Կառավարության այսօրվա նիստում նշանակվեցին Քննչական կոմիտեի եւ ՊԵԿ նոր նախագահները։ Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ, իսկ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ Քննչական կոմիտեի նախագահ։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Եվ պարոն Պողոսյանը, եւ պարոն Հակոբյանը նոր մարդիկ չեն մեզ համար։ Պարոն Պողոսյանն արդեն շուրջ երկու տարի Գլխավոր դատախազի տեղակալ է, պարոն Հակոբյանն արդեն շուրջ տարի ֆինանսների նախարարի տեղակալ է։ Դրանից առաջ էլ նրանք աշխատել են համակարգում»։
Արթուր Պողոսյանն իր խոսքում նշեց․ «Հավաստիացնում եմ, որ մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս եւ գիտելիքներս ծառայեցնելու եմ ՀՀ օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման եւ քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքներն արդարացնելու գործում։ Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առաջ հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ եւ նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության եւ արդարադատության զգացողության ամրապնդմանը»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռազմավարական խնդիրը հետեւյալն է, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր եւ համատարած արդարության զգացում եւ արդարություն ու արդարադատություն հասկացությունները լինեն համարժեք։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