Ուշացումը բացատրվում է քննիչների ծանրաբեռնվածությամբ:
Բայց որ Երեւանում օրական տեղի է ունենում 130-ի հասնող վթար, դա փաստ է, ընդ որում, ասում են, 7-8-ը՝ ճանապարհային ոստիկանության մասնակցությամբ: Դրանց թիվը կնվազի, եթե շեշտակիորեն բարձրացվեն ոչ միայն տուգանքի, այլ զրկումների տեւողության եւ քննությամբ վարորդական իրավունքի ստացման տուրքի չափերը:
Ո՞վ է մեղավոր Գյուլբենկյան -Քոչար խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի եւ դրան հաջորդող գործընթացների ժամանակ՝ օրենքի ճկունությո՞ւնը, «Լիգա ինշուրանս» ապահովագրական ընկերությո՞ւնը, քննչական մարմի՞նը, թե՞ ամիսներ առաջ վարորդական վկայական ձեռք բերած Նոնա Հ.-ն, որ մինչ այս, իր տան դռանը հետադարձ կատարելիս բախվել է ամուսնու կայանած մեքենային՝ պատճառելով ֆինանսական վնաս: Իսկ միգուցե միջին ծանրության վնասվածք ստացած Մարգարիտա Մովսիսյա՞նը, ով լուսացույցի թույլատրող ազդանշանի պայմաններում մուտք գործելով հետիոտնային անցուղի, փորձել է առաջանալ: Եթե տուժողը նախապես իմանար հինգ ամիսների իր գլխի գալիքը, հետաքրքիր էր, ինչպե՞ս կվարվեր: Նույնկե՞րպ, թե՞…
Ուշքի գալով ցավերից, նա դրսեւորել է մարդկային վերաբերմունք: Տեղեկանալով, որ հանցանք կատարողը երեք անչափահաս երեխաների եւ իր դստեր տարիքի երիտասարդ մայր է, ականատես գործընկերների «թելն է թելել». «Աղջիկ ջան, փառք Աստծո, ողջ եմ մնացել, որ բողոքեմ, միանգամից հո՞ չեմ առողջանալու»:
Կարդացեք նաև
Այլայլվածությունը տեղի է տվել լավատեսությանը: Որքան էլ տարօրինակ է, հենց այդ պահից ծայր են առել ոչ մասնագիտական մոտեցումներ, եթե կուզեք՝ անգրագիտություն եւ իմիջիայլոցության դրսեւորումներ՝ սկսած պարեկների ահազանգով դեպքի վայր ժամանած շտապօգնությունից: Մոտենալով «զոհին» եւ հարգելով նրա հոսպիտալացումից հրաժարումը, հետ են գնացել: Իսկ պրոֆեսիոնալ ոստիկանը ռեալ գնահատելով տուժողի վիճակը, կրկնակի կանչով ապահովել է ծառայության նույն 11 խմբին: Ու …ոչ մի արձագանք, միջամտություն՝ զրո: Նույնիսկ այն դեպքում, երբ երկու քաղաքացիներ են տուժողի թեւերն ընկած մոտեցրել շտապօգնության մեքենային: Ավելին, սպիտակ խալաթավորները հեգնական հայացք են նետել դեպի այդ կինը, որ դիտողություն է արել. «Չե՞ք տեսնում, որ լուրջ խնդիր կա, ինչո՞ւ չեք պատգարակով տեղափոխում»:
«Արմենիա» բժշկական կենտրոնում բուժառուին դիմավորել են «գրկաբաց»՝ սայլակով, իսկ ռենտգեն կաբինետում արժանացրել նախատինքի. «Տիկին ջան, ինչո՞ւ ես դանդաղ շարժվում…»:
Օգնող ձեռքի պակասից, նա ստիպված, ուժերի գերլարումով սեղանից ինքնուրույն է իջել, ախտորոշումը՝ «զույգ ստորին վերջույթների վնասվածքներ»:
