Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ի կողմից չեղարկված թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեեւ հրապարակեց իր կողմից հանձնված թմրանյութի թեստի արդյունքները՝ հայտարարելով, թե թմրամոլ չէ, բայց մասնագետները պնդում են, որ արյան եւ մազի միջոցով արված հետազոտությունները առավել հավատարժան են, քան մեզի թեստի տվյալները:
Սարուխանյանը հրապարակեց, որ 20 հետազոտություններից 1-ն է դրական եկել՝ բարբիտուարները, որոնք կան կատվախոտի թուրմի մեջ (валерьянка), կարվալոլի եւ այլն։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք միայն մեզի միջոցով արված հետազոտությունը արտացոլում է ողջ իրականությունը՝ մարդը թմրանյութ գտագործել է, թե ոչ: Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթին բացատրեց, որ տարբեր թեստեր գոյություն ունեն. «Հերոինի դեպքում՝ մի թեստ, կոկաինի դեպքում՝ մեկ այլ թեստ, բարբիտուարների դեպքում՝ մեկ ուրիշը, բայց գոյություն ունեն ավելի առաջատար՝ ավելի ապացուցողական մեթոդներ, որոնք իրականացվում են ավելի լրջագույն միջոցներով։ Թեստեր կարող են բոլորը ձեռք բերել եւ հետազոտել։ Թեստերով հետազոտում են միայն մարդու մեզը։ Իսկ, օրինակ, քննչական մարմինները, նախաքննական մարմինները իրենց որոշումներով մեզ մոտ հետազոտությունների են նշանակում մարդկանց, որոնց կասկածում են թմրամիջոց օգտագործելու համար, եւ այդ դեպքում վաղեմության ժամկետի պատճառով մեզնից պահանջում են, օրինակ, մազի մեջ հայտնաբերել ինչ-որ բան», – «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասնեց Նազինյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։