծանով լավ չեն չորացրել և այլն։ Նա բացառիկ ապուշ է և անասուն, ավանակ, որը խելոք է ձևանում, ցույց տալիս, թե իբր ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ կարողանում է բացատրել…»
Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»