«Ուխտ Արարատի» հասարակական կազմակերպության անդամ Վազգեն Սիսլյանը լրագրողների հետ ճեպազրույցում «Առավոտի» հարցին, թե ի՞նչ հնարավորություններ է տեսնում այսօրվա վիճակից դուրս գալու համար, պատասխանեց, որ իշխանությունների թեզերը, թե թույլ ենք ու պարտված, սուտ են։ «1990-ական թվականներին՝ առաջին պատերազմի ժամանակ մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, բայց հաղթեցինք այդ պատերազմը։ Այսօր իրավիճակը նույնն է։ Եթե մենք չդավաճանվենք, միշտ էլ կհաղթենք։ Ով ասում է, մենք թույլ ենք, ես չեմ հավատում դրան։ Մենք թույլ չենք, երբ մի ազգ, որը 10 հազար եւ ավելի տարվա պատմություն ունի, չի կարող թույլ լինել։ Այնպես որ, ովքեր նման բաներ են ասում, ուրիշ ծրագրեր ունեն, որոնք իրագործում են»,- ասաց նա։
Վազգեն Սիսլյանը հավելեց, որ Արցախը վերադարձնելու հնարավորություններ տեսնում է։ «Ես հավատում եմ ոչ միայն Արցախի վերադարձին, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի, հայկական պատմական տարածքների վերադարձին։ Ես փորձում եմ նոր սերնդին, ինչքան հնարավոր է, բացատրել, հույս տալ, հավատացնել, որ եթե իրենք չհավատան, չենք հասնի»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, որ այսօր բռնազավթված են նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ ՀՀ իշխանությունները ասում են, թե չեն պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել դրանք, Վազգեն Սիսլյանը պատասխանեց․ «Եթե իշխանություններն ասում են՝ ուժով ու պատերազմով չեն կարող վերցնել, ուրեմն պետք է դիվանագիտությամբ հասնենք ամեն ինչի։ Թող դիվանագիտությամբ պահեն, եթե ոչ՝ պատերազմն է վերջին խնդիրը։ Այս իշխանությունների զիջելը դա է նշանակում՝ կամ, կարճ ասած, թուրք են, թուրքի գործն են անում, կամ էլ վախկոտ են։ Եվ իրենք իրենց վախկոտությունն ուզում են բարդել ժողովրդի վրա»։
Նա հավելեց, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ «Դուք հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ես չեմ հավատում, թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ։ Եթե մենք ուզենք, ինքը չի ուզում, ինքն օգտագործում է այդ բառը։ Եթե խաղաղություն ուզող մարդը դպրոցում դասերի ժամանակ սովորեցնում է, որ «Երեւանը պատմական Ադրբեջան է», ի՞նչ է նշանակում խաղաղություն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ իրավիճակը կփոխվի միայն այս իշխանությունների հեռացման դեպքում․ «Պետք է լինեն իշխանություններ, որոնք կաշխատեն ի օգուտ հայրենիքի ու հայ ժողովրդի։ Ես վստահ եմ, որ սա 5 կամ 10 գյուղի խնդիր չէ, դրանով սկսվում է։ Ես պատրաստ չեմ հայրենիքս հանձնել, եթե մարդիկ պատրաստ են, դա իրենց պրոբլեմն է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