Բժիշկ Արսեն Կիրակոսյանը ճիշտ դուրս եկավ. նստոսկրի եւ ցայլոսկրի փակ կոտրվածքների լիովին ապաքինումը երկարատեւ է, ավելի քան վեց ամիս: Ժամանակ դեռ կա, բայց դա չի խանգարում փորձառու մասնագետին շնորհակալություն հայտնել նաեւ մանրակրկիտ ցուցումների համար. «Խորհուրդ է տրվում տեղափոխել տուն շտապօգնության մեքենայով՝ պառկած վիճակում, անկողնային ռեժիմ՝ հինգ շաբաթ հակապառկելախոցային ներքնակով…»: Իսկ հիվանդին դուրսգրման ժամանակ մահճակալից պատգարակի վրա տեղափոխումն անձամբ ինքն է կատարել:
Եվ նույնը պետք է տեղի ունենար տանելիս:
Բայց այստեղ էլ վճարովի ծառայություն մատուցող շտապօգնության անձնակազմը բնավորություն դրսեւորեց. երկու բուժաշխատողներ ձեռքերը ծալած դիտորդի դերում էին: Վարորդը եւ հարեւանս մի կերպ ննջասենյակ հասցրին: Ինքս անկարող էի՝ ողնաշարի լուրջ պրոբլեմով: Ես, որ ութ ամիս հոգս էի կնոջս, դերերով փոխվեցինք:
Մի կարգազանցի պատճառով տասնապատկվեցին խնդիրները, մտածմունքներս ցիր ու ցան եղան: Հարկադրված էի Վանաձորում կազմակերպել կնոջս 90-ամյա միայնակ հոր խնամքը՝ ինքներս խնամքի կարոտ: Օնլայն տարբերակով ամենօրյա սննդի հարցը դարձել էր հարց:
Նոնա Հ.-ն, որ հիվանդանոցային առաջին իսկ օրից լավատեղյակ էր մեր փոխված կյանքի որակից, օր օրի շտրիխում էր իր դիմագիծը՝ գոհանալով, որ ոչ մի պահանջ չենք դրել, սպասելիքներ՝ առավել եւս: Ստացիոնար, թե ամբուլատոր բուժման ընթացքում նա մասնակցել է այնքանով, որքանով: Ինչ արել է, արել է բժիշկների հետազոտությունների հիման վրա, օրենքի շրջանակներում: Իսկ մենք՝ հոգու եւ իրավիճակի թելադրանքով, առանց դիմացինին նեղություն տալու, երբեմն նրբանկատորեն իրազեկել, որ վրաերթի հետեւանքով առաջացած բուժման գործընթացը հարթ ու սահուն չի անցնում, կինեզոթերապիային հաջորդել է ոտնաթաթի սոնոգրաֆիա, անոթների դուպլեքս, վենոլենի ձեռքբերում, տեղաշարժի համար տրանսպորտային պատվերներ, անաշխատունակության թերթի շարունակելիության համար՝ նախատեսված կարգով ստուգում: Ի դեպ, համաձայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2024թ. օգոստոսի 23-ի որոշման, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը կազմել է 39 տոկոս, ինչը նշանակում է հաշմանդամության կարգ:
Տուժողը երեք ամսվա անաշխատունակության թերթիկով աշխտավարձից 72 հազար դրամ պակաս գումար է ստացել, հետո աշխատանքի գնացել-եկել է տաքսիով…
Այսքանից հետո ինչպես կարող է հարց չառաջացնել երիտասարդ կնոջ իներտությունը, մարդկային ուշադրության պակասը: Հինգ ամիսների ընթացքում զանգահարել է նույնքան անգամ, ընդ որում՝ երկուսը ծնողի եւ իմ հորդորից հետո:
Անտարբերությունը հաճախ նույն հարցն է բերել՝ բողոքե՞լ, թե՞ ոչ: Ամենեւին էլ հակված չենք եղել օրենքով սահմանված պատժամիջոցներից որեւէ մեկի կիրառմանը, ու շարունակել ենք մնալ բարեհաճության դաշտում, հաշվի առնելով անչափահաս աղջնակների մայր լինելու հանգամանքը: Միայն դա եւ ուրիշ ոչինչ:
Գիտակցո՞ւմ է արդյոք, որ իր արարքի հիմքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներ: Եզրակացություն արե՞լ է: Հուսանք, դա կլինի, որ «հեռախոսի մեջ մտած» մեքենա չի վարի ու կփորձի մի քիչ էլ շրջադարձ կատարել դեպի մարդկային որակներ:
