Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «Երբ աշխարհում գործում է ուժի իրավունքը, հեծանիվ քշող մեկը մեզ ասում է, թե Ադրբեջանի հետ թուղթ ստորագրելով ինքը կարող է մեր խաղաղությունն ապահովել»

Նոյեմբեր 27,2024 21:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադառնալով իսրայելապաղեստինյան հակամարտությանը, տարածաշրջանում ստեղծված անչափ լարված իրադրությանն ու մերձավորարեւելյան երկրներում մեր հայրենակիցների վիճակին՝ ասաց. «Ցավոք, վերջին տարիներին բոլոր այն կետերը, որտեղ մենք ունենք կազմակերպված համայնքներ, հայություն, որոնք ուղիղ եւ փոխաբերական իմաստով ուժ ու ավյուն են հանդիսացել Սփյուռքի, ՀՅԴ-ի համար, բառի բուն իմաստով գտնվում են ճգնաժամի մեջ, գտնվում են հարվածի տակ:

Մերձավոր Արեւելքում կատարվողը ցույց է տալիս, որ հիմա աշխարհում գործում է ուժի իրավունքը: Կարողանո՞ւմ ես, ուժե՞ղ ես՝ նպատակներդ հայտարարում ես, գնում ու դա անում ես: Մենք էլ այդ տարածաշրջանում ենք: Ամբողջ աշխարհը խոսեց չէ՞, որ Պաղեստինում հանցագործություն է տեղի ունենում, որ Իսրայելի գործողություններն արդեն անցնում են կարմիր գծերը, օրինաչափ, իրավաչափ չեն: Բայց ի՞նչ եղավ դրա պատասխանը. Ավելի նոր, ավելի ուժեղ ռազմական գործողություններ Պաղեստինում եւ արդեն Լիբանանում:

Եվ այս իրավիճակում հեծանիվ քշող մեկը մեզ ասում է, թե Ադրբեջանի հետ թուղթ ստորագրելով ինքը կարող է մեր խաղաղությունն ապահովել: Մեզնից ընդամենը մի սահման հեռու, երբ ուժեղ ես ու կարողանում ես անել ինչ ուզում ես, մեզ ասում են, որ եթե Ադրբեջանի հետ թուղթ ստորագրենք, վերջանում են մեր բոլոր դարդերը: Չգիտեմ, կհիշե՞ն, թե չէ: Շատ նման է Անգլիայի օրինակը, երբ 38-ին Հիտլերի հետ պայմանավորվում, ողջագուրվում էին, խաղաղության պայմանագիր ստորագրում, պայմանավորվում, որ երբեք այլեւս իրար հետ չպատերազմեն, երկու տարի հետո ֆաշիստական Գերմանիայի ռումբերը պայթում են Լոնդոնում: Այն ժամանակ Անգլիայի վարչապետը, ճիշտ Փաշինյանի պես, ցույց էր տալիս փաստաթուղթը եւ ասում, թե ինքը դարի խաղաղություն է բերել»:

Բայց Քրիստինե Վարդանյանը հավելեց, որ  Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված խաղաղության գործընթացի ամբողջ ընթացքում հանձնում է ու հանձնում: «Այսինքն, ոչ միայն հանձնում է: Հիշո՞ւմ եք ՄԱԿ-ի ամբիոնը, երբ առաջին անգամ գրիչը տվեց Ալիեւի ձեռքը եւ ասաց. գծիր Հայաստանի սահմանը: Ալիեւն էլ ասում է ի՞նչ սահման: Գրիչը տվել ես: Չկա այնպիսի գիծ, որից արեւմուտք չեմ անցնի: Ադրբեջանը հրաժարվում է հյուսիսից հարավ գծել որեւէ մի գիծ, ու կարեւոր չէ, թե որ քարտեզի մասին է խոսքը: Ասում է՝ դուք ընդհանրապես չունեք սահմաններ, դուք Արեւմտյան Ադրբեջան եք: Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ գնում է Հ1-ի եթեր ու հայտարարում, թե Արեւմտյան Ադրբեջանի խոսույթը մենք ենք զարգացնում:

Հարց է  առաջանում: Եթե մեր երկրի ղեկավար լիներ Ալիեւի խորհրդականը, մենք ա՞յլ հայտարարություն էինք լսելու: Նույնն էինք լսելու չէ՞, ինչ-որ լսում ենք Հ1-ով, ինչ որ լսում ենք ԱԺ ամբիոնից: Եթե Հիքմեթ Հաջիեւը լիներ Հայաստանի ղեկավար ու ԱԺ-ում ելույթ ունենար, Անկախության հռչակագրի վրա էր չէ՞ հարձակվելու, Հայաստանի բանակն էր չէ՞ արժեզրկելու: Եթե Թուրքիայի ԱԳ նախարարը կամ Քըլըչը, որի հետ Ռուբինյանը բանակցում է, լիներ մեր երկրի ղեկավարը, Սողոմոն Թեհլիրյանին էր չէ՞ հեգնելու, ՆԵՄԵՍԻՍ-ին էր չէ՞ հարվածելու կամ արժեզրկելու: Սա դասական օկուպացիա է, այլ կերպ չես անվանի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930