Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրու հրապարակ կնետվեն հին ու նոր վասալները, ծաղրածուները»․ ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը

Նոյեմբեր 27,2024 21:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտել է հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ստեղծված կառավարման  ճգնաժամից դուրս գալու ելքը։

Երեկ նա հայտարարեց, որ մտադիր են դեկտեմբերի 8-ին, 9-ին և10-ին Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնել։

Այս միջոցով գյումրեցիները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ համախոհներից կընտրեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ արտահերթ ընտրությունների ժամանակ կդառնա կուսակցության թեկնածուն։ Թեկնածուները կարող են նաև ինքնառաջադրվել։

Վարչապետի երեկվա հայտարարությունը բուռն քննարկումերի ու քննադատության է արժանացել։

Շատերն այն կարծիքին են, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ուղղակիորեն վախենում է Գյումրիում ընտրությունների գնալ, քանի որ չունի թեկնածու, վստահ է, որ պարտվելու է, հետևաբար և դիմում է նման շինծու մեթոդների օգնությանը։ Կա վստահություն, որ Գյումրիում սկիզբ առած  հեղափոխությունը իր պարտությունը կգտնի հենց այս քաղաքում։

Ի դեպ, վարչապետի ֆեյսբուքյան էջում՝ նրա տեսանյութի տակ 1-2 բովանդակալից մեկնաբանությունից բացի, իրենց քաղաքապետացու պատկերացնող մի քանի անձանց պրիմիտիվ գովքն էր։

Գյումրու ավագանու  նախկին անդամ Արմենուհի Վարդանյանը, խստորեն քննադատելով ՔՊ-ականների այս քայլը, գրել է․ ««Գյումրիում ու առհասարակ այն քաղաքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, դիտավորյալ ստեղծվում է կառավարման ճգնաժամ, հետո անամոթաբար հայտարարվում է, որ վաաա՜յ, ճգնաժամ է, հետո շուստրիությամբ հայտարարվում է, որ առանց վարչապետի միջամտության չի լուծվի այդ ճգնաժամը, հետո վարչապետի որոշմամբ մեկին իրենց սնանկ թիմից կարգելու են համայնքապետի պաշտոնակատար, որ հետո ընտրություն լինի ու արդեն իրենց կողմից փորձված մեթոդով ձայն փախցնեն ու իրենց տրամաբանությամբ, վերջապես հարթվի կառավարման ճգնաժամը եւ ամեն ինչ իր տեղն ընկնի…

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՔՊ -ի պատկերացրած ժողովրդավարության մասին։

Իսկ թե ինչ է սպասվում ընտրություններին, դա էլ այլ պատմություն է։ Այս ամբողջ աղետալի կառավարման ավելի քան 6 տարիներին ֆսսոց չհասած թափոններ հանկարծ կխոսեն այն մասին, որ կա հասարակական պահանջ, որ իրենք դուրս գան թաքստոցից ու թպրտան Գյումրիի փողոցներում։ Բայց գիտեն, որ ինքնագլուխ ցանկացած թպրտոցի դեպքում ազգուտակով դուրս կշպրտվեն լափամանների կողքերից, դրա համար ա-լյա ընդդիմադիրի քողով կգան։ Դե քանի որ ՔՊ-ն պրոբլեմ ունի Գյումրիում, ամենքը 2-3 մանդատ էլ պոկի, ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք կգա վաղը ձեւավորվելիք ավագանու կազմում։

Ու այսպիսի թափոն Գյումրիում՝ ինչքան ասես։ Ում մտքներովդ կանցնի՝ հին ու նոր, նախկին ու ներկա, հպատակ ու վասալ, ծաղրածու ու խեղկատակ …հրապարակ են նետվելու»։

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն էլ  գրում է․ «Փաստորեն Նիկոլը վախենում է Գյումրիում ընտրությունների գնալ՝ համոզված լինելով, որ խայտառակ պարտվելու է։ Գյումրիում ՔՊ-ի հաղթանակի համար կամ պետք է ընտրությունների ժամանակ այլանդակ կեղծիքների գնան կամ դիմեն շամանների օգնությանը։ Վերջիններս հազիվ թե ուզենան ՔՊ-ի նման քաղաքական ուժի հետ գործ ունենալ, իսկ հսկայածավալ ընտրակեղծիքների տակից էլ դժվար է դուրս գալը։

Ուստի որոշել է իրավական ու քաղաքական աճպարարությունների դիմել, նախնական ընտրություն անունով ինչ-որ մեխանիզմ են հնարել, ինչը իրականում ընտրություններ անցկացնելու իմիտացիա է։