Իմիջիայլոց, իմիջիայլոցությունը առիթ դարձավ բարձրաձայնելու: Սկզբնաղբյուրը ապահովագրական ընկերության թիվ 5446 գրությունն էր. «…որ եթե չներկայացվեն գործն ըստ էության լուծող իրավասու մարմնի կողմից ընդունված վերջնական փաստաթղթերը (օրինակ, քրեական գործը կարճելու մասին որոշում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ), պատահարի սխեման, պատահարի մասնակից կողմերի բացատրությունները, ապա ցուցաբերված բուժօգնության համար ծախսված 146 հազար ՀՀ դրամը հետ վերադարձնել»:
Ինչու է այն հասցեագրվել Մ. Մովսիսյանին, սթրեսի թարմացո՞ւմ է, թե՞ օրենքի կիրառում. տուժողը ոչինչ չունի անելու, ընկերությունն է պարտավոր ամբողջական փաթեթը ստանալ ապահովադրից՝ Նոնա Հ.- ից, ում ընդունված կարգով տրամադրել է ՀԿԳ քննիչ Նարեկ Ստեփանյանը:
Ինքնաճշտումի համար եղա Հյուսիսային պողոտայում տեղակայված «Լիգա Ինշուրանս» ԱՓԲ-ում: Առաջին հարկի աշխատակցուհին կարդալով գրությունը, աչքալուսանք տվեց. «Անհանգստանալու առիթ չունեք, նշված գումարը դուք եք ստանալու» եւ մեկնածս նամակի վրա 012-888888 հեռախոսահամար ավելացրեց, որպեսզի հստակ իմանամ, երբ, ինչպես եմ ստանալու 146 հազար դրամը: Ապշահար առարկեցի:
Գործից անտեղյակների շրջապտույտը ինձ խորքերը տարան: Երեք օր անց կրկին լինելով ընկերությունում, չորրորդ հարկի «բանիմացը» իր ուղղորդումներով գերազանցեց նախորդին՝ տալով 1-02 հեռախոսահամարը: Ոստիկանությունում…. նոր համարներ, նոր հասցեներ՝ այդ թվում եւ ՀՀ քննչական կոմիտեինը: Ի վերջո, 20 հեռախոսազրույցներից հետո հանգուցալուծումը գտա Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում:
«Չեմ կարող ասել, թե Ձեզ ինչու են գրություն ուղարկել, գուցե աշխատանքային գործառույթ է»,-ասաց Ն. Ստեփանյանը եւ ավելացրեց, որ փաթեթն ամբողջությամբ հասցեագրել է օրինախախտին՝ հիշեցնելով տուժողին ներկայացնելը:
Թե ինչո՞ւ մենք իրազեկված չենք, քննիչը դրանում արտառոց ոչինչ չնկատեց, կարեւորը. «Անաչառության մասին չկասկածելն է»: Եվ որպես հավաստում, գաղտնիք բացեց, որ մեղավոր կողմը քանիցս զանգեր է ստացել ժամանակից շուտ վերադարձնելու խնդրանքով ու ինքը մերժել է:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին սխեման, կազմված արձանագրությունները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիր բաժնին հասցեագրված տեղեկանքը եւ ստացված ամփոփագիրը, թիվ 60213024 քրեական վարույթով Մ. Մովսիսյանին տուժող ճանաչելը, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը եւ այլ գրագրություններ կատարվել են նրանց ոճին համահունչ, բայց՝ կլասիկ տարբերակով: Ցավոք, դրանցում հարցադրումների տեղիք տվող դիտարկումների պակաս չկա: Օրինակ. ինչպես կարող է զգոն վարորդը մտնել խաչմերուկ ու չհարցնել, թե որ լույսի տակ է ընթացել՝ կարմի՞ր, թե՞ կանաչ, որով պայմանավորված է այն փաստը, որ Ն.Հ.-ն ընդամենը երկու վայրկյան է աչքը գցել հեռախոսին: Մինչդեռ, նա այնքան է տարված եղել, որ տուժողին ընդհանրապես չի նկատել, արգելակել է վրաերթի ձայնից՝ անտեղյակ կատարվածից:
