Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդքան պետք չէ պարզեցնել․ դա մի նկարի պատմություն չէ, դա քաղաքական դիրքորոշման խնդիր է․ կքննարկվի խմբակցությունում»․ Արթուր Խաչատրյանը՝ Գեղամ Նազարյանի մասին

Նոյեմբեր 27,2024 15:46

«28 հոգի այլ կարծիք ունի, 29-րդի կարծիքը չգիտեմ՝ ձեզ համար ինչքանով է ուղենիշային»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ այդ հարցը քննարկվելու է խմբակցության նիստում, որից հետո կգան եզրակացության և հանգուցալուծման։ Հարցին՝ այդ քննարկումը քաղաքական հետևանք ունենալո՞ւ է, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Հարցը պետք է քննարկվի, օրակարգային է։ Արդյունքների մասին կտեղեկացնենք»։

Հարցին՝ իսկ ինքն անձամբ պատկերացնո՞ւմ է հետագայում իր համագործակցությունը Գեղամ Նազարյանի հետ, Արթուր Խաչատրյանն այսպես արձագանքեց․ «33 տարուց ավելի կուսակցական կարգապահությանը սովոր մարդ եմ։ Եթե դու քաղաքական կառույցի մաս ես և հնարավորություն ունես ձևավորելու քաղաքական կառավարման դիրքորոշում, բայց ձախողում ես, հետևաբար դու ունես երկու ընտրություն․ կամ շարունակում ես պաշտպանել քաղաքական կառույցի դիրքորոշումը կամ դուրս ես գալիս կառույցից»

Լրագրողները կես կատակ կես լուրջ հարցրին՝ կարո՞ղ է Հովիկ Աղազարյանի հետ փոխատեղում լինի, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Հովիկ Աղազարյանը կուսակցությունից հեռացվել է 20 տարուց ավելի, կանոնադրական խախտման համար։ Կուսակցական կանոնակարգը կարգավորում է այդ խնդիրը․ անձը կարող է զղջալ ու դիմել կուսակցությանը, բայց դա չի նշանակում, որ ղեկավար կազմը դա կընդունի»։

Գեղամ Նազարյանի՝ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարին առնչվող մեկնաբանությունների առիթով էլ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ես գնացել եմ գործուղման և մնացած բոլոր պատգամավորները․ ունեն նկարներ։ Եթե պատվիրակությունով գնում ու հանդիպում ես Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատվիրակությանը, դու նստած ես սեղանի շուրջ, քո փոխարեն պետք է Միքելանջելոյի Դավիթի նկա՞րը դնեն։ Չէ։ Այդքան պետք չէ պարզեցնել․ դա մի նկարի պատմություն չէ, դա քաղաքական դիրքորոշման խնդիր է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է. «Հարգելի «Հայաստան» դաշինքի պատգամավորներ, եթե մեզ հետ ունեցած ձեր լուսանկարները չենք հրապարակում, չի նշանակում, որ դուք մեզ հետ լուսանկարներ չունեք))»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930