Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական կոռուպցիա, որն ամենևին պարտադիր չէ, որ դրամական արտահայտություն ունենա». «168 ժամ»

Նոյեմբեր 28,2024 11:41
kasharq

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մամուլը, հետաքննական լրահոսը ողողված է պետության կարիքների համար ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումը «մեկ անձից գնումների» եղանակով կատարելու մասին տեղեկություններով։

Պետական ծախսերի, տնտեսության ու փողերի աշխարհում տարածված այս երևույթը՝ «մեկ անձից գնման» ու դրա միջոցով կոռուպցիոն գումարներ աշխատելու սխեման, միայն առաջին հայացքից է սոսկ բյուրոկրատական արատ։ Իրականում այն ունի շատ խորը քաղաքական սկզբնաղբյուրներ և քաղաքական համակարգի մեծագույն արատի պրոյեկցումն է վարչարարության ու պետական փողերի ծախսման բնագավառում։ Այն տարբերությամբ, որ «մեկ անձից գնման» կոռուպցիոն մեխանիզմը «մեկ անձին վաճառելու» քաղաքական այլասերման հետևանքն է։ Հայաստանի իշխանական համակարգը կառուցված է «մեկ անձին վաճառելու» սկզբունքով։

Իշխանական հիերարխիայում որևէ կարգավիճակ ունենալու համար բոլորը Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան են վաճառում. Մեկը՝ արժանապատվություն, երկրորդը՝ ինքնուրույնություն, երրորդը՝ ծառայամտություն, բոլորը միասին՝ հպատակություն։

«Մեկ անձից գնման» ու «մեկ անձին վաճառքի» սխեմաների տարբերությունը տեխնիկական է առաջինի դեպքում իրականացվում է անիմաստ թղթաբանությամբ, երկրորդի պարագայում՝ առանց որևէ դավթարի, լուռ համաձայնությամբ, ու ըստ ամենայնի՝ ոչ կանխիկ եղանակով։ Քաղաքակիրթ ու ակադեմիական եզրաբանությամբ՝ դա կոչվում է քաղաքական կոռուպցիա, որն ամենևին պարտադիր չէ, որ դրամական արտահայտություն ունենա։ Քաղաքական կոռուպցիայի այս դրսևորման գինն իշխանությունն է՝ երկրի ներսում, և միջազգային կոռուպցիայով զբաղվելու հնարավորությունը՝ արտաքին հարաբերություններում։

Ներքին կյանքում «մեկ անձին վաճառքի» բանաձևը շատերին հնարավորություն է տալիս օգտագործել «մեկ անձից գնման» սկզբունքը և մոնետիզացնել անփաստաթուղթ առևտրից իրենց հասանելիքը։ Առևտրային այս աներևույթ ցանցում վաճառքի ու գնման խճճված հերթափոխության մեջ վաճառողների մեծ մասը չի էլ հասկանում, որ թիվ մեկ գնորդն իր հերթին՝ զբաղվում է վաճառքով, բայց նրա առևտուրն արդեն աշխարհաքաղաքական շուկայում է, վաճառքի առարկան էլ՝ պետությունը։ Ընդ որում, սա շատ ավելի անշառ ու անվտանգ զբաղմունք է, քան վաճառվող պետությանն ասֆալտ կամ համերգի լուսավորություն վաճառելը։

Վերջինի դեպքում վաճառող «մեկ անձը» կարող է ժամանակ առ ժամանակ բռնվել և զոհաբերվել ներքաղաքական քարոզչությանը, իսկ պետության վաճառքը, որպես կանոն, արժանանում է «կոռուպցիայի դեմ պայքարը» գնահատող միջազգային կառույցների բարձր գնահատականին։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930