Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է վերադարձի իրավունքի իրացման համար էական նշանակություն ունեցող՝ Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը

Նոյեմբեր 27,2024 16:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նոյեմբերի 21-ին գումարել է առցանց հանդիպում՝ Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդերլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների պատասխանատուների և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի անձնակազմի մասնակցությամբ։ Հարգելի պատճառներով հանդիպմանը չեն մասնակցել Հունաստանի, Ռումինիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։

Ներկայացնելով հանձնախմբի նպատակը և գործունեությունը՝ Վ․ Օսկանյանը նշել է, որ հանձնախմբի գլխավոր օրակարգը միջազգային պաշտպանության երաշխիքներով արցախահայության հավաքական հայրենադարձության իրավունքի հետապնդումն է միջազգային հարթակներում։

Մասնակիցները, որպես օրվա հրամայական շեշտել են այդ խնդրի՝ բոլոր առումներով բարձրացումն ու հետապնդումը, որովհետև այն ոչ միայն արդար իրավունքի իրացման խնդիր է, այլ նաև միջազգային իրավունքի պարտադիր նորմ, ինչի վերաբերյալ արդեն իսկ գոյություն ունի միջազգային լայն արձագանք, Արդարադատության միջազգային դատարանի որոշում և բազմաթիվ երկրների ու կազմակերպությունների հայտարարություններ։

Կարևորվել է վերադարձի իրավունքի իրացման համար էական նշանակություն ունեցող՝ Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը։

Քննարկման ընթացքում կարևորվել է նաև վերադարձի իրավունքի իրացման գործում համահայկական ուժերի զորաշարժի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել ներկայում Հայաստանի իշխանությունների կողմից այս հարցի հետապնդման բացակայութանը։

Ժողովի մասնակիցները նաև զեկուցել են իրենց երկրներում ի նպաստ Արցախի խնդրի կատարված աշխատանքները։

Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկա նիստը նույնպես գումարել արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման աշխատանքների օրակարգով՝ քննարկելու շրջաններից ստացված առաջարկները։ Որոշվել է նաև մշտական կապ պահել Վարդան Օսկանյանի և հանձնախմբի այլ անդամների հետ՝ փոխադարձ իրազեկելու կատարվող աշխատանքների մասին և, ըստ անհրաժեշտության, համադրելու նախաձեռնությունները։

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930