«Առաջիկայում Երեւանում ակնկալվում է իրական թատերական տոնախմբություն: Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը պատիվ ունի ուրախությամբ ներկայացնելու մեր հայրենակից աշխարհահռչակ երեւույթ Սիմոն Աբգարյանին եւ իր թատերախումբը: Իրապես վերջին շրջանի Եվրոպայի ամենատիտղոսավոր ներկայացումներից մեկն է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը»,- Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանը կայացած ասուլիսում նշեց Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
«Մայր թատրոնի որդեգրած հիմնական քաղաքականության մի ճյուղը միջազգային համագործակցությունն է: Միջազգային համագործակցություն ասելով՝ մենք ամենեւին չենք պատկերացնում միայն մեկ հյուրախաղ: Դա տեւական աշխատանք է: Աշխատելով Սիմոն Աբգարյանի եւ իր թատերախմբի հետ՝ փաստացի իրականացնում ենք թատերական փոխանակում: Սա՛ է մեր նպատակներից մեկը»,-հավելեց նա: Նշելով, որ ներկայացումները կկայանան դեկտեմբերի 5-ին և 6-ին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկայացրեց, թե ինչպես է ձեռք բերվել պայմանավորվածությունը, որ Սիմոն Աբգարյանի ներկայացումը լինի Մայր թատրոնի բեմում, եւ Հայաստանն ու Ֆրանսիան ընդհանրապես համագործակցեն թատրոնի ոլորտում: «Այս թատրոնը եզակիներից է, որ այդքան մեծ արձագանք է ունեցել Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս, նաեւ ստացել է Ֆրանսիական ազգային թատրոնի 3 բարձրագույն՝ «Մոլիեր» մրցանակ»,-նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Հավելեց, որ Ֆրանսիայում Սիմոն Աբգարյանին առաջարկվել է ֆիլմում խաղալ Շառլ դը Գոլի դերը, որը ամեն մեկին չի վստահվում. «Դա պետք է խաղա հզոր արտիստ, ունենա հանդիսատեսի համակրանքը, ու դա կերտվեց Սիմոն Աբգարյանի ջանքերով, եւ 2025-ին պայմանավորվել ենք, որ լինի նաեւ կինոնկարի հայաստանյան պրեմիերա»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը նշեց, որ սիրով աջակցում են Գ. Սունդուկյանի անվան թատրոնին, որովհետեւ ծրագրերը հավակնոտ են եւ հետաքրքիր: Նա ընդգծեց, որ Երևանյան միջազգային թատերական փառատոնի շնորհիվ՝ հայ հանդիսատեսը հնարավորություն ունի բացահայտելու միջազգային լավագույն թատերախմբերի ներկայացումները: Քսավիե Ռիշարը հիշեցրեց, որ անցյալ տարի փառատոնի շրջանակում ներկայացվել է «Օդեոն» թատրոնի ներկայացումներից մեկը, իսկ այս տարի հյուրընկալում են Սիմոն Աբգարյանին եւ նրա թատերախմբին: «Դա շատ խորհրդանշական է, որովհետեւ Սիմոն Աբգարյանը կապում է Հայաստանն ու Ֆրանսիան իրար՝ պատմական եւ բարեկամական խորը կապերով»,-նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդականը:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացմանը տրված «Մոլիեր» մրցանակը համարժեք է կինոաշխարհում շնորհվող «Սեզարին» կամ «Օսկարին»:
