Լրահոս
Օրվա լրահոսը

Դադիվանքն ու «փաստի» հորինումը

Նոյեմբեր 27,2024 21:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության բռնայուրացումն Ադրբեջանի կողմից իրականացվում է մի քանի կեղծ թեզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով»։

Եթե կա հայկական և հայատառ որևէ գրություն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արվել են նոր շրջանում։ Կախված ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «ավելացումները» կատարվել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպես իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործվել է, օրինակ՝ Ամբերդի դեպքում։ Ըստ ադրբեջանցի հետազոտողի՝ Վահրամաշեն եկեղեցու պատերի հայերեն գրություններն ավելացվել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի «գիտնականների» կեղծ պնդումներով՝ հայերն «ալբանական եկեղեցիների դեմ նյութական և հոգևոր հանցագործությունները» սկսել են 1836 թվականից, երբ «աղվանական եկեղեցին դարձել է թեմ ու ենթարկվել Էջմիածնի եկեղեցուն»։

«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ, որն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերի վերջին։

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը կարճ հոդված է հրապարակել՝ «Ադրբեջանական խոշոր վանք Խուդավենգը ենթարկվել է հայկական կեղծարարությունների» վերնագրով։ Ըստ այդ հրապարակման՝ 1993-2020 թվականներին հայերը փորձել են կեղծել վանքի պատմությունը՝ այն ներկայացնելով հայկական։ Օրինակ՝ փոխարինվել են համալիրի խորհրդանիշերը, տեղադրվել այլ խաչեր, պատերին հին հայերեն գրություններ են ավելացվել, իսկ ուդի-աղվանների հին գերեզմաններն իբր ավերվել են։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Ադրբեջանի ուդիական համայնքի ներկայացուցիչները Դադիվանքում պատարագ էին մատուցում։ Այդ նպատակով Բաքուն օգտագործում է աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլիին, որը հանրայնացնում է ադրբեջանական թեզերը։ Հավելենք, որ 2024 թվականին Վատիկանի պաշտոնաթերթում հոդված էր հրապարակվել, որտեղ Դադիվանքն ու Գանձասարը ներկայացվել էին որպես աղվանական՝ չունենալով որևէ փաստական հիմք։

Պատմության և, առհասարակ, տեղեկությունների կեղծիքն Ադրբեջանն իրականացնում է բազմաթիվ մեթոդներով՝ ստույգ տվյալները թաքցնելով, տեղեկություններն ու աղբյուրները ձևափոխելով, պատմական փաստերը ժխտելով, մոլորեցնող մեկնաբանություններով և այլն։

Ժխտողականությունն ու գոյություն չունեցող փաստերի հորինումն Ադրբեջանի հակահայկական քարոզչության հիմնասյուներից երկուսն են։ Դադիվանքի օրինակով` այստեղ հորինված փաստն այն է, թե իբր հայերը հայերեն գրություններն ավելացրել են վանքը հայկականացնելու նպատակով։

 

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930