Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարդն ապրածը կիմանա կողքինի ցավը․ շատ լավ եմ զգում արցախցիների տառապանքն էլ, մտածմունքն էլ». «Ա1+»

Նոյեմբեր 27,2024 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ա1+». «Մարտունի, Բարում, Բարսում, Օրջոնոկիձե, Սպիտակաշեն, Սալեր, Չարդախլու, Ջագիր և հայկական մի շարք այլ գյուղերի բնակիչներն իրենց պապական հողերից արտաքսվել են սումգայիթյան ոճրագործությունից հետո,- պատմում է ջագիրցի Արաքսյա Հարությունյանը։

«Մեր գյուղը Ջագիրն էր։ 16 տարեկան էի, երբ ամուսնացա ու տեղափոխվեցի Հայաստան, սակայն իմ հիշողություններից երբեք չեն ջնջվել այդ սարսափելի իրադարձությունները։ Հայրս այդ դարդից կուրացավ ու մահացավ։ Դեռ գյուղում էինք, երբ մայրս անբուժելի հիվանդության պատճառով մահացավ։ Մենք ինը երեխա էինք… Մինչև հիմա մորս գերեզմանին կարոտ եմ»,- պատմում է 69-ամյա զրուցակիցս։

«Դարդն ապրածը կիմանա կողքինի ցավը։ Հիմա էդ նույն դրության մեջ հազարավոր արցախցի մեր հայրենակիցներն են, ու ես շատ լավ եմ զգում նրանց տառապանքն էլ, նրանց մտածմունքն էլ…»,- ասում է զրուցակիցս։

Արցախի Ասկերան քաղաք հարս եկած Օֆելյա Գաբրիելյանը Բարսում գյուղից է։ Ամուսինը՝ Բեգլար Գաբրիելյանը, Ջագիր գյուղի արմատներ ունի։

«Ամուսնուս մայրը վաղ տարիքում է լքել ծննդավայր Ջագիրը։ Ինչպես ընդունված էր այդ տարիներին, գյուղի երիտասարդությունը մեկնում էր քաղաքներ՝ կրթություն ստանալու կամ աշխատանք գտնելու։ 16 տարեկանից Բաքու է գնացել ու այլևս գյուղ չի վերադարձել։

Ամուսինս ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան բոլոր պատերազմներին։ Հաշմանդամության երկրորդ կարգ ունի։ Երկու տղաներս նույնպես ընտրել են հայրենիքի պաշտպանի ուղին։ Պատվով շարունակել են հոր գործը պայմանական խաղաղ պայմաններում, զենք վերցրել անարգ թշնամու ոտնձգությունների պահին։ Ավագ որդիս անցնելով զինվորական թոշակի տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Այնտեղ է մյուս որդուս ընտանիքը»,- ասում է Օֆելյա Գաբրիելյանը։

Արցախից բռնի տեղահանության հետևանքով Գաբրիելյանների ընտանիքը երկու մասի է բաժանվել։

«Աղջկաս ամուսինը մեկօրյա պատերազմի հետևանքով զոհվել է։ Աղջկաս ու նրա երկու փոքրիկների հետ ժամանակավոր հյուրընկալվել ենք մորաքրոջս տանը։ Աղջկաս համար դժվարին այս պահին կարևոր է նրա կողքին լինեմ, որպեսզի կարողանամ նրան որոշ չափով օգնել»։

Օֆելյայի մորաքույրը՝ Ռոզա Բադալյանը, 98 տարեկան է։ Չնայած հիշողությունը մեկ-մեկ նրան դավաճանում է, բայց պարզ հիշում է ծննդավայր Բարսումի ամեն մի անկյունը։ Ասում է՝ պատմական հուշարձաններ, եկեղեցիներ, հին գերեզմանատներ ու վանքեր շատ կային գյուղի շրջակայքում։ Տառապանքներ շատ է տեսել՝ ասում է, այժմ էլ սիրտն անասելի ցավում է Արցախի կորստի համար։

Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Խարիթ գյուղի արմատներ ունի Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Սամվել Հովսեփյանը։

