Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության որոշմամբ` Հունգարիայում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն

Նոյեմբեր 28,2024 11:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում, որով Հունգարիայում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն՝ նստավայրը` Բուդապեշտ։

 Կառավարության հիմնավորման մեջ նշվում է«2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրների միջեւ ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ, ինչն ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով եւ բազմակողմ հարթակներում հանդիպումներով՝ նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով: Հայաստանի համար Հունգարիան ունի կարեւոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առեւտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր: Հայաստանն ընդգծում է Հունգարիայի հետ հարաբերությունների կարեւորությունը եւ շարունակելու է աշխատանքներ իրականացնել Հունգարիայի կառավարության հետ՝ զարգացնելու փոխշահավետ երկկողմ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջեւ»։

Ըստ ՀՀ կառավարության՝ հայ-հունգարական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաեւ ՀՀ–ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Երկկողմ հարաբերություններում կարեւոր դերակատարություն ունի նաեւ Հունգարիայի հայ համայնքը:

«2024թ. մայիսի 6-ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Հունգարիայում ՀՀ դեսպանության բացումը, ինչը թույլ կտա ավելի ընդլայնել համագործակցությունը՝ նոր լիցք հաղորդելով տարբեր ոլորտում համագործակցությանը»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջանին էր արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած հանցագործ Ռամիլ Սաֆարովին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930