Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հայրենասիրությունից եք խոսում՝ ավելի հայրենասեր մարդ, քան ես եմ՝ չեմ պատկերացնում. դատավոր Սարգիս Պետրոսյան

Նոյեմբեր 28,2024 12:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթակաները սահմանադրական կարգը տապալելու հոդվածով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էին դեռ 2021-ին: Արդարացումից 3 տարի անց Վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, գործն ուղարկեց նոր քննության:

Այսօր նիստի մեկնարկին նիստը նախագահող դատավորը հետաքրքրվեց դատավարական կողմերից՝ արդյոք ունեն դատավորի նկատմամբ բացարկի միջնորդություն:

Ի պատասխան Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց. «Ունենք, բայց ստիպված ենք չհայտնել, քանի որ հայտնելու դեպքում ՀՀ-ն կունենա լրջագույն խնդիրներ; Ձեզ արդեն ներկայացվել է ԵԽԽՎ նախագահի նամակը, որտեղ նա իր մտահոգություններն է հայտնում պարոն Գեւորգյանի անձեռնմխելիության խախտման հետ կապված, եթե այսպես շարունակվի՝ ՀՀ-ն կունենա լրջագույն խնդիրներ»:

Դատարանն էլ արձանագրեց, որ բացարկի միջնորդություն չներկայացվեց:

Սեյրան Օհանյանն էլ բացարկի միջնորդության վերաբերյալ ասաց՝ պետք է հասկանանք, չէ՞, գործն ինչում է, որ բացարկ ներկայացնենք կամ չներկայացնենք. «Մենք չունենք որեւէ կարգավիճակ, մեղադրյալի կարգավիճակ, մնացածը թող փաստաբաններն ասեն»:

Նիստը նախագահողն էլ պարզաբանեց՝ ձեր կարգավիճակը դեռ չի վերացվել:

«Մեզ պարզ չեք բացատրել` ինչի համար ենք այստեղ հավաքված ու ինչ մեղադրանք է մեզ ներկայացված»,- հակադարձեց Սեյրան Օհանյանը:

Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ հայտնեց, որ այսօր ինքը այլ բանի էր սպասում, որ այն փաստաթղթերը, որոնք դատարանին են ներկայացվել՝ հասու կլինեն նաեւ իրենց, մինչդեռ դատարանն այլ հարց է քննարկում: Նրա խոսքով, բացարկի միջնորդության հիմքեր կան, բայց այսօր գրավոր չի ներկայացնի:


Երբ դատարանը բացարկի վերաբերյալ հարցը ուղղեց Ռոբերտ Քոչարյանին, նա պատասխանեց՝ լիքը հիմքեր կան բացարկի միջնորդության, բայց խոսքը փոխանցեց իր պաշտպաններից Արամ Վարդեւանյանին:

Նա նկատեց, որ բացարկի միջնորդություն ներկայացնելուց առաջ պետք է լսի դատավորին ուղղված իր մի շարք հարցերի պատասխանները ու սկսեց հարցերը. «Նշված անձինք Արցախի հանրապետության հետ ուղիղ առնչություն ունեցող անձինք են, ակունքներում կանգնած անձինք, ինքնորոշման իրավունքի մարտիկները, ազատագրման, մեր հաղթանակների ակունքներում կանգնած մարդիկ: Ի՞նչ վերաբերմունք ունեք Արցախի հանրապետությանը, այն ձեզ համար գոյություն ունի՞, թե՞ չունի: Ես կուզեի այդ հարցը տալ, եթե ասեիք, Արցախը մեր հողն ու ջուրն է, շատ հնարավոր է՝ իմ մտահոգությունների փարատմանն ուղղված էական իրավիճակում հայտնվեի:

Դուք չեք պատասխանելու այդ հարցին, ցավում եմ, որ չեք ցանկանում պատասխանել այդ հարցին»:

Նիստը նախագահող դատավորը նկատեց, որ վարույթի առարկայի հետ կապ չունեցող հարցեր են բարձրացվում, ինքն էլ ի պաշտոնե ունի կաշկանդվածություն հայտարարություններ անելու համար, բայց հավելեց. «Եթե հայրենասիրությունից եք խոսում՝ ավելի հայրենասեր մարդ, քան ես եմ՝ չեմ պատկերացնում»:

Հետո նիստը նախագահողը ոտքի կանգնել տվեց Ռոբերտ Քոչարյանին՝ հիշեցնելով, որ նա եղել է ՀՀ 10 տարվա նախագահ, Արցախի երեք տարվա նախագահ: Քոչարյանը սրտնեղեց՝ ասելով, այդքանն ինձ ոտքի պիտի կանգնեցնեիք, նո՞ր ասեիք, կարող էիք ասել առանց իմ ոտքի կանգնելու:

Նիստը նախագահողը նաեւ շարունակեց հպարտանալ. «Պատմությունը լավ ուսումնասիրել եմ, պատմական Հայաստանի սահմաններին լավագույնս տիրապետում եմ, այսքանով սահմանափակվենք, պարոն Վարդեւանյան»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930