«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, էլի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես։ Պետք է կողմնորոշվել՝ կամ-կամ»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի համեմատություն արեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ այն ուղղությամբ, որով ՀՀ իշխանություններն ուզում են դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքականությունը, այդտեղից երևելի ոգևորություն չկա․ «Չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկեք մեզ մոտ, մասնակցեք զորավարժությունների։ ՀԱՊԿ էլ չեն գնում, քանի որ իմ կարծիքով՝ Ադրբեջանը թույլ չի տալիս։ Ադրբեջանը հայտարարել է, որ հենց ՀՀ-ն քայլեր ձեռնարկի իր ռազմական ոլորտը մեծացնելու ուղղությամբ, մենք հակառակ քայլեր կձեռնարկենք։ Ակնհայտ է, որ ցանկացած ռազմական զորավարժություն մեծացնում է տվյալ երկրի զինվորական պոտենցիալը։ Չեմ բացառում, որ վախենում են Ադրբեջանին թթու խոսք ասել։ Նույն Հռոմի ստատուտի հետ կապված վախենում են Ադրբեջանից, դրա համար խաբել են, դրա համար իրենց խոստումը չեն կատարում։ Օրինակ՝ Ալիևի դեմ գործ չեն հարուցում, ավելին, Ադրբեջանի ճնշման ներքո վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են միջազգային հայցերը հետ քաշել երկկողմանի»։
Հարցին՝ ՀՀ-ն ինչո՞ւ վավերացրեց Հռոմի ստատուտը, Արթուր Խաչատրյանն այսպես պատասխանեց․ «Որովհետև կարծել են, որ նման քայլերով կկարողանան ստանալ Արևմուտքի՝ մասնավորապես Եվրոպայի բարեհաճ վերաբերմունքը։ Բայց Եվրոպան ապրիլի 5-ին գիծը քաշեց․ ասաց՝ մեր հարաբերությունները կարգավորվում են CEPA-ով։ 2025-ի բյուջեի նախագծում նույնիսկ դրամաշնորհներն ավելի քիչ ծավալի են ակնկալվում, քան եղել են 2024-ին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