Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական դիտորդների հեռացումը կարող է խաթարել սահմանային իրավիճակի վերահսկումը և նպաստել լարվածության աճին. ԱԺԲ

Նոյեմբեր 28,2024 13:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական դիտորդներին հեռացնելու վերաբերյալ հայտարարության դատապարտում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային-ժողովրդավարական բևեռը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական փաստացի սահմանի մի մասից եվրոպական դիտորդներին հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը։

Այս քայլը վտանգում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և հակասում է մեր ազգային շահերին։ Այս հայտարարությամբ, որը հետևանք է Ադրբեջանի պահանջի, Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու, թե Հայաստանում ով և որտեղ կարող է տեղակայվել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ավարտուն գործընթաց չկա։ Խաղաղության և սահմանի հստակեցման վերաբերյալ չկա որևէ միջպետական պայմանագիր։ Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են, և որևէ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։

Այս պայմաններում եվրոպական դիտորդների ներկայությունը կարևոր է սահմանային կայունության և անվտանգության ապահովման համար։ Եվրոպական դիտորդների հեռացումը կարող է խաթարել սահմանային իրավիճակի վերահսկումը և նպաստել լարվածության աճին։

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պահանջել ՀՀ իշխանություններից վերանայել այս որոշումը և ապահովել միջազգային դիտորդների շարունակական և տևական ներկայությունը սահմանային գոտիներում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղության։

Մենք մեր երախտիքի խոսքն ենք հղում բոլոր այն երկրներին, որոնց ներկայացուցիչները իրականացնում են դիտորդական առաքելությունը։ Մենք դիմում ենք ժողովրդավար և տարածաշրջանի կայունությամբ իսկապես մտահոգ բոլոր բարեկամ երկրներին՝ մեծացնել դիտորդների թիվը և ընդլայնել դիտորդական ու խաղաղապահ գործառույթի շրջանակը։

Եվրոպական դիտորդների ներկայությունը պետք է դիտարկվի որպես անվտանգության կարևոր բաղադրիչ, և նրանց հեռացման որոշումը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով Հայաստանի և տարածաշրջանի երկարաժամկետ շահերը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930