Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի ազգականն արդեն որոշել է, Կարեն Սարուխանյանը՝ դեռ ոչ․ ովքե՞ր են Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածուները

Նոյեմբեր 27,2024 16:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս միջոցով գյումրեցիները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ համախոհներից կընտրեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ արտահերթ ընտրությունների ժամանակ կդառնա կուսակցության թեկնածուն։ Թեկնածուները կարող են նաև ինքնառաջադրվել։

Վարչապետի այս հայտարարությանը Գյումրիից դեռ արձագանքել են երկու ՔՊ-ականներ, մեկը՝ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որն իր կարծիքը հայտնել է ֆեյսբուքյան հարթակում, մյուսը՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն է, Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռը։

Կարեն Սարուխանյանը, որը նախքան վարչապետի հայտարարությունը, համարվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն, համենայնդեպս այս կուսակցությունից պաշտոնապես այդպես էին հայտարարում, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջադրման պահով հստակ որոշում չունի։

«Սիրելի ՜ Գյումրեցիներ,

քանի որ շատ եք հարցնում, թե Վարչապետի կոչից հետո ես առաջադրվելո՞ւ եմ արդյոք որպես հնարավոր քաղաքապետի թեկնածու, ապա ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ այս պահին չեմ տիրապետում, թե ի՞նչ եղանակով, ի՞նչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը` չեմ կարող այդ հարցին պատասխանել։

Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային։

Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դեր ունի հենց ձեր կարծիքը, ուստի խնդրում եմ ակտիվ տարածել և մեկնաբանություններում լինել ակտիվ»,-գրել է պատգամավորը։

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն էլ Aravot.am-ին որոշակի մանրամասներ ներկայացրեց իր մտադրության մասին։

Նա՝ որպես թեկնածու, առաջադրվելու է։ Վահագն Մկրտչյանի համոզմամբ, վարչապետի առաջարկը ժողովրդավարության լավագույն ցուցանիշն է, քանի որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է գյումրեցիների քվեով։

«Հարցման ձևով կորոշեն, թե քվեարկությամբ, դա տեխնիկական կողմն է, ձևաչափը դեռ հայտնի չէ, բայց որ վարչապետի առաջարկած տարբերակը լավագույնն է, դա միանշանակ․ կուսակցությունից դուրս գտնվող մարդիկ էլ կարող են մասնակցել, ու գյումրեցին իր ուզած մարդուն կընտրի ժամանակավոր պաշտոնակատար, որը կլծվի Գյումրին այս ծանր իրավիճակից դուրս հանելուն։

Գյումրիում կոլապսային իրավիճակ է․ «Բալասանյան դաշինքը» դավաճանեց իրեն քվե տվողներին, հեռացավ առանց մեկնաբանության, առանց բացատրության, մարդիկ վատ վիճակում են․ ձյուն է տեղացել, ձյան մաքրման աշխատանքները պիտի կազմակերպվեն, շինթույլտվություններ պետք է հատկացվեն, աշխատավարձ պետք է փոխանցվի, մարդիկ բնակության մասին տեղեկանք են ուզում վերցնել, չեն կարող ստանալ, կենցաղային հարցեր կան, որոնք լուծումն անգամ պահանջում է քաղաքապետ։

Քաղաքի բնականոն կյանքը խաթարվել է, այսպես չի կարող շարունակվել»,-ասաց Վահագն Մկրտչյանը։

Մեր ճշտող հարցին՝ մի՞թե կուսակցության ներսում անհաշտությունն ու պաշտոնակռիվը պատճառ դարձան, որ վարչապետը նման որոշման գնա, մեր զրուցակիցն ասաց․ «Մեր կուսակցության ներսում աթոռակռիվ չկա, չկան բախումներ, բանավեճեր՝ ինչքան ուզես, բանավեճեր ամեն տեղ լինում են, մեր մոտ էլ եղել են ու լինելու են, բանավեճերից են ծնվում լավագույն մտքերը։ Գրում են, թե ծեծկռտուք է եղել ՔՊ գրասենյակում, ես 2-3 օր է՝ Գյումրիում չեմ, մի՞թե դժվար էր ճշտելը»։

Մեր դիտարկմանը, եթե կուսակցության ներսում անհաշտություն չկա, ինչո՞ւ է Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որը, ըստ ՔՊ-ի նախնական հայտարարության, քաղաքապետի թեկնածուն էր, իրեն վարկաբեկելու մեջ մեղադրում այն անձանց, ովքեր իր ձևակերպմամբ՝ «ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, իրենց երևակայելով ՔՊ թեկնածու, շարունակել են արշավը իր դեմ և փորձել են ամեն բան անել, որպեսզի սևացնեն իր անունը ու այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ թեկնածուն փոփոխման ենթակա լինի», Վահագն Մկրտչյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող դա մեկնաբանել, պարոն Սարուխանյանն ավելի լավ մեկնաբանություն կտա, ես նորից եմ կրկնում՝ բախումներ չկան, եղել են միայն բանավեճեր ու լինելու են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930