Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի կապը Քլոյանների հետ. Քոչարյանի պաշտպանը տվյալներ ներկայացրեց

Նոյեմբեր 28,2024 13:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստում Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը նիստը նախագահողին հարց տվեց նաեւ նրա՝ 2018-ին «Իմ քայլը» նախընտրական դաշինքի պատգամավորի թեկնածու լինելու վերաբերյալ:

«Չափազանց կարեւոր կլիներ, որ բացահայտվեր՝ ինչպես է եղել, որ դուք դարձել եք «Իմ քայլը» նախընտրական դաշինքի անդամ: Չափազանց կարեւոր կլիներ, որովհետեւ հանրության համար պետք է ընկալելի լինեք, պետք է Ձեզ ընկալեն որպես անաչառ դատավոր… Եկեք պատկերացնենք, որ դուք ունեք առնչություն սույն վարույթով որպես տուժողի իրավահաջորդ ներգրավված պարոն Քլոյանի հետ, ով նստած է այստեղ կամ նրա ընտանիքի անդամի հետ: Եթե հիմա նման հանգամանք պարզվի»,- ասաց Վարդեւանյանը:

-Բայց հայտնի՞ է նման հանգամանք,- հետաքրքրվեց նիստը նախագահողը:

-Պատվարժան դատարան, դուք մասնակցել եք «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, Քլոյան Անուշը Սարգսի եւս մասնակցել է, ես սա քննադատությամբ չեմ ասում,- ասաց փաստաբան Վարդեւանյանը:

-Իսկ ո՞վ է Քլոյան Անուշը,- հետաքրքրվեց նիստը նախագահողը:

-Քլոյան Անուշը հայրանունով Սարգսի, հավելյալ էլ ի՞նչ հանգամանք բացահայտեմ:

Դատարանի դահլիճում գտնվող տուժող Սարգիս Քլոյանը ոտքի կանգնեց ու հաստատեց, որ իր դուստրն է. «Անուշ Քլոյանը 2008 թվականի մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի քույրիկն է, Սարգիս Քլոյանի դուստրն է»:

Նշենք, որ Անուշ Քլոյանը նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է:

-Ես չգիտեի,- վստահեցրեց դատավորը:

-Պատվարժան դատարան, եթե դուք մասնակցել եք մի գործընթացի, ներգրավված եք եղել կուսակցությունների դաշինքի մեջ՝չիմանալով ում հետ եք ներգրավված, դա մեկ խնդիր: Կներեք, առնվազն նույնիսկ խորին հարգանքով լցված լինելով ձեր նկատմամբ էլ՝ ես չեմ կարող հավատալ: Լավ, եթե ես չհավատամ, անաչառ դիտորդը ոնց հավատա: Դուք այս գործով տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձի մերձավոր ազգականի հետ քաղաքական գործընթացի մեջ եք մասնակցել, մի դաշինքում եք եղել:

Արամ Վարդեւանյանը նկատեց, այ եթե իր հետ մի դաշինքում եղած լիներ նիստը նախագահողը՝ մեղադրողները չէին էլ թողնի, որ գործը հասներ դատավորին, հենց մակագրումը տեսնեին՝ բացարկի միջնորդությունն արդեն ուղարկված էր լինելու, բայց նիստը նախագահողը մինչ այդ ինքնաբացարկը ներկայացրած կլիներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930