Լրահոս
Օրվա լրահոսը

Կուզենայի բարձրաձայնվեին ոչ միայն մեր սոցիալական խնդիրները, այլև գերիների վերադարձի, Արցախ վերադառնալու պահանջը. Սնեժանա Թամրազյան. «Ապառաժ»

Նոյեմբեր 27,2024 14:56

«Ապառաժ». Սնեժանա Թամրազյանն Արցախից է։ Նրա ընտանիքը տեղահանությունից հետո հաստատվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Սնեժանան աշխատում է, միաժամանակ ծավալում ակտիվ հասարակական գործունեություն, զբաղվում կամավորական աշխատանքներով։

Ի՞նչ երազանքներ և նպատակներ ունեք․․․

-Ինչպես շատերը, ես երազում եմ խաղաղության մասին, բայց խաղաղությունը մեզ համար միայն խաղաղ երկինք չէ. դա հնարավորություն է ապրելու մեր տանը, զարգացնելու մեր համայնքը, կրթվելու, աշխատելու և երազանքները կյանքի կոչելու։ Քանի որ այդ ամենը այս պահին հնարավոր չէ Արցախում, ես դա անում եմ Սյունիքում։ Սյունեցիները մեզ նման գիտեն, թե ինչ է նշանակում դժվարությունները հաղթահարել, կորուստների միջով անցնել և նորից կանգնել ոտքի վրա։ Այս նմանությունը ստիպում է ինձ զգալ, որ Սյունիքում ես օտար չեմ, որ այստեղ մարդիկ հասկանում են մեր ապրումները։ Ես մտահոգ եմ Սյունիքի ապագայի համար։ Չնայած դրան, ես ընտրել եմ այստեղ ապրել։ Ոչ թե պարզապես գոյատևելու, այլ իսկապես ապրելու՝ սովորելու, աշխատելու և իմ ներդրումն ունենալու համար։ Գիտեմ, որ այս հողն ունի իր մարտահրավերները, բայց այն նաև ունի անսահման հնարավորություններ։ Այժմ փորձում եմ վախը վերածել էներգիայի, անորոշությունը՝ նպատակների։ Ես շարունակում եմ աշխատել նաև իմ նպատակի վրա՝ դառնալու իրավաբան, ով կկարողանա իրագործել արդարության սկզբունքները և միջազգային կառույցներում ներկայացնի Արցախը և պաշտպանի մեր ինքնորոշման իրավունքը։ Անկեղծ ասած, վերջերս նկատել եմ, որ կան մարդիկ, ովքեր կոչ են անում դիմել ՄԻԵԴ՝ նյութական վնասների փոխհատուցման հայցով։ Շատերի համար սա կարող է թվալ որպես միակ հնարավորը, բայց ես, որպես իրավաբան և որպես արցախցի, ուզում եմ նշել, որ մենք պետք է ավելի խորապես մտածենք այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ նման դիմումներով։ ՄԻԵԴ-ը կարող է լինել մարդու իրավունքների պաշտպանության ու արդարության վերականգնման կարևոր գործիք, սակայն երբ խոսքը վերաբերում է Արցախի հարցին, կարծում եմ, որ մենք պետք է զգույշ լինենք, որ չվտանգենք մեր ազգային շահերը։ Դիմելով ՄԻԵԴ՝ նյութական վնասների փոխհատուցման պահանջով, մենք գործնականում կարող ենք փակել այն հնարավորությունը, որ մի օր կրկին կվերադառնանք մեր տուն, մեր հայրենիք՝ Արցախ։ ՄԵՆք կարող ենք դիմել ՄԻԵԴ՝ բարոյական վնասների փոխհատուցման համար՝ նշելով, որ մենք ստիպված էինք լքել մեր տները ՝ ցեղասպանության վտանգի տակ։ Արցախ վերադարձի հարցը պետք է մնա մեր պայքարի կենտրոնում։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն մեր ազգային նպատակներին՝ Արցախում ապրելուն, մեր իրավունքների պաշտպանությանը։ Ինձ համար Արցախի վերադարձը ոչ միայն քաղաքական կամ ռազմական խնդիր է, այլև իրավաբանական: Ես չեմ կորցրել հավատս՝ մի օր մենք կրկին կկարողանանք ապրել Արցախում, վերականգնել մեր հայրենիքը։ Եվ ես հավատում եմ, որ իրավաբանը պետք է լինի պայքարի մաս՝ ստեղծելով այնպիսի իրավական միջավայր, որտեղ մեր ձայնը միշտ կհնչի։

Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը 2025 թվականից արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշման մասին։

-Վերջերս նաև ամենաքննարկվող թեմաներից է 50000 դրամ աջակցության ծրագրի դադարեցումը։ Ես համաձայն եմ, որ աջակցությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել մեր բնակարանային խնդիրները։ ՀՀ-ում բնակարանների վարձակալման գները բավականին բարձր են, և կառավարության կողմից տրվող 50000 դրամ աջակցությունը չի բավարարում նույնիսկ վճարելու տան մեկ ամսվա վարձավճարը (հատկապես փոքր ընտանիքների համար)։ Չպետք է մոռանալ, որ Արցախում մարդիկ ունեին սեփական տներ, գյուղատնտեսական հողեր, աշխատանք, սեփականություն, որով ապրում էին ինքնաբավ կյանքով։ Այդ տները ոչ միայն ֆիզիկական արժեք ունեին, այլև ընտանեկան ժառանգություն էին։ Ժամանակին լիարժեք կյանքով ապրող մարդիկ այսօր ստիպված են ապրել որպես «օգնություն ստացողներ»։

Նոյեմբերի 30-ին կայանալիք հավաքի ժամանակ կուզենայի բարձրաձայնվեր ոչ միայն մեր սոցիալական խնդիրները, այլև քաղաքական հիմնահարցեր, այն է՝ գերիների վերադարձի պահանջ, պահանջ՝ Արցախ վերադառնալու և միասնական քաղաքական օրակարգ մշակելու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930