Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է դատախազությունը որոշելու ֆիլմի «ենթամշակույթը»

Նոյեմբեր 28,2024 10:00

Հայկական վերջին սերիալը, որից ես նայել եմ մի քանի սերիա, «Վերվարածներն» էր: Դա ավելի քան 15 տարի առաջ էր: Կարելի է այդ սերիալը հավանել կամ չհավանել, բայց, ինձ թվում է, նման տեսակի արտասահմանյան նախագծերի շարքում «Վերվարածները» չէին խեղճանում: Դրանից հետո, հայրենի սերիալային արտադրանքի նմուշների մասին պատկերացում եմ կազմում միայն այն ժամանակ, երբ հյուր եմ գնում եւ հյուրընկալող ընտանիքում միացրած է հեռուստացույցը: Աչքովս կադրեր են ընկնում, որոնցից ինձ համար ամեն ինչ պարզ է: Այդպես տարիներ առաջ մի քանի կադր տեսել եմ նաեւ Գոռ Վարդանյանի «մարտաֆիլմերից», որոնց «տուրուդմփոցներն» ու փոխհրաձգություններն ինձ զավեշտալի թվացին: Կասկածում եմ, որ արեւելյան մարտարվեստների վարպետն այս տարիներին ձեռք է բերել Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի որակները: Սկանդալի առարկա դարձած վերջին սերիալից ոչ մի կադր չեմ տեսել եւ, կարծում եմ, չեմ էլ տեսնի:

Բայց խոսքս այլ բանի մասին է: Ես չեմ կարծում, որ հեռուստա կամ կինոարտադրանքի էթիկական բաղադրիչը պետք է ստուգի դատախազությունը: Բացարձակապես վստահ չեմ, որ «քրեական ենթամշակույթի» քանակը այս կամ այն ստեղծագործության մեջ կարող է որոշել որեւէ քննիչ կամ նրա կողմից ուղղորդվող որեւէ փորձագետ: Ի վերջո, բարոյական եւ մասնագիտական չափանիշներն այնքան նուրբ առարկա են, որ հանձնել այդ խնդիրը «ոստիկանական վերահսկողությանը», ինձ թվում է, սխալ է: Այսօր Գոռ Վարդանյանի սերիալն է, որի խոտանը, ենթադրենք, պարզ է, բայց վաղը դա կարող է լինել բանաստեղծություն, վեպ, ներկայացում կամ կտավ, որի ստուգումը «դատախազական մակարդակով» կարող է պայմանավորված լինել «ենթամշակույթից» հեռու մոտիվներով:

Դա չի նշանակում, իհարկե, որ խնդիր գոյություն չունի: Հայհոյանքը, գռեհկությունը, զազրելի վարքագիծը դրսեւորվում է ոչ միայն պաշտոնապես գրանցված լրատվամիջոցներում կամ այլ հարթակներում: Ավելին՝ դրանք դժվար թե կազմեն նման «արտադրանքի» 10 տոկոսը, եթե վերցնենք ամբողջ համացանցը: Իսկ «չգրանցվածում» թե ինչ է կատարվում, բոլորս գիտենք:

Բայց այնտեղ, որտեղ հնարավոր է իրականացնել պետական քաղաքականություն (իսկ դա, մասնավորապես, «գրանցված» հեռուստաընկերություններով սփռվող կինոարտադրանքն է), նման քաղաքականության անհրաժեշտությունը կա: Բայց դժվար թե այդ գործով կարողանան զբաղվել իրավապահ մարմինները: Դա շատ ավելի բարդ գործընթաց է եւ հստակ հաշվարկված շարունակական աշխատանք, որի մասին կարելի է երկար գրել: Բայց սկզբունքն, իմ կարծիքով, պարզ է՝ ոչ թե արգելել վատը, այլ խրախուսել լավը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930