Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն անզորության կոնցեպտ է վերցրել, որ որեւէ բան հնարավոր չէ անել. Մանվել Սարգսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2024 10:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հարցազրույցում ասել էր, որ դեռեւս հայտնի չէ՝ ԵՄ դիտորդական առաքելությունը 2025 թ. փետրվարից հետո կշարունակի՞ առաքելությունը Հայաստանում, թե՞ ոչ։ Ասել էր` այս պահին բանակցություններ են ընթանում, թե ինչ ավարտ կունենան, հայտնի չէ։ Զրուցել ենք քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։

Ադրբեջանական կողմի պահանջներից մեկն է՝ ԱդրբեջանՀայաստան սահմանին երրորդ կողմի դիտորդներ չպետք է լինեն։ Եթե Փաշինյանը չերկարացնի ԵՄ դիտորդների առաքելությունը, դա կլինի ԵՄի հետ համաձայնեցվա՞ծ, թե՞ իր նախաձեռնությամբ։

– Երբ սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը հաստատվեց, այն ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ եթե նման կանոնակարգ կա, ու եթե հիմնական նպատակը դեմարկացիա անելն է, նշանակում է, որ որեւէ դիտորդ այդ տարածքում չի կարող լինել։ Ես համոզված եմ, որ դա պայման է, որ մինչեւ դիտորդները դուրս չգան, ոչ մի դեմարկացիա չի լինի։ Ճիշտ է` Հայաստանից էլ բարձր մակարդակով ասվել է, որ եթե դեմարկացիան լինի, դրանից հետո իմաստը ո՞րն է, որ այստեղ լինեն։ Այսինքն, հայտարարում են` սկզբից դեմարկացիան անենք ու հետո հանենք դիտորդներին, ոնց որ Տավուշի հատվածում 12 կմ-անոց դեմարկացիան` այնտեղ դիտորդներ չկան։ Ադրբեջանի խնդիրն է՝ դուրս հանել դիտորդներին․ դա մեծ ստրատեգիայի հետ է կապված։ Իրենք մեղադրում են Հայաստանին, որ Հայաստանը զինվում է, մեղադրում են միջազգային կազմակերպություններին կամ երկրներին, որ զինում են Հայաստանին Ադրբեջանի դեմ, եւ որ իրենք որեւէ այլ զորք չեն ընդունում այս տարածքում՝ իրենց սահմաններին մոտ։ Այսինքն՝ այս դիրքորոշումն անընդհատ իրենց մոտ կա։ Ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանություններն ինչ պիտի անեն, բայց սա առիթ է Ադրբեջանի համար, որ դեմարկացիա չարվի` պատճառաբանելով, թե դուք մեր պայմանները չեք կատարում։

Իսկ Նիկոլ Փաշինյանը զուգահեռ է տանում «Արեւմտյան Ադրբեջանի» ու Արեւմտյան Հայաստանի միջեւ

– Իշխանությունն անզորության կոնցեպտ է վերցրել, որ որեւէ բան հնարավոր չէ անել: Չխոչընդոտել ոչ մի բանի, ամեն ինչ անել, մեկ էլ տեսար՝ Ադրբեջանն ինչ-որ փոքր զիջում արեց։ Այսինքն` բալանսի վրա կառուցված, դիրքորոշումների վրա հիմնված քայլերին ոչ ոք չի հավատում։ Այս իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ պետք է Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունել, ու վերջ: Կարող է դա էլ չօգնի, բայց ուրիշ ճանապարհ չկա, այսինքն՝ կապիտուլյացիայի մեջ տեսնում են ինչ-որ գարանտիաներ։ Ի վերջո, անգամ բացահայտ կապիտուլյացիան միջազգային երկկողմանի ակտ է` դու կարող ես մինիմումը վերցնել, որ որեւէ պատասխանատվություն վերցնեն քո հակառակորդները, սակայն Ադրբեջանում որեւէ պատասխանատվություն չեն վերցնում։ Անգամ ասում են` ինչի՞ ստորագրենք, ինչո՞ւ պետք է պարտավորություն վերցնենք, խաղաղության պայմանագիրն ինչի՞ համար է։ Այս տարիներին աշխատել են, արդյունքները տեսել են, որ ոչ ոք իրենց չի կարող դատապարտել անգամ, եթե դատապարտեն՝ պարտադրել չեն կարող, ու հավատում են, որ կարող են ցանկացած քայլի գնալ, անգամ՝ եթե չհաջողվի Հայաստանի գոյությունը դադարեցնել, նենգափոխել՝ ուրիշ երկիր սարքել, մեծամասնությամբ ադրբեջանցիներով բնակեցնել: Ասում են, խոսում են, ոչ մի բանի առաջ չեն կանգնում։ Այստեղ էլ կարծում են, որ եթե ամեն ինչին համաձայնեն, չեն կոտորի մեզ, դուրս չեն հանի, բայց Ղարաբաղը ցույց տվեց` չէ, դուրս էլ կհանեն, կկոտորեն էլ։
Բայց պետք է իմանալ, թե քեզ ոնց ես դրսեւորում, որ կարողանաս այս ամենին հակադրվել։ Մեզ մոտ շատ են սիրում ասել, թե դա իրենց ներքին լսարանի համար է, բայց տարիների ընթացքում Ադրբեջանում ցույց տվեցին, որ դրանք հեքիաթներ չեն։ Հայաստանում սուվերեն քաղաքականություն որ ասում են, միայն բառն են սովորել, դա այն է, թե ոնց ես կարողանում նոր իրականություն ստեղծել եւ քո ուզածը պարտադրել: Այս 4-5 տարին միայն Ադրբեջանն է դա անում եւ պարտադրում է ճանաչել։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930