Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը երկիրը «ստանձնել» է մոտ 6 մլրդ դոլարի հասնող պետական պարտքով, իսկ պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում կրկնապատկել այն. «Փաստ»

Նոյեմբեր 28,2024 11:26

Ոչ մեկ անգամ, հիմնվելով փաստական տվյալների վրա, նշել ենք, որ չնայած արտաքուստ շղարշին ու «փիարին», որ օրվա իշխանություններն ակտիվորեն կիրառում են, խաղամոլական «բիզնեսները» Հայաստանում ավելի ու ավելի են ծաղկում, տարածում իրենց շոշափուկներն ու մեծացնում ընդգրկման ծավալը:

Բանն այն է, որ նշված «ոլորտում» տրիլիոնների հասնող շրջանառությունը թույլ է տալիս ինչ-ինչ տնտեսական աճեր ու աճող ցուցանիշներ ցուցադրել: Իսկ այն, թե այդ «աճերն» ինչ կառուցվածք ու բովանդակություն ունեն, իշխանավորներին ու նրանց փիարշիկներին առանձնապես չի հետաքրքրում: Այս աղետալի վիճակին է անդրադարձել նաև խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը՝ լրատվամիջոցներին տրամադրած հոդվածում, որի վերնագիրն ինքնին խոսուն է. «Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է»: Պատգամավորը մասնավորապես նշում է. «Կարելի է ասել՝ խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը: Մի կողմից՝ կործանվում են մարդկանց ճակատագրերը, իսկ մյուս կողմից՝ հնարավոր բոլոր օգուտները քաղում և վայելում է օրվա իշխանական խմբակը։

Պարզ օրինակ՝ թռիչքաձև աճող գերշահույթներին սեփական շրջանակի օլիգարխներով մասնակցություն՝ մեծ փայերի տեսքով, այդ գերշահույթներից իրենց նեղ քաղաքական նենգ շահերի սպասարկում»: Բայց հարցը միայն հայեցողական կամ թեկուզ՝ քաղաքական գնահատականներն ու ընկալումները չեն:

«Չոր» թվային տվյալներն ու տնտեսության վիճակին վերաբերող ցուցանիշները համեմատության մեջ շատ ավելի տպավորիչ, եթե չասվի՝ ահազանգող են: Այսպես. գյուղատնտեսության ոլորտը, տևական անկումից հետո, այս տարվա առաջին ինը ամիսներին արձանագրել է զրոյականին մոտ աճ:

Այս ամենի խորապատկերում ուշադրություն է գրավում պետական պարտքի շարունակական ավելացումը: Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը երկիրն «ստանձնել» է մոտ 6 մլրդ դոլարի հասնող պետական պարտքով, իսկ այժմ, այսինքն՝ իր պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում «հաջողացրել» է այդ բացասական ցուցանիշը կրկնապատկել: Այժմ պարտքը հասնում է գրեթե 13 միլիարդ դոլարի, իսկ դրա տարեկան սպասարկման ծավալն էլ գերազանցում է 1 միլիարդ դոլարը:

Այնպիսի տպավորություն է, որ եթե Հայաստանի «տնտեսական կյանքի» շարժիչը խաղամոլությունն ու խաղատներն են, ապա ամբողջ Հայաստանն էլ Փաշինյանի ու նրա կառավարության «խաղամոլության» առարկան է: Այլ կերպ անհնար է բացատրել պարտքի նման՝ կրկնապատիկ ավելացումը: Ախր, այդ ավելացումով հանդերձ, պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր էլ չեն լուծել:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930