Գյուղի առաջին երկհարկանի տունը նրա Գասպար պապն է կառուցել՝ հիշում է Սամվել Հովսեփյանը։ Պապիից շատ բան է սովորել, ուսանելի բավական փորձ ձեռքբերել նրանից։

«Տատիկիս՝ Սուսաննայի հետ չորս զավակ են դաստիարակել։ Մինչև Մեծ հայրենականը ծնվել են հորաքույրներս, որոնց պապս կոչել է իր քույրերի անուններով։ 1940-ին ծնվել է հայրս՝ Հովսեփ Հովսեփյանը։ 1941-ին պապս մեկնել է ռազմաճակատ։ Կերչի պաշտպանական մարտերում գնդի կազմով հայտնվել է շրջափակման մեջ և գերևարվում գերմանական զորքերի կողմից։ Մինչև 1945-ը մնում է Բուխարեստ քաղաքի համակենտրոնացման ճամբարում։ Բուխարեստի գրավումից հետո հայտնվել է ստալինյան աքսորավայրում։ Մինչև 1947 թվականը պապս աշխատում էր Դոնբասի ածխահանքերում՝ տաժանակրության մեջ։ Ածխահանքերում ծանր աշխատանքային վնասվածք ստանալուց հետո բուժվել է ու աշխատանքի համար այլևս ոչ պիտանի ճանաչվելով զորացվում»։

Գասպար պապը, հրաշքով փրկվելով բազմաթիվ փորձություններից, տուն հասնելով տեղեկանում է, որ եղբայրը զոհվել է ռազմաճակատում։ Գյուղում կառուցած երկհարկանի տունը նվիրում է եղբոր որբերին, ինքը շարունակում ապրել Էջմիածնում։

«1948-ին փոքր հորաքույրս՝ Լուսիկը ծնվելուց հետո պապս Տարոնիկում նոր տուն է կառուցել և տեղափոխվել, իսկ Էջմիածնի բնակարանը նվիրում վարձակալին։ Պապս մի քանի օտար լեզուների էր տիրապետում՝ ռուսերենի, թուրքերենի, գերմաներենի, ռումիներենի։ Շատ աշխատասեր էր և բարեպաշտ հավատացյալ։ Տարոնիկի տարածքում գտնվող 100 հեկտարանոց հողակտորը պապիս ղեկավարությամբ է մաքրվել քարերից ու այդ տարածքը մինչև հիմա մեր գյուղացիները Գասպարի դաշտ են անվանում»։

Պարոն Հովսեփյանը պատմում է, որ Մեծամորի հնեագիտական թանգարանի տարածքում գտնվող բրոնզեդարյա սրբատեղին Գասպար պապն է հայտնաբերել երազում տեսիլքի միջոցով և կրում է Գասպարի սուրբ անվանումը։

«Մինչև այժմ մեր տան բակում սրբորեն պահպանվում է պապիկիս աղոթատեղին (մատուռը)։ Չնայած պապս տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, սակայն հողից չի հեռացել։ Նա շարունակում էր ապրել և շրջապատին սովորեցնել ապրել իր ծննդավայր Բիթլիսի ավանդություններով։ Պատմում էր, որ Բիթլիսում մի գեղեցիկ ավանդույթ կար՝ գյուղում ծնված ամեն մի նոր երեխայի պատվին ծիրանի ծառ էին տնկում»։

Գեղեցիկ այդ ավանդույթն ապրեցնելուն էր ուղղված Հովսեփյանների ընտանիքի կողմից Տարոնիկում կառուցված հերոսների այգին։

«Պապս անկողնային հիվանդ էր արդեն, երբ հարցրեցի, թե սիրտը ինչ է ուզում, ի՞նչ բերեմ, ի՞նչ կցանկանա ուտել, ասաց՝ «Այ բալա, մեր Բիթլիսի ջուրը խմեմ, հողից հոտ քաշեմ, նոր հանգիստ մեռնեմ, ուրիշ բան չեմ ուզում»,- հիշում է նա։

Անահիտ Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930