Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փոխքաղաքապետի վարորդի մեքենաների հրկիզման դեպքով կա ձերբակալված անձ

Նոյեմբեր 27,2024 22:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով՝ մամուլում Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անվան հետ կապվող մեքենաների հրկիզման հիմնավոր կասկածի հիմքով կա ձերբակալված անձ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (գույքը ոչնչացնել հրկիզման եղանակով):

Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ հրկիզված մեքենաների հետ իրենք կապ չունեն: Նրա խոսքով, մեքենաները եղել են Արմեն Փամբուխչյանի վարորդի ու վերջինիս մոր անունով, պատկանել են վարորդի ազգականին. «Բոլոր հնարավոր տարբերակներով կարող են ճշտել, տեսնել, որ մենք այդ մեքենաների հետ կապ չունենք:  Մենք ունենք մի մեքենա, որը ես եմ վարում ու որի մասին հստակ նշված է մեր հայտարարագրում»:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, նոյեմբերի 24-ին հրդեհ էր բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաներից մեկը ամբողջությամբ այրվել էր, մյուսը շարքից դուրս եկել:

 

Ի դեպ, Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նշյալ թեմային.

«Սիրելի՛ երևանցիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ

ԶԼՄ ներկայացուցիչներ,

Մի քանի օր է ինչ որոշ լրատվամիջոցներ նոյեմբերի 24-ին Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաների այրելու դեպքը՝ այս կամ այն կերպ շահարկում են, փորձում են ներկայացնել իբրև իմ դեմ ուղղված քայլ: Որոշներն էլ փորձում են քաղաքական շահարկումներ անել։

Որոշել էի այս թեմային առհասարակ չանդրադառնալ այն ստերին, որոնք վերջին շրջանում իմ անձի հետ կապված տարածում են, բայց, հասկացա, որ մեր հասարակությունը պետք է իմանա իրականությունը։

Նշված երկու մեքենաները պատկանում են իմ վարորդի բարեկամին, ով երկար տարիներ բնակվելով ԱՄՆ-ում վերջին մեկ ու կես տարուց ավելի է ինչ մեքենաներ է ուղարկում Հայաստան, այստեղ վաճառք իրականացնելու համար և այն գրանցվում է իմ վարորդի անունով։

Ինչ վերաբերվում է նշված դեպքին, ապա ուզում եմ տեղեկացնել, որ թե իմ վարորդը, և թե վերջինիս մայրը այս դեպքով ցուցմունք են տվել և ինչպես արդեն հայտնել է ոստիկանությունը, նշված գործով կա ձերբակալված անձ։

Միաժամանակ հայտնում եմ, որ իմ, իմ ընտանիքին պատկանող գույքը, տրանսպորտային միջոցը և այլ միջոցները նշված են իմ հայտարարագրում. բաց և թափանցիկ: Թե նախկինում և թե հիմա՝ ես չունեմ որևէ գույք, որոնք այլ մարդու անունով է գրանցված և առհասարակ դեմ եմ նման գործելաոճին, որը չի բխում մեր որդեգրած արժեքներին:

Պատասխանատու հայտնում եմ, որ այդ  մեքենաներն ու դեպքն իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930