Լրահոս
Օրվա լրահոսը

Բոցաշունչ ճառերը մի կողմ

Նոյեմբեր 28,2024 12:00

Հայաստանի համար խիստ կարեւոր հարցերում Հայաստանի իշխանությունները ինչ-որ պահից սկսած գործնականում հակադրվելո՞ւ են Մոսկվայի ու Բաքվի մոտեցումներին

«Известия» թերթին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը որոշ ուշագրավ գնահատականներով էր օրերս հանդես եկել: «Ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը մանրակրկիտ եւ շատ պատասխանատու գործընթաց է։ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որքան հնարավոր է շուտ հաստատվի կայուն խաղաղություն։ Միեւնույն ժամանակ կարեւոր է, որ տարածաշրջանի համար այդ ճակատագրական փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդար լուծման վրա՝ առանց կողմերից որեւէ մեկի համար «դառնության զգացողության», – նշել էր դեսպանը։

«Ռուսաստանը մշտապես պատրաստ է տրամադրել մեր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին աջակցություն երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների ոգուն եւ տառին համապատասխան։ Այդպիսի աջակցության ձեւերը եւ ծավալները որոշելու են հենց բանակցող կողմերը», – հավելել է Կոպիրկինը։

Դեսպանի խոսքի տողատակերից կարելի է ենթադրել, որ Մոսկվան չի ցանկանում, որպեսզի կողմերը շտապեն եւ խաղաղության համաձայնագիր ստորագրեն: «Փոխադարձ մտահոգությունների արդար լուծում» ասելով` ի՞նչ նկատի ունի ռուսական կողմը: Արցախահայության վերադարձի իրավո՞ւնքը իրենց հայրենիք, թե՞ նրանց ինքնորոշվելու իրավունքը:

Ռուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան, նշել է Հայաստանում ՌԴ դեսպանը: Այսպես է նա պատասխանել հարցին, թե ՀԱՊԿ-ում իր աշխատանքները սառեցրած Հայաստանը նոյեմբերի 28-ին կմասնակցի՞ Աստանայում կայանալիք նիստին եւ արդյոք Ռուսաստանը հավատարի՞մ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։ Կոպիրկինը վստահեցրել է՝ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։

Իսկ որքանո՞վ է «արդար» Ադրբեջանի այսօրվա իշխանությունների պահվածքը Հայաստանի նկատմամբ, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այստեղ որեւէ ասելիք չկա՞…

Ռուսաստանն ակնկալում է այս տարի հասնել Հայաստանի հետ ռեկորդային՝ 14-16 միլիարդ դոլարի չափով ապրանքաշրջանառության, նշել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ըստ դեսպանի` երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգանում են ԵԱՏՄ շրջանակներում։ Այս գործընթացում մեծ նշանակություն ունեն ԵԱՏՄ կառույցների կողմից առեւտրային եւ վարչարարական խոչընդոտների վերացման ուղղությամբ կատարվող ջանքերը, որոնք նպաստում են մասնակից երկրների անցմանը միասնական ստանդարտների։

Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 4 միլիարդ դոլար։ 2024թ. առաջին կեսում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8.3 միլիարդ դոլարը, ինչը գերազանցում է նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը՝ 7.4 միլիարդ դոլար։ «Հուսով ենք պահպանել այս տեմպերն ու հասնել ռեկորդային 14-16 միլիարդ դոլարի»,- հավելել է Կոպիրկինը։ Բացի այդ, կողմերը աշխատում են Հայաստանում տնտեսական նախագծերի իրականացման վրա, որոնք ուղղված են արդյունաբերության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ հարկային մուտքերի աճին, նկատել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը։

Մոսկվան Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում մրցավարի իր դերակատարությունն ամրապնդելու հարցում, ինչպես նկատում ենք, հետեւողական ջանքեր է գործադրում: Հայաստանի եւ Արեւմուտքի շփումները, մասնավորապես ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը, ցավոք, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Ռուսաստանը, սվիններով ընդունեցին ու անհաշտ պայքար են մղում ընդդեմ նրանց գործունեության:

Ամբողջ խնդիրը, սակայն, հետեւյալն է` Հայաստանի համար խիստ կարեւոր հարցերում Հայաստանի իշխանությունները ինչ-որ պահից սկսած գործնականում հակադրվելո՞ւ են Մոսկվայի ու Բաքվի մոտեցումներին:

Մի պահ մոռանանք, թե ինչ են ասում իշխանության ներկայացուցիչները եւ ինչ բոցաշունչ ելույթներ են նրանք ունեցել Ռուսաստանի վերաբերյալ: Նախ, դրանք վերջին շրջանում ակնհայտորեն նվազել են, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում ընդգծված ջերմություն է ի ցույց դնում:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ասում է, Ռուսաստանում կարծում են, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան: Իսկ Հայաստանի իշխանությունները գործնականում իրենց տեսլականով ու վարած քաղաքականությամբ ապացուցել են, որ` ո՛չ, կա այդպիսի այլընտրանք…

Դեսպան Կոպիրկինը նաեւ վստահեցրել է, որ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։ Իսկ Հայաստանի վարչապետն ինչո՞ւ հանկարծ հայտարարեց, որ Երեւանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից, ըստ էության, հաստատելով խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի երեք պահանջները, որոնք օրերս Բաքվից գաղտնազերծել էին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930