Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հակոբյան. «Դատավորն այսօր թույլ չտվեց Երեւան համայնքի ներկայացուցչին դատարանում ներկայացնել Երեւանի ավագանուն»

Նոյեմբեր 27,2024 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2023 թվականի նոյեմբերի 10-ին Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունների ստանձնման հոկտեմբերի 13-ի նիստը: 2024-ի հունիսին վարչական դատարանը հայցադիմումը մերժել էր:

Թե ի՞նչ զարգացումներ են եղել եւ ո՞ր փուլում է  այս գործը, Youtube-յան իր էջում պատմել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Դատական բյուրոկրատիայի եւ դատական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով այս գործը դեռ ընթանում է:  Սակայն մեզ ամեն ինչ շատ պարզ է:

Առաջին ատյանի դատարան երբ մենք մուտք ենք արել մեր հայցադիմումը, դատավորը վերջում մերժեց մեր հայցադիմումը՝ ասելով, որ ավագանու իրավունքները չեն խախտվել, որ պարտավորություն չկա, որ Երեւանի ավագանու նիստին, երդման արարողակարգի ժամանակ լինի քվորում: Մենք դրա հետ համաձայն չենք: Մենք կարծում ենք, որ քաղաքային պառլամենտում քաղաքային պառլամենտի ղեկավարը լիազորությունները կարող է ստանձնել միայն իրավազոր նիստի շրջանակներում: Դա վկայակոչում է նաեւ օրենքը»,-ասում է Սամվել Հակոբյանը:

Նա իր ասածը հիմնավորեց ՏԻՄ մասին օրենքի համապատասխան հոդվածները ընթերցելով: «Ինչպես բոլորս գիտենք, Տիգրան Ավինյանի երդմնակալությանը նույնիսկ ՔՊ-ի ավագանու ամբողջական կազմը ներկա չի գտնվել: Որպեսզի այդ նիստը տեղի ունենար, այնտեղ պետք է լիներ ավագանու 33 անդամ: Երդման արարողության օրը երբ դեռ կուլիսային պայմանավորվածություն չէր եղել, փաստացի քաղաքային փոքրամասնություն ունեցող  կոալիցիոն իշխանությունը ունեցել է 32 մանդատ, ինչը իրավաբանության տեսանկյունից անհնարին էր դարձնում այս նիստն անցկացնելը: Այդ պատճառով, ինչպես սիրում են իրենք անել, արհամարհեցին օրենքը, անցկացրին երդմնակալության մի շքեղ արարողություն, որին ներկա էին վարչապետը, պաշտպանության նախարարը եւ ՔՊ-ական վերնախավի այլ ներկայացուցիչներ»,-հիշեցրեց ընդդիմադիր ավագանու անդամը:

«Դատավորը մերժեց մեր հայցը: Մենք, բնականաբար, չհամաձայնեցինք դրա հետ: Մեր հայցադիմումի հիմքում դրված են երկու հոդվածներ: Առաջինը, որ պետք է լինի նիստի իրավազորություն՝ քվորում: Երկրորդ, որ մենք վկայակոչել ենք փաստեր, կցել ենք հղումները, որոնցով շատ պարզ տեսնում ենք, թե նախկին, թե ներկա իշխանությունների ժամանակ, առնվազն, մինչեւ Տիգրան Ավինյանը, վերջին երեք քաղաքապետերի՝ Հրաչ Սարգսյան, Տարոն Մարգարյան եւ Հայկ Մարության,  լիազորությունների ստանձնման օրը Երեւանի քաղաքապետարանում ստուգվել է ավագանու նիստի իրավազորությունը, հաստատվել է այն փաստը, որ կա քվորում եւ դրանից հետո միայն այդ արարողությունը սկսվել է: Այո, ինչ-որ առումով դա արարողություն է, բայց արարողությունը պետք է կայանա իրավաչափ նիստի ժամանակ»,-ասաց Սամվել Հակոբյանը:

Այնուհետեւ նա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել այսօր վերաքննիչ վարչական դատարանում: «Այսօրվա դատավորները, ոնց հասկացա, շատ ավելի բանիմաց դատավորներ էին, որովհետեւ դատական նիստի ամենասկզբում նախագահող դատավորը մերժեց ճանաչել քաղաքապետարանի կողմից ուղարկված ներկայացուցչի իրավունքը՝ ներկայացնել Երեւանի ավագանուն:

Տեխնիկական առումով, այո, մենք դեմ ենք Տիգրան Ավինյանին, քանի որ նա ապօրինի է ստանձնել լիազորությունները, բայց իրավական ֆորմատի մեջ եթե դիտենք, ապա դատն ընթանում է երկու կողմերի մեջ՝ հայցվորի եւ պատասխանողի. Այդ օրը ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ ես, իսկ պատասխանողը՝ Երեւանի ավագանին, որովհետեւ Երեւանի ավագանին, փաստացի, թույլ է տվել իր ղեկավարի լիազորությունների ստանձնման ապօրինի գործընթացն իրականացնել եւ դրանից հետո որեւէ բան տեղի չի ունեցել: Այդ իսկ պատճառով դատավորն այսօր թույլ չտվեց Երեւան համայնքի ներկայացուցչին դատարանում ներկայացնել Երեւանի ավագանուն:

Դատավորը երիտասարդ իրավաբանին՝ Ռաֆայել Նահապետյանին, տվեց մի շատ խելացի եւ տրամաբանական հարց. «Եթե դուք համայնքի կամ ավագանու  ներկայացուցիչն եք, եթե դատարանում հարց լինի համայնքի եւ ավագանու մեջ, դուք ինչպե՞ս եք ներկայանալու, կարո՞ղ եք երկու կողմերն էլ ներկայացնել»: Այդ իսկ պատճառով Ռաֆայել Նահապետյանին թույլ չտվեցին ներկայացնել Երեւանի ավագանուն եւ հետաձգեցին այս դատական նիստը:

Հիմա ասեմ, թե սա ինչ հետեւանքների է բերելու: Առաջին. եթե այսօր դատավորները փաստեցին, որ Ռաֆայել Նահապետյանը իրավունք չունի ներկայացնել Երեւանի ավագանուն, ապա առաջին ատյանում տեղի ունեցածը ենթակա է բեկանման, քանի որ այս նույն անձը այս նույն գործով առաջին ատյանում ներկայացել է իբրեւ պատասխանող եւ պաշտպանել է իշխանական ավագանու շահերը:

Ուզում եմ, որ մեր սիրելի երեւանցիները հասկանան, թե այս իրավական բյուրոկրատիան իրենց ինչ հետաքրքրություն եւ շահ կարող է տալ: Սա լոկ քաղաքական կռիվ չէ, ավագանու մրցույթ չէ: Եթե մենք հասնենք արդարադատության ճիշտ վճռին եւ դատարանը ֆիքսի այն փաստը, որ Տիգրան Ավինյանը իբրեւ Երեւանի քաղաքապետ ապօրինի է ստանձնել իր լիազորությունները, դրանից մենք կարողանալու ենք անել հետեւություն, որ իր ստորագրած եւ կայացրած բոլոր որոշումները օրենքի ուժ չունեն:

Ինչ է այստեղ շահում երեւանցին: Ինչպես բոլորդ տեղյակ եք, վերջին մեկ տարում, ինչ Տիգրան Ավինյանը քաղաքապետ է, մենք ունեցել ենք ձախողված ռեֆորմների մի հսկայական շարան եւ արդյունքում ոչ մի բարելավում տեղի չի ունեցել: Տեղի են ունեցել պարզ, անգրագետ թանկացումներ, որոնք «թալանչիների դեմ» պայքարող երբեմնի ընդդիմությունը, որը ներկայումս իշխանություն է, ավելի ֆորմալ, իրավական եւ տեխնիկական  առումներով ոչ մի այլ բան չի անում եւ մտնում է քաղաքացիների գրպանը: Մենք հետեւողական ենք լինելու այս գործի ընթացքին: Այսօրվա տեղի ունեցածը շատ հետաքրքիր կազուս էր, որը հարցեր է առաջացնելու թե հայցվորի, թե պատասխանողի, թե դատավորների, ինչու ոչ՝ նաեւ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի մոտ»,-ասաց Սամվել Հակոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930