Լրահոս
Օրվա լրահոսը

««Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է». Դանիել Դանիելյան

Նոյեմբեր 27,2024 18:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը և բեմադրիչ, գրող, դերասան Սիմոն Աբգարյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և կարևորել Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Սիմոն Աբգարյանի հեղինակային բեմադրության հյուրախաղերի անցկացումը. «Անկասկած, նմանօրինակ մեծ իրադարձությունը տոն է, որը նշանավորում է Ֆրանսիայի հետ բարեկամությունը, ինչպես նաև երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններ է ընձեռում: Կարևոր է հայաստանյան բեմից հայ հանդիսատեսին «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը ներկայացնելը: Սա եզակի ներկայացում է, որը մեծ արձագանքներ է ունեցել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս. երեք անգամ ստացել է Ֆրանսիայի թատերական աշխարհի գերագույն գնահատականը՝ «Մոլիեր» մրցանակը: Սա, բնականաբար, Սիմոն Աբգարյանի շնորհիվ է: Այսպիսի ներկայացումները մեր թատերական աշխարհին դինամիկա կհաղորդեն: Ուրախ եմ, որ հայ հանդիսատեսը, ուսանողներն ու թատերական գործի մասնագետները կդիտեն այսպիսի բարձրորակ ներկայացում, որում կերևա, թե որքան մեծ է բեմադրիչի դերը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը որակել է որպես Եվրոպայի վերջին տարիների տիտղոսակիր ներկայացումներից մեկը և նշել, որ այս ներկայացմամբ իրապես տոն կպարգևվի թատերասեր հանրությանը:

«Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի որդեգրած քաղաքականության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում միջազգային համագործակցությունը, հետևաբար՝ այս հյուրախաղերը ոչ միայն մեկանգամյա համագործակցություն են, այլև միտված են թատերական արվեստում փոխանակումներին, ինչը մեր հիմնական նպատակներից է»,- նշել է Վարդան Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր այն կազմակերպություններին, որոնք նախաձեռնության կողքին են:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարն ընդգծել է, որ երկրորդ անգամ անցկացվող Երևանյան միջազգային թատերական փառատոնն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի փառատոնի շրջանակում երևանյան բեմում հանդես է եկել փարիզյան հայտնի «Օդեոն» թատրոնը:

«Փառատոնը հայ հանդիսատեսին թույլ է տալիս բացահայտելու համաշխարհային տարբեր թատերախմբերի ներկայացումները: Այս տարի պատիվ ունենք հյուրընկալելու Սիմոն Աբգարյանին. սա շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է, քանի որ նա Հայաստանն ու Ֆրանսիան իրար է կապում պատմական և բարեկամական խորը կապերով»,- ասել է Քսավիե Ռիշարը:

Սիմոն Աբգարյանը, անդրադառնալով Հայաստանում ծավալած գործունեությանը, նշել է. «Արվեստը՝ ի դեմս թատրոնի, պետությունն ավելի ամուր է դարձնում, և թատրոնն այն վայրն է, որն ուշիմություն և ուժ է տալիս ժողովրդին: Ուրախ եմ իմ հայրենիքում՝ Հայաստանում ևս աշխատելու հնարավորության համար, ինչպես Ֆրանսիայում և Լիբանանում: Եվ իրոք, թատրոնը չի ճանաչում ազգություն և միավորում է տարբեր ազգերի ու քաղաքացիների»:

Նշենք, որ Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրությունը կներկայացվի դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 19։00-ին։

Ֆրանսիական ազգային թատրոնի «Մոլիեր» մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով: «Քոմփանի դե սընք ռու» (Compagnie des 5 roues) թատերախմբի այս ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում, այլև այլ երկրներում:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930