«Լեքսուս» մեքենան հասնելով Գյուլբենկյան-Քոչար խաչմերուկ, կատարել է ոչ թե ձախ, ինչպես նշել է վարորդը (եւ ոչ միայն նա), այլ աջ շրջադարձ եւ հարվածել հետիոտնի ձախ կողմին:
Հիվանդության պատմագրում նշված չէ, որ զույգ ծնկան հոդերի քերծվածքից ամենացայտունը եղել է վերին վերջույթների վրա:
Հարցաքննության մասին արձանագրությունից երեւում է, որ տասներեք րոպեում Մ.Մովսիսյանը ներկայացրել է վրաերթի եղելությունը, պատասխանել հարցերին, հասցրել է կարդալ կամ լավագույն դեպքում ընկալել մատուցվող համաձայնագրի, արձանագրությունների, որոշումների եւ այլ փաստաթղթերի բովանդակությունը, մարսել իր իրավունքներն ու պարտականությունները: Այս կամ օրենքի պահանջը արդյո՞ք դյուրամարս է ՀՀ ցանկացած հպարտ քաղաքացու համար, եւ կամ ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, երբ «հին օրերի» իներցիայով անձը ստորագրությամբ հաստատում է իր տեղեկացվածությունը: Առաջին եւ վերջին անգամ լինելով քննչականում՝ տուժողն առանց խորամուխ լինելու, օգոստոսի 15-ին վավերացրել է այն ամենը, ինչ դրվել է սեղանին, ընդ որում՝ հետին ամսաթվով:
Իր հերթին անուշադրություն կամ հոգնածություն է ցուցաբերել նաեւ քննիչ Ն. Ստեփանյանը, բժշկական գաղտնիք համարվող տվյալների մասին փոխանցման վերաբերյալ համաձայնագիրը թվագրել է 06.06.23թ.:
Այսօրինակ դիտարկում-նկատողություններն, իհարկե, ոչինչ փոխել չեն կարող, քանի որ քրեական վարույթը կարճվել է հաշտության հիմքով:
Օգոստոսի 23-ին Երեւան քաղաքի դատախազության դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Ռ.Դոխոյանի թիվ 50/1205 ՃՍԱ-24 գրությունը հասցեագրված քննիչին, բովանդակում է. «Ուղարկում եմ Նոնա Հ.-ի նկատմամբ հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը: Անհրաժեշտ է որոշման օրինակը հանձնել վարույթի մասնավոր մասնակիցներին՝ պարզաբանելու բողոքարկման կարգը»: Ինչու, մինչ հիմա տուժողը այն չի ստացել պատշաճ կարգով: Նախատեսվող ժամկետները վաղուց անցել են, անիվն այլեւս հետ չես պտտի: Բայց Երեւանի ընդհանուր իրավասության դատարան դիմելու մտադրությունը երկմտանքի խնդիր չէ:
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ.Գ. Լիարժեք ապաքինումն ընթանում է բարեհաջող, բայց տուժողի վախերը չեն նահանջել: Միայնակ չի անցնում փողոցից փողոց, ու իրենից անկախ սեղմում է այն ձեռքը, ով իրեն պետք է մեկներ: Ասում են, վարորդը տեսնելով ասֆալտին փռված կնոջը, ապշել, ցավ է զգացել: Թե որքանո՞վ է նա հաղթահարել սթրեսը, որ ցանկություն է հայտնել ժամանակից շուտ մեքենա վարել, կարծում եմ, առհասարակ… նման դեպքերում հոգեբանի պահանջ-միջամտությունը ցանկալի է:
«Առավոտ» օրաթերթ
27.11.2024