Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ պետական օրհներգի նոր տարբերակի մասին նախագիծը։ Նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավորներն են՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ՝ ՀՀ-ում եւ միջազգային հարթակներում ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների եւ օրենքով սահմանված դեպքերի համար։ «Եթե գործող օրենքով պարտադիր է օրհներգի կատարումը դպրոցներում եւ բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաեւ քոլեջներում եւ մանկապարտեզներում։ Եթե գործով օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման եւ փակման ժամանակ, ապա նախագծով այն նաեւ պարտադիր է դառնում այդ ընթացքում տեղի ունեցող պարգեւատրման արարողությունների ժամանակ»,- նշեց նա։
Դանիել Դանիելյանը նշեց, որ հիմնի դինամիկա ստեղծելու նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստում՝ այն վերադասավորելով պետական քաղաքականության տրամաբանությամբ՝ արժեւորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, Հայաստանի դրոշն ու պետականությունը, ինչպես նաեւ քաղաքացուն։ «Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, հետեւաբար, երկրորդ եւ երրորդ քառատողերը համապատասխանաբար դառնում են երրորդ եւ չորրորդ»,- ասաց նա։ Դանիելյանը հավերեց, որ օրհներգը եզրափակվում է հետեւյալ ուղերձով․
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դանիել Դանիելյանն ասաց, որ օրհներգի ամբողջ տեքստը մնացել է, պարզապես տեղափոխություն է տեղի ունեցել։ «Թող միշտ պանծա Հայաստան»-ը, նրա խոսքով, ուղերձ է այսօրվա քաղաքացուն։
Անդրադառնալով հարցին, որ այդ բանաստեղծությունը հեղինակային իրավունք է, ինչպե՞ս են իրենք փոփոխել, փոխնախարարը պատասխանեց․ «Ե՞րբ է գրվել այդ հիմնը Միքայել Նալբանդյանի կողմից։ Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացու աղջկա երգը», որը ուրիշ տրամաբանությամբ եւ ուրիշ ակնկալիքներով ստեղծագործություն է եղել։ Իսկ հիմա մենք խոսում ենք պետական օրհներգի մասին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Օրհներգի նոր տեքստն առանց օրենքի փոփոխության արդեն հնչել է պաշտոնական միջոցառումների ժամանակ: «Ազատության» լրագրողն էր նկատել, որ վարչապետ Փաշինյանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմը՝ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ, օրեր առաջ ծափահարել են Երևանի կամերային երգչախմբի կատարումից հետո։ Միայն թե այստեղ հնչում է ոչ թե Հայաստանի պետական օրհներգը, որ ամրագրված է օրենքով, այլ այն վերադասավորված տարբերակը, որ իշխանական երեք պատգամավորներ են շրջանառում. «Իշխանականների վերափոխած տեքստը հնչեցնում է Երևանի պետական կամերային երգչախումբը։ Գուցե նրա՞նք ասեն, թե ով է հուշել վերուվար անել քառատողերը։
«Չեմ կարող ասել, բայց վարչապետի անձնակազմից է այդ ցանկությունը հնչել։ Մեզ տվել են այդ տարբերակը, մենք այդ տարբերակն ենք կատարել։ Դա վերջնական պետական որոշում է եղել», – պատասխանեց Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Եվա Խաչատրյանը։
Նա հավելեց՝ ամիսներ շարունակ երգում են հենց այսպես։ Իսկապես խորհրդարանի նստաշրջանի հանդիսավոր բացումն էլ էր օրենքից տարբերվող տեքստով։
Այն, որ նստաշրջանը բացվել է օրենքով չնախատեսված օրհներգով, կադրերից դատելով՝ ընդդիմադիրներն էլ չեն կռահել, կարծես թե իշխանականներից շատերը՝ նույնպես»: