Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու կարելի է շարունակել Գյումրի համայնքի ղեկավարումը և իրականացնել արտահերթ ընտրություններ. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2024 11:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանը, որ վերջին շաբաթներին կադրային ջարդ է իրականացնում թիմում` անգամ Սահմանադրությունը ոտնահարելու գնով, նախօրեի ուշ երեկոյան նոր անակնկալ հայտարարություն արեց, թե Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի համար մրցույթ կամ, ինչպես ինքն ասաց, փրայմըրիզ է հայտարարում։

Փաշինյանի խոսքով՝ Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար ինքը ստիպված է քաղաքապետի պաշտոնակատար նշանակել, բայց դրա համար նախ պետք է օրենքը փոխել, ինչից հետո արդեն կանցկացնեն նախնական ընտրություններ։

Օրենքի եւ Սահմանադրության վրա թքած ունեցող իշխանությունում հանկարծ պարզեցին, որ արտահերթ ընտրություններ նշանակելու հնարավորություն օրենքը չի ընձեռում, քանի որ չկա գործող համայնքապետ կամ համայնքապետի տեղակալ, այսինքն՝ նիստ հրավիրողն ու ընտրություններ նշանակողը չկա, ուստի պետք է փոխել օրենքը, որ կառավարությունը ստանա պաշտոնակատար նշանակելու իրավունք, ապա նոր ընտրությունների օր նշանակվի։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պնդում է՝ առանց ԺՊ նշանակելու կարելի է շարունակել համայնքի ղեկավարումը եւ իրականացնել արտահերթ ընտրություններ։ Նա հիշեցնում է, որ թեպետ Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ համայնքի ղեկավարն ընտրություններ կազմակերպելու հարցով որոշակի ֆունկցիաներ ունի, օրինակ` անվճար պաստառների թույլտվություն տալու, ընտրատեղամասերը կահավորելու եւ այլնի մասով, բայցեւայնպես, անգրագիտություն է պնդելը, թե համայնքի ղեկավարի բացակայության դեպքում հնարավոր չէ այդ ամենն անել: Առաքելյանի խոսքով՝ եթե կա օրենքում ինչ-որ բան փոխելու կարիք, դա ոչ թե ՏԻՄ օրենքում է, որ ԺՊ կարողանան նշանակել, այլ՝ Ընտրական օրենսգրքում, որպեսզի համայնքի ղեկավարի լիազորությունները փոխանցեն, դիցուք` ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին։

«Աբսուրդ է, որ հիմա փորձում են համայնքի ղեկավարի բացակայությանն իրավական լուծում տալ: Եթե ԸՕ-ում կա խնդիր, ապա պետք է փոփոխություն անել ԸՕ-ում եւ թողնել նույն ռեժիմը, ինչը գործում է, այսինքն՝ նախորդ ընտրությունների կարգավորումներով շարունակել, օրինակ, ենթադրենք, համայնքում բյուջե չի ընդունվում, նախորդ տարվա հաստատած բյուջեով պետք է աշխատել։ Իսկ ներկայացվող առաջարկն ընդամենը իշխանությունը զավթելու նպատակ է հետապնդում։ Գյումրին ունի ավագանի, որն օրենքով սահմանված լիազորություններ ունի, կարող է որոշումներ կայացնել, որոշումների կատարման մասով էլ պատասխանատուներ նշանակել, եթե անգամ համայնքապետ չկա, կարող է, դիցուք` լիազորել ֆինանսների բաժնի ղեկավարին կամ այլ պաշտոնյայի` ընդունված որոշումները կատարել։ Հետեւաբար, բացի այն, որ Փաշինյանը փորձում է հերթական համայնքում իշխանությունը զավթել` օրենքը փոխելու ճանապարհով, այլ բացատրություն չկա»,- ասաց Առաքելյանը եւ հիշեցրեց, որ ավագանին երկու անգամ համայնքապետ չի ընտրել, ուստի կան բոլոր հիմքերը՝ նոր ընտրություն նշանակելու, իրենց հաշվարկով՝ դեկտեմբերի 29-ին կարելի է ընտրություն անցկացնել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930