Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Որ Հակակոռուպցիոն կոմիտեն անաչառ չէր կարող լինել, ոչ այլ ինչ է, եթե ոչ Հակակոռուպցիոն կոմիտեին գլխավոր դատախազի կողմից հայտարարված անվստահություն»

Նոյեմբեր 27,2024 19:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում  դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստում Արուսյակ Ալեքսանյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը ներկայացրել էր միջնորդություն՝ քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին այն հիմնավորմամբ, որ այդ ապացույցները ձեռք են բերվել սույն պարագայում քրեադատավարական ոչ պատշաճ սուբյեկտի կողմից այնքանով, որքանով քրեական վարույթով նախաքննությունը ի սկզբանե պետք է իրականացվեր Հակակոռուպցիոն կոմիտեում: Այդ համոզման է Արուսյակ Ալեքսանյանի ամբողջ պաշտպանական թիմը: Նրանց պնդմամբ, դրանից հետո միայն եթե գլխավոր դատախազը իր ստորադաս դատախազը հանդիսացող հսկող դատախազի միջոցով տեղեկություն ստանար, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթը քննում է ոչ համակողմանի կամ ոչ օբյեկտիվ, ապա միայն այդ պարագայում գլխավոր դատախազը քրեադատավարական իր կոնկրետ լիազորությունն օգտագործելով իրավասու էր որպես վերջին միջոց Հակակոռուպցիոն կոմիտեից քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարել ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց. «Որեւէ հիմնավորում այն մասին, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը պետք է ի սկզբանե իրականացներ նախաքննություն քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն անաչառ չէր կարող լինել, ոչ այլ ինչ է, եթե ոչ Հակակոռուպցիոն կոմիտեին գլխավոր դատախազի կողմից հայտարարված անվստահություն: Այսինքն, կոնկրետ քրեական վարույթով անվստահություն պետական կառույցին, ինչը ոչ միայն տրամաբանական չէ, այլեւ ընդունելի չէ:

Այսօրվա դատական նիստում այդ միջնորդության քննությունը շարունակվեց: Դատարանը Հովսեփ Սարգսյանի միջնորդությունը չբավարարեց, պաշտպանական կողմից տարբերվող կարծիք հայտնեց կոնկրետ գլխավոր դատախազի կայացրած որոշման վերաբերյալ: Բայց մենք մտադիր ենք մեր դիրքորոշումը զարգացնել ավելի բարձր ատյաններում՝ վերաքննիչում, այնուհետեւ՝ վճռաբեկում, ինչու չէ, նաեւ Սահմանադրական դատարանում: Մյուս դատական նիստերին կներկայացվեն այլ միջնորդություններ»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930