Լրահոս
Օրվա լրահոսը

SMS-ով կառավարվող երկիր կամ համատարած ֆիասկո. Լիլիթ Գալստյան

Նոյեմբեր 27,2024 20:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Կառավարության վերջին նիստում  պոպուլիզմի հերթական չափաբաժինն էր տիրաժավորվում։ Փաշինյանը  խոստացավ պատժել բոլոր նրանց, ովքեր կշարունակեն խաբել իրեն: Իսկ ավելի կոնկրետ կառավարության անդամներին և մյուսներին սպառնաց   ՝ «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։

Այս պոռթկումը կարելի էր դրական գնահատել, եթե թաղված չլինեինք համատարած և շուրջբոլորյա ստի,  ուրացված խոստումների  ու բացահայտ անկարողության ճահճում։

Իսկ ով, եթե ոչ հե՜նց կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա  կառավարության և սեփական կուսակցության ծրագրով իշխանության եկած և ժողովրդին տրված տապալված խոստումների համար․ Արցախի ինքնորոշման իրավունք, Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, կրթական ու դատաիրավական «բարեփոխումներ», կոռուպցիայի դեմ պայքար և այլն։

Ո՞վ, եթե  ոչ ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա  կործանարար այն սխալների և սուտ խոստումների համար, որոնք Արցախի կորուստ արժեցան, հազարավորների կյանք, Հայաստանի ապագայի գլխին կախված Դամոկլյան սուր։

Ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա,  որովհետև երկրում մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է հաստատել և  «ես եմ պետությունը» բանաձևով՝  sms- ով  նախարարներ և առանցքային պաշտոնյաներ է աշխատանքից ազատում, թիմակիցների զրկում մանդատից ՝ առանց հանրային հաշվետվության և  պատասխանատվության։

«Իսկ ի՞նչ է եղել Գյումրիում, որ․․․» հռետորաերսպաշտական  խուսափողական հայտարարությունից հետո SMS-ով կամ ֆբ-ով երկրի երկրորդ քաղաքի ճակատագիրն է որոշում՝  մոտավորապես ու փնթի, օրենսդրական կարգավորումներն արհամարհելով, ակնհայտ նպատակադրումով՝ երկրի երկրորդ քաղաքում ամեն գնով պահել իշխանությունը։

Իսկ որ 9% -անոց Երևանից հետո  Գյումրիում, ինչպես և ողջ հանրապետությունում քպ գործերը վատ են  և  վստահության ճգնաժամ է,   հաստատվում է նաև վերջին  սոցհարցումներով։ Գյումրում կառավարումը ձախողած աշխատակազմով, թմրամոլական սկանդալում հայտնված թեկնածուով/ ի դեպ սա թմրամոլության մեջ կասկածվող կամ կասկածված միակ քպ-ական   պատգամավորը չէ/, Գյումրու քպ- գրասենյակի միջթիմակիցային ծեծկռտուքով  դժվար է համոզիչ լինելը։

Բա թե՝  Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու․․․ Իսկ դուք  քաղաքական  խիզախություն ունե՞ք, հայտարարելու, որ  ժամանակավոր պաշտոնակատարը  հետագայում չի մասնակցելու ավագանու  ընտրություններին։  Իհարկե՝ ՈՉ։

Եվ ամեն ինչ անելու եք՝ ադմինիստրատիվ և այլ  ռեսուրսներ չարաշահելով /սա ձեր մոտ արդեն վարքականոն է/, որպեսզի  Հայաստանի երկրորդ քաղաքում ակնհայտ պարտությունը չգրանցվի․․․․ ։

Իսկ մինչ այդ  պոպուլիստական հայտարարությունների և սեփական թիմակիցներին այրելու ժամանակն է՝ թե բա «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։

Իսկ իրականում  կառավարությունը ողջ կազմով և իր առաջնորդով խախտել է բոլոր ժամկետները և բոլոր խոստումները՝ թե՜ բովանդակային, թե՜  ֆինանսական։ Միթե համատարած խախտված ժամկետների մասին չի խոսում անցած 10 ամիսների կտրվածքով կապիտալ ծախսերի  55-60 % -անոց կատարողականը, (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ որոշների զրոյական արդյունքները։

Ի դեպ, պետք չէ սպասել  «սրանից հետո»-ին․ ամենապրիմիտիվից սկսեք․ ընդամենը կառավարության շենքի լուսամուտից պետք է նայել այն  համատարած փնթիությանն ու  լքվածությանը, որ տիրում է Հանրապետության հրապարակում և այլուր։ Կառավարության շենքի առջև աշնանային տերևների և կենցաղային աղբի այնպիսի պատկեր է՝ կարծես շաբաթներով  հավաքարարի ոտք չի կպել։  Նալբանդյան- Վ․ Սարգսյանով քայլեք մինչև քաղաքապետարան ու նույն լքված անտերությունը։

Իսկ Հանրապետության հրապարակում ամանորյա ջահ են կախում,  երրորդ տարին անընդմեջ գնդակահարում են մշակութային հուշարձանի պատերը՝ էժանագին աստղեր ու  լույսեր ստանալու հեռանկարով։  Իսկ Ավինյանն այդ ընթացքում  նկարվում է  ԱՄՆ-ում, իսկ Կենտրոնի թաղապետարանում հերթական պաշտոնյան է կալանավորվում։

Պարտքերի մեջ թաղված Հայաստանի բյուջեի վրա այս ամանորը կնստի 549 մլն 706 հազար դրամ/1,4 միլիոն դոլար/։  Մեր պարտքերի հաշվին հերթական անբովանդակ և ոչ առաջնային ծախսը։ Տեսարան, պոպուլիզմ ու սուտ․ սրանում անմրցելի եք։

Սա կառավարում չէ, սա  «տոնական» թմբիրի ներքո  քաղաքացու գրպան մտնել է, սա  տգետ ու անունակ կառավարում է, ՀԱ-ՄԱ-ՏԱ-ՐԱԾ, բոլոր ոլորտներում։ Բառիս բուն իմաստով երեկ սալահատակված Հանրապետության փողոցում այսօր արդեն օրորվող սալիկներ են ու քարի տակից ճայթող ցեխաշիթ․․․

Եվ այնուամենայնիվ, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930