Բեմադրիչ, գրող, դերասան Սիմոն Աբգարյանի ձեւակերպմամբ՝ թատրոնը դիմադրող, ուշիմություն, ուժ տվող ազատ վայր է: «Ընդհանրապես թատրոնի մարդիկ աղքատ են եւ ազատ: Մենք ենթակա չենք դրամին՝ չնայած հասկանում ենք, որ եթե փողը չլիներ, ես այսօր ձեր առջեւ կանգնած չէի լինի: Լավ է, որ պետությունները՝ Հայաստանը եւ Ֆրանսիան հնարավորություն են տալիս, որ մեր գործն իրականացնենք: Անշուշտ, ուրախ եմ, որ այստեղ եմ: Ուրախ եմ, որ գործով ենք այստեղ, որովհետեւ տուրիստական պահը վաղուց անցել է, այդ վիրուսը չկա իմ արյան մեջ, ես ուզում եմ գալ, իմ հայրենիքում աշխատել՝ թեկուզ հասկանալով, որ Ֆրանսիան եւ Լիբանանն էլ Հայաստանի նման իմ հայրենիքն են: Շառլ Ազնավուրն էր ասում՝ 100 տոկոսով հայ եմ, 100 տոկոսով՝ ֆրանսիացի, իմ պարագայում մի քիչ ավելի բարդ է: Ասես դրամի ենք նման. լույսի դեպքում մեկ Հայաստանի մասն է փայլում, մեկ Ֆրանսիայի: Թատրոնը մի կարեւոր վայր է, որ միացնում է մեզ իբրեւ ազգ եւ անձ՝ անկախ նրանից Ֆրանսիայից ենք եկել, Հայաստանից, թե Լիբանանից: Մենք մեկ ազգ են: Ես հավատում եմ մարդկությանը, եթե չհավատայի պատուհանից կնետվեի, կյանքը արժեք չի ունենա, եթե իրար հետ պարզապես քեֆ անենք»:
Անվանի արվեստագետը նշեց, որ ամեն ոք պետք է իրեն հարց տա, թե ինչ օգուտ է տալիս մարդկությանը. «Այդ հարցով եմ ես առաջ գնում: Թատրոնը իմ կյանքն է, այդպես եմ տեսնում եւ ընկալում աշխարհը, ինչը դարձնում եմ բանաստեղծական գործ՝ բեմի վրա: Ես շատ ուրախ եմ Հայաստան գալու ու այստեղ կոնկրետ գործ անելու համար: Ուրախ եմ այս թատրոնում լինելու համար, գիտեմ, որ ուրիշ թատրոններ էլ կան Երեւանում, Գյումրիում եւ այլ քաղաքներում, որ ծաղկում են, աշխատում են ժողովրդի համար… Այն դրամը, որ մեզ տալիս են պետությունները, պետք է համեստորեն վերադարձնենք ժողովրդին… Թատրոնի մարդիկ դա անում են յուրովի… Երբ Լիբանանում մորս հարցում էին՝ Սիմոնն ինչ է անում, ասում էր՝ թատրոն: Հարցնում էին՝ այդ գործը ինչ է… Հավատ պետք է ունենաս, հավատի հարց է, պայքարի հարց է, երախտապարտ լինելու հարց է, որ թատրոն կա, պետություններ կան, որ փող են տալիս, որ պինդ դառնա մեր երկիրը, իսկ արվեստը երկիրը, ազգը ամրացնելու գործին մաս է կազմում նաեւ թատրոնը: Մենք նման ենք Իշխանաձկին, երբ ջուրն աղտոտվում է, առաջինն ինքն է մեռնում: Մենք՝ արվեստագետներս մեր ապրելու վայրը մաքուր պահող ձկներն ենք, հուսանք, որ ինչպես մեր զինվորները, դիվանագետները, մեր ժողովուրդը, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում պահակներն ենք այդ մաքրության»:
Դառնալով Ֆրանսիական ազգային թատրոնի «Մոլիեր» մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացմանը, նշենք, որ այն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ եւ տպավորիչ խորեոգրաֆիայով: «Քոմփանի դե սընք ռու» (Compagnie des 5 roues) թատերախմբի այս ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ այլ երկրներում: Ներկայացումն ուղեկցվում է «Howlin’ Jaws» խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, խորեոգրաֆիայով եւ ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի» եւ Մայր թատրոնի ֆեյսբուքյան էջից