«Մենք հակված էինք նրան, որ Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման չգնանք։ Այս համատեքստում պետք է վարչապետը նշանակի Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա այդ բացարձակ լիազորությունն ունի։ Բայց ՀՀ վարչապետն ուզում է նշանակել այն մարդուն, ում գյումրեցիները կցանկանան տեսնել»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա վստահեցրեց՝ Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՀՀ վարչապետի կողմից այն անձը, որը կհամապատասխանի կուսակցության, համախոհության շրջանակին, բայց միևնույն ժամանակ այդ անձը պետք է անցնի ընտրական փուլով և լինի գյումրեցիների նախընտրելին․ «Գյումրիում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն գյումրեցիների և համայնքի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակում գյումրեցիներն այլ ելք չունեն․ պետք է նորից գնան ընտրական տեղամաս և հաջորդ հինգ տարվա համար ընտրեն իրենց ավագանին և համայնքի ղեկավարին»։
Գևորգ Պապոյանը հայտարարեց՝ գյումրեցիներն են որոշելու, Գյումրին է որոշելու և Գյումրին այդ անելու իրավունքը պետք է ունենա․ «Դա լինելու է միայն ու միայն արտահերթ ընտրություններով»։
Հարցին՝ ինչո՞ւ է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը որոշվել անցկացնել Մոսկվայում, այլ ոչ թե Երևանում, ինչպես նախատեսված էր, Գևորգ Պապոյանն ասաց․ «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