Ճակատագրի թեման համաշխարհային արվեստում ամենաշատ քննարկված թեմաներից մեկն է: Տարբեր դարաշրջաններում, ելնելով հավատալիքների խտությունից ու խստությունից, այն ավելի կամ պակաս չափով է ունեցել իր հասարակական ու մշակութային ազդեցությունը: Իսկ, ըստ հանրային ազդեցության աստիճանի՝ այն գեղարվեստական արտահայտությունն է ստացել արվեստում, կերպարվեստում, հատկապես գրականության մեջ, ավելի ցայտուն կերպով` թատերախաղում, դրամատուրգիայում`դրամայի, ողբերգության կամ կատակերգության բեմաձևերով:
Սոֆոկլեսի «Էդիպ արքա» ողբերգությունը, ըստ պատմագրության՝ ստեղծվել և բեմադրվել է մ.թ.ա. 429-425թթ. ժամանակահատվածում: Աշխարհում այն բազում թատերգական մեկնություններ ևս ունեցել է: Ի դեպ, «Էդիպ(ուս) արքան» շատ կարդացվող և քիչ բեմադրվող ողբերգություններից մեկն է, գոնե Հայաստանում. հավանաբար այնքան բարդ են աստվածների որոշած ճակատագրի և մարդու ինքնուրույն կամքի փոխհարաբերությունները, որ բեմի հերոսները, ովքեր հայտնվում են ամենատարբեր իրավիճակներում՝ պալատներում, ճանապարհներին ու քաղաքներում՝ պետք է կարողանան մինչև թատերախաղի վերջ օրգանապես պահպանել աստվածների ասածներն ու մարդու ինքնուրույն որոշումները և հենց իրենց մեջ ներկայացնեն աստվածների «գրած» ճակատագրի ու մարդու բախումը:
Խճճանքից խուսափելու վախը շատ անգամ «խելամիտ» ձևով բերում է այն որոշման, որ ավելի լավ է կարդալ, քան այդ գործը բեմադրել: Ըստ մեր տեղեկությունների՝ շատ սիրված «Էդիպ արքա» թատերգությունը առաջին անգամ է բեմադրվում Հայաստանում և այն էլ ոչ թե բազում դերակատարներով, այլ ներկայացվում է որպես մենաներկայացում` դերասանուհի Ժաննա Հովակիմյանի կատարմամբ:
Բեմադրությունն էլ իրականացված է հեռակա կարգով, մեր ժամանակների համար գործնական դարձած առցանց ձևաչափով, քանի որ չափազանց համարձակ ռեժիսոր և մտահղացման հեղինակ Վլադիմիր Տառասյանցը ապրում, աշխատում և ստեղծագործում է Գերմանիայում, դասավանդում թատերական համալսարաններում, նկարահանվում կինո և հեռուստաֆիլմերում, բեմադրում ներկայացումներ:
Մեր հայրենակցին գերզբաղվածությունն է բերել առցանց իրականացնելու տարբերակին ու քանի որ չափազանց մեծ է հայրենիքում գործելու և բեմադրելու ցանկությունը, ապա «Էդիպ արքան» իրականացնող երկյակ այս դուետի համար ժամանակի չլինելն ու տարածության հեռավորությունը արգելք չդարձան հայաստանցի հանդիսատեսին ներկայացնելու այս ողբերգությունը:
Դերասանուհի Ժաննա Հովակիմյանին որևէ աշխատավայրում մշտապես դժվար է հանդիպել, քանի որ նա իր ստեղծագործական բնույթով բեմական փորձարարությունների կողմնակիցն է, հավատով ու նվիրված հայտնվում է ամենահամարձակ մտահղացում ունեցող ռեժիսորների կողքին և իրականացնում ամենախրթին համարվող բեմական թեմաները: Այս անգամ էլ վերջերս ներկայացված «Էդիպ»-ի բեմադրության ժամանակ ամեն ինչ անհավատալիորեն զարմանալի էր: Նախ, որ մենակ էր ներկայացնելու մշակութային աշխարհի ամենաբարդ թեմաներից մեկը, հետո, որ այդ բարդ թեման Վլադիմիր Տառասյանցի կողմից իրականացված էր առցանց:
Նշենք, որ բեմանկարիչը Անժելա Հովակիմյանն է, իսկ զգեստներ-ռեկվիզիտի դիզայներ-մոդելավորողը` Ռեբեկա Խաչիկյանը, բնականաբար նրանք էլ ռեժիսորի հետ ստեղծագործել են առցանց աշխատակարգով: Բայց ամենազարմանալին և գնահատելին դերասան-ռեժիսոր փայլուն ստացված, գերհամարձակ ու գերճշգրիտ գործող բեմական հայեցակարգն էր, որն արտահայտված էր նախ դերասանական բազմաժանր խաղով, որտեղ պետք է իրար համադրվեր վարպետորեն ներկայացված բեմական խոսքը, պարը, բազմաբնույթ ու արագափոփոխ կերպարանափոխությունները, պահպանելով անցումների դինամիկան, որով հնարավոր լիներ ներկայացնելու աստվածներ- մարդ բազում բախումները, հանդիսատեսին ներկայացնել հենց մեր մեջ ապրող մարդուն, որ կարծես թե նույնն է մնացել անցած երկուսուկես հազարամյակում, ցույց տալ, թե կարծես երեկ է գրվել այս պիեսը, որ ռեժիսորը կուլիսներից հետևում է, որ մեր օրերում էլ յուրաքանչյուրս ստիպված ենթարկվում ենք մեր կամ մեր երկրի ճակատագրին, որ վշտից իրեն կուրացնող մարդու բոլոր ջանքերը ապարդյուն են ճակատագրի որոշումների հանդեպ, բայց միևնույն է՝ մարդը մինչև վերջ պիտի կարողանա