Մի կողմից գյումրեցիների համար պատրանք են ստեղծելու, թե ՔՊ-ի մեջ իշխանության թեկնածուի ընտրությունը իբր Գյումրու քաղաքապետի ընտրություն է, մյուս կողմից էլ Գյումրիում ՔՊ-ականների մեջ տեղի ունեցող «բազարներին» հանգուցալուծում տալիս»։

Դերենիկ Մալխասյանը նաև կանխատեսում է, որ անակնկալ է սպասվում թե՛ այս քաղաքի բնակիչներին և թե՛ ՔՊ-ականներին՝ ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությամբ։

«Գյումրու քաղաքապետի աթոռին ՔՊ-ական դրածոյի խնդրին Նիկոլը կարծես փորձում է անսպասելի լուծում տալ` շատերի համար անակնկալ դրածո նշանակելով: Գյումրու ՔՊ-ական ակտիվն էլ թողնել խաղից դուրս: Քաղական աճպարարությունների ակտիվ փուլում են»,-գրում է Դերենիկ Մալխասյանը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ նկատում է ․ «Ֆիքսենք փաստը, ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաեւ թեկնածու, դրա համար պսեւդո ընտրություններ է կազմակերպում’ «փրայմերիզի» տեսքով, ստեղծված իրավիճակում լուծում գտնելու համար։

Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով’ իմպոտենտ։

2026-ին նույնպես նման մի լուծում պետք է գտնեն արտակարգ իրավիճակ մտցնելու համար, իրենց գոյությունը մի կերպ երկարացնելու համար»։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեվանյանը Նիկոլ Փաշինյանի այս քայլը մեկնաբանում է որպես առանց ընտրությունների իշխանությունը զավթելու փորձ։

«Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո՝ ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ ընտրություններ։ Հիմա նա ուզում է առանց ընտրությունների զավթել իշխանությունը, որպեսզի ոտքը պնդացնի ու նոր միայն գնա ընտրության։ Գյումրիում տեղի ունեցողը և «փրայմերիզ» կազմակերպելու ծրագիրը ցույց են տալիս, որ

1․ Գյումրիում Փաշինյանի թիմակիցները գրեթե զրոյական վարկանիշ ունեն,

2․ եթե Փաշինյանը շարժվեր օրենքով և արտահերթ ընտրություններ նշանակեր այս տարվա դեկտեմբերին, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն էր կրելու,

3․ Փաշինյանն ուզում է իր թիմակիցներից որևէ մեկին նշանակել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի սպասվող արտահերթ ընտրություններում կարողանա վարչական, կրիմինալ և փողային լծակներով գոնե ինչ–որ տոկոս հավաքել,

4․ Փաշինյանը վախենում է ցանկացած ընտրական գործընթացից՝ լինի այն համապետական կամ տեղական մասշտաբով։

Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է, և դա է պատճառը, որ հրաժարվում են թե՛ հանրաքվեից, թե՛ ԱԺ արտահերթ ընտրություններից, թե՛ Գյումրիի ընտրություններից՝ փորձելով ժամանակ ձգել։

Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրությունների միջոցով՝ լինի այն արտահերթ կամ հերթական։ Ինքն ամենալավը գիտի այդ մասին ու դրա համար էլ վախեցած է ընտրություններից։ Գյումրիից քայլելով եկավ ու հանգամանքների բերումով դարձավ իշխանություն։ Գյումրիում էլ սրա վերջի սկիզբը պետք է դնել»։

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանն էլ կարծում է, Գյումրիում սկիզբ առած հեղափոխությունը կավարտվի Գյումրիում, իր վերջնական  պարտությունը կկրի այս քաղաքում։

«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Սիմվոլիզմ կա նրանում, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը մեկնարկել է Գյումրիում, բայց արդեն պարտվել է այստեղ ու սկսել է ինչ-ինչ պրայմերիզներ մոգոնել:

Իշխանությունները պատրաստվում են ամեն գնով հաղթել 2026-ի ընտրություններում: Նրանք ուղղակի ջախջախում են ՏԻՄ-երը:

Հայաստանում հեղափոխությունը պարտվել է արտաքին բոլոր հնարավոր ճակատներում, այդ թվում և առաջին հերթին՝ Արցախում:

Հեղափոխությունը պարտվում է նաև Հայաստանի ներսում:

Այն արդեն պարտվել է այն վայրում, որտեղից սկիզբ է առել՝ Գյումրիում»,- գրել է Թաթուլ Հակոբյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930