Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որեւիցե կոռուպցիոն բնույթի երեւույթների հետ առնչություն չեմ ունեցել»․ Քննչական կոմիտեի նախագահը տեղյա՞կ չէ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը

Նոյեմբեր 28,2024 13:20

«Ես ընդամենը կարող եմ հավատացնել, որ որեւիցե կոռուպցիոն բնույթի երեւույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ ունեմ։ Իմ առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը։

Օրերս Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Ես կարող եմ հաստատել, որ պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում: Եվ ուզում եմ ասել Ձեզ նաև, որ եթե չեմ սխալվում՝ 2020 թվականին կամ գուցե ավելի ուշ, Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերն այն ժամանակ ես ստացել եմ, և շատ խորն ուսումնասիրություն է իրականացվել, և այդ ահազանգերը, որ այսօր հրապարակային վերակենդանացրել են՝ հերքվել են և հիմնավոր ձևով են հերքվել: Հետագայում Արթուր Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ, և իհարկե, որոշ ժամանակ առաջ այդ մասին արդեն քննարկումներ եղել են, և այդ ահազանգերը նորից վերակենդանացել են, և ևս մեկ անգամ ստուգվել են ու ևս մեկ անգամ հերքվել: Հիմա այդ ահազանգերը ես տեսա, որ հրապարակային էլի կան, այդ ահազանգերը ևս մեկ անգամ կստուգվեն, քանի որ երկու անգամ շատ խորն ուսումնասիրության արդյունքում հերքվել են, հավանականությունը մեծ է, որ դրանք այս անգամ էլ կհերքվեն: Երբ հերքվեն՝ իմ այդ նպատակադրումը՝ նրան առաջադրելու Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում, կդառնա իրականություն»։

Լրագրողներն Արթուր Պողոսյանին հարցրին, թե ի՞նչ ահազանգի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը։ «Տեղյակ չեմ»,- պատասխանեց նա։ «Ինձ առաջին հերթին հետաքրքիր է իմ գործառույթները պատշաճ կատարելը»,- հավելեց Պողոսյանը։

Դիտարկմանը, որ իրեն կապում են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, Արթուր Պողոսյանը պատասխանեց․ «Ինձ շատ մարդու հետ կարող են կապել, ինձ առաջին հերթին կապեք պետության հետ»։

Հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արգիշտի Քյարամյանին, պատճառները հայտնի՞ են, նա պատասխանեց․ «Կներեք, պաշտոնը երբեւիցե հավերժ չէ, մի օր աշխատանքի ենք, պաշտոնավարում ենք եւ մի օր պետք է պատրաստ լինենք լքել այդ պաշտոնը, դա ողբերգություն չէ։ Ես պատրաստ եմ ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը եւ երկրի ղեկավարությունն ունեն։ Աշխատանքը գնահատելու է հանրությունը, հասարակությունը։ Ես ինքս իմ աշխատանքը երբեք չեմ գնահատելու, դա լինելու է տեսանելի եւ շոշափելի։ Այսինքն՝ եթե հանրության շրջանում արդարության զգացողությունը չլինի, ուրեմն խնդիր կա»։

Լրագրողները նաեւ հիշեցրին, որ խոշտանգումների վերաբերյալ ահազանգեր կան, այդ թվում՝ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ եւ հարցրին՝ ուսումնասիրվելո՞ւ են այդ դեպքերը։ Արթուր Պողոսյանը պատասխանեց․ «Յուրաքանչյուր հուզող հարց, քրեական վարույթ, անկախ իր բնույթից, տեսակից, հնչեղությունից, բնականաբար, կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է հայտնվելու։ Եվ դա ունենալու է որեւէ տեսակի ավարտ։ Ես պատրաստ չեմ այսօր կոնկրետ քրեական վարույթներ քննարկել ձեզ հետ։ Եվ քրեական վարույթներով բնականոն եւ արդյունավետ նախաքննության ապահովման պարտականությունն արդեն իսկ կրում եմ ես»։

Աննա Վարդապետյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունի, հարցին էլ պատասխանեց․ «Շատ նորմալ, բնականոն ու աշխատանքային»։ Այն տեղեկություններին, որ Քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության միջեւ խնդիրներ կան, նա պատասխանեց, որ դրանք ասեկոսեներ են․ «Այսօր որեւիցե մեկը նեղ գերատեսչական շահով առաջնորդվելու իրավունք չունի, այսօր բոլորին առաջնորդելու է բացառապես պետական եւ հանրային շահը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930