«Այստեղ երկու կողմ կա, որոնք կամ չէին ցանկանա, որ ՀՀ-ում անցկացվեր այդ միջոցառումը։ Առաջինը ՀՀ-ն է, որովհետև ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը, և ՔՊ-ի համար Պուտինի՝ Երևան գալը կարող էր գլխացավանք դառնալ»,- լրագրողների հարցին՝ Հայաստանը դիմել է ԵԱՏՄ նիստը Երևանի փոխարեն Սանկտ Պետերբուրգում անցկացնելու խնդրանքով, թեև ԵԱՏՄ-ում նախագահողը Հայաստանն է, ո՞րն է դրա պատճառը, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց՝ ՀՀ-ն ԵԱՏՄ միակ նախագահող երկիրն է, որտեղ արդեն երկու անգամ է նիստը չի կայանում․ «Դա նշանակում է, որ դու վստահելի չես։ ՀՀ տնտեսությունը երբեք այսքան կախված չի եղել ՌԴ-ից։ Դա էլ այս իշխանությունների վարած անհեռատես տնտեսական քաղաքականության հետևանքն է։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում դեպի ԵՄ մեր արտահանումը կազմել է ընդհանուր արտահանման չորս տոկոսից մի քիչ ավելի։ Երբեք նման բան չի եղել։ Եղել են տարիներ, երբ ԵՄ-ն ՀՀ-ի եթե ոչ առաջին, ապա երկրորդ գործընկերն է եղել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