Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը գերագույն արժեք է

Նոյեմբեր 28,2024 12:30

Օրերս սունդուկյանցիների կյանքում ուշագրավ իրադարձություն էր, բայց ոչ միայն հերթական պրեմիերայի կապակցությամբ: Էժեն Իոնեսկոյի աբսուրդ ժանրի «Ռնգեղջյուր» պիեսը, որ 1960 թվականին Փարիզի «Օդեոն» թատրոնում ներկայացվելուց ի վեր խաղացվել է բազմաթիվ անգամներ, այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի բեմադրական վարկածի շնորհիվ մի նոր շունչ առավ՝ մեր օրերին եւ ոգուն համապատասխան: Եվ դա հասկանալի է, երեւանցիները վաղուց կարոտ էին այսպիսի անակնկալի: Ի՞նչը կարող էր ցնցել խորը թմբիրի մեջ նիրհած հասարակությանը, եթե ոչ նրա հետ խոսելը հենց իր մասին՝ պատվանդանին խոյացնելով մարդկային արժանապատվությունը:

Հակառակ տարածված այն մտայնությանը, թե Իոնեսկոյի պիեսը «հակաֆաշիստական քարոզչություն» է, Էլբակյանը գալիս է մեր օրեր՝ զերծ մնալով որեւէ սոցիալական պաթոսից։ Արդյո՞ք հեշտ է պահպանել սեփական դեմքն այն միջավայրում, որտեղ հաղթում է կոլեկտիվ հարմարվողականությունը: Հնարավո՞ր է չընկնել մեծամասնության իշխանության տակ։ Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է տեղի ունենում մարդկային գիտակցության համատարած մուտացիան: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները փորձել է գտնել բեմադրիչն իր գործընկերների հետ (նկարիչ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչ՝ Մարինե Թադեւոսյան, պլաստիկան եւ երաժշտական ձեւավորումը՝ Հայկ Իսրայելյանի):

Մեր առջեւ է մաքուր հարավեվրոպական մի քաղաք՝ տների արեւից սպիտակեցված պատերով, կոկիկ կտրված ծառերով եւ խայտաբղետ բնակիչներով: Կյանքը հոսում է իր սովորական հանգիստ հունով. հնչում է մեղմ շանսոն, սրճարանում սեղանի շուրջ նստած մի քանի պարոններ անվերջ զրուցում են, տղամարդիկ սիրաշահում են կանանց, վերջիններս էլ կոկետոթյուն են անում… Հանդարտ կյանքը անսպասելիորեն խաթարվում է, քանի որ քաղաքում  ռնգեղջյուր է հայտնվում… Աստիճանաբար այդ կենդանիները շատանում են` վախ եւ խուճապ առաջացնելով, բայց ժամանակի ընթացքում հետզհետե հարմարվում են` մեկ առ մեկ վերածվելով ռնգեղջյուրների։ Եվ միայն մեկը՝ Բերանժեն, որ թվում էր ամենակամազուրկ ու թույլն է (դերակատար՝ Ստեփան Ղամբարյան), չի ենթարկվում այդ համընդհանուր փոխակերպումների «համաճարակին»: Մինչդեռ նրա ընկերոջ՝ Ժանի կերպարանափոխությունն էլ ռնգեղջյուրի՝ խորհրդանշում է իշխանության հասնելու եւ կառավարելու նրա խորը ցանկությունը: Թեեւ առաջին հայացքից Ժանը երեւում է կոնֆորմիստ եւ ճշտապահ, նրա մեջ կատարվող փոփոխությունները վերջին հաշվով բացահայտում են իրական էությունը՝ ընդգծելով, որ արտաքին տեսքը կարող է միանգամայն խաբուսիկ լինել:

Ներկայացումը տեղ-տեղ համահունչ է ֆանտաստիկ ռեալիզմի ձեւաչափին, որն իրականացվում է ռեժիսորի հարուստ երեւակայությամբ եւ դերասանական խաղի հմտությամբ: Ներկայացմանը հատուկ է բեմավիճակների սուր արտահայտչականությունն ու կատարողական արվեստի կատարելությունը։ Սկզբում այն նման է թեթեւ ֆրանսիական կատակերգության, բայց հետզհետե համաճարակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում, եւ ռնգեղջյուրի «վիրուսի» ներխուժմանը զուգահեռ, գործողությունը լրջանում է, ահագնացող զգացումն էլ՝ սաստկանում: Ներկայացումը հարստանում է հոգեբանական մոտիվներով, որոնք ուղեկցվում են ռոմանտիկական ինտոնացիաներով: Ի վերջո պարզվում է, որ անգամ սերն ստեղծված իրադրության մեջ անխուսափելիորեն դատապարտված է՝ Դեյզին (դերակատար՝ Ջուլիա Մովսեսյան) թողնում է իր սիրեցյալ Բերանժեին եւ գնում է միանալու ռնգեղջյուրների հոտին:

Իսկ ինչքա՞ն կարող է առողջ եւ թույլ մարդը դիմակայել այդ հավաքական խելագարությանը: Պատասխանը ամփոփվում է հերոսի ճիչով՝ «Ես ուզում եմ մարդ մնալ»:

Գրիգոր ՕՐԴՈՅԱՆ

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
27.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930