Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը եւ նրա գաղափարակից պաշտոնյաները ենթարկվելու են պատասխանատվության՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու, մեր զինվորներին զոհաբերելու համար»․ Բազեյան

Նոյեմբեր 27,2024 15:54

«Հայաստանում գործող կուսակցություններն ու անհատները պետք է թողնեն իրենց հավակնությունները, քաղաքական կողմնորոշումները եւ համախմբվեն՝ ձեւավորելով հզոր դաշինք, ոտքի հանելով ժողովրդին ու հանրապետությունում կազմակերպելով անհնազանդություն՝ գործող ապազգային իշխանության դեմ։ Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի եւ այս կառավարության հեռացումը եւ գործող Ազգային ժողովի լուծարումը»,- «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման երկրորդ համաժողովում ասաց միավորման ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։

Նա առաջարկեց առաջիկայում կազմակերպել համախմբման համաժողով, ձեւավորել հզոր դաշինք ու համաձայնեցված քաղաքական ծրագրեր ներկայացնել հանրությանը։

Բազեյանն ասաց, որ իրենց միավորման առջեւ դրված խնդիրները նախորդ տարիներին չեն կատարվել։ «Հիմնադրելով Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը՝ մենք մեր առջեւ դրել էիք երկու խնդիր՝ առաջինը, Հայաստանի եւ Արցախի սահմանների վրա թշնամու կողմից ոտնձգություն կատարելու դեպքում՝ մենք ձեւավորելու էինք վաշտեր ու գումարտակներ եւ հայոց բանակի զինվորների կողքին պաշտպանելու էինք մեր հողը։

Երկրորդ խնդիրը հետեւյալն էր՝ մեր օրինակով փորձելու էինք համախմբել առողջ ազգային ընդդիմադիր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, հայրենակցական միություններին, անհատ մարդկանց մեկ գաղափարի շուրջ, ոտքի հանել մեր ժողովրդին՝ ամբողջ Հայաստանով մեկ անհնազանդություն ցուցաբերելու ապազգային իշխանությանը։ Դա չստացվեց, որովհետեւ մեզ չհաջողվեց այդ համախմբումը կազմակերպել։ Բայց մենք շարունակում ենք մեր գործունեությունը, ես հաճախակի հանդիպում եմ տարբեր մարմինների ղեկավարների հետ։ Մենք այս իշխանությանը փոխելը դիտարկում ենք որպես միջոց՝ մեր ժողովրդի ու պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։ Քանի նիկոլական իշխանությունը գոյություն ունի, մենք գտնվելու ենք անկման փուլում։ Բայց մենք համոզված ենք, որ գալու է վերելքի ժամանակահատվածը։

Մենք համախմբելու ենք մեր ժողովրդին, այդ թվում՝ Սփյուռքի հայությանը մեկ գաղափարի շուրջ՝ պետք է պահել ու պահպանել Հայաստանը, հզորացնել մեր բանակն ու ազատագրել Արցախը։ Մենք չենք կարող համակերպվել Արցախի կորստյան հետ, Արցախը միշտ եղել է պատվար Հայաստանի ու հայերի համար, իսկ Նիկոլը Արցախը միշտ գնահատում էր որպես խանգարող հանգամանք Հայաստանի համար»,- ասաց նա։

Բազեյանի խոսքով՝ այսօր լիարժեք համախմբում չկա, քանի որ քաղաքական ուժերը միասնական չեն․ «Մայր Հայաստան դաշինքը հանրահավաքներ էր կազմակերպում Հանրապետության հրապարակում, իսկ ԱԺԲ-ն՝ Ազատության հրապարակում։ Եկեք միացեք, չմիացանք ու մինչեւ հիմա հնարավորություն չի եղել այդ համահայկական համախմբումը ձեւավորել եւ հեռացնել այս ապազգային ու ազգակործան իշխանությանը։ Մենք հավակնություններ չունենք, ընդամենը որպես միջնորդ ենք հանդիսանում։ Մենք չենք ասում՝ եկեք միացեք մեզ, մենք ասում ենք՝ գալիս ենք միանանք ձեզ, բոլորս միավորվենք, համախմբվենք, որպեսզի կարողանանք ձեւավորել այլընտրանք այսօրվա գործող իշխանությանը, որովհետեւ հանրությունը չի տեսնում այլընտրանք այսօրվա գործող իշխանությանը։ Վեց տարի առաջ նույն ուժերն էին՝ ՔՊ-ն իշխանություն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները՝ տիտղոսային ընդդիմություն։ Հիմա նորից նույն պատկերն է, դրա համար էլ ոչինչ չի փոխվում»։

Բազեյանն ասաց՝ ինչքան երկարաձգվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այնքան մենք կորցնելու ենք։ «Մենք հուսով ենք, որ շուտով Հայաստանում ձեւավորվելու է նոր ազգային իշխանություն, որը կստանձնի պատասխանատվություն եւ կիրականացնի մեր ժողովրդի նպատակները հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը եւ նրա գաղափարակից պաշտոնյաները ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթարկվելու են քրեական պատասխանատվության՝ մեր պետությունը հանպատրաստից պատերազմի տանելու, մեր տաղանդավոր ու հաղթական ժողովրդին պարտության մատնելու, Արցախն Ադրբեջանին հանձնելու, 5000 զինվորներին ու ազատամարտիկներին զոհաբերելու, ինչպես նաեւ բուն Հայաստանի տարածքից ռազմավարական նշանակության մի շարք բարձունքներ ու դիրքեր թշնամուն հանձնելու համար»,- նշեց նա։

Ալբերտ Բազեյանը նաեւ ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգը մեր իրականության պայմաններում իրեն չի արդարացնում, Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ։ Ըստ նրա՝ պետք է անցում կատարել նախագահական կառավարման համակարգին։ Այսօրվա խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը դարձել է բռնապետ։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930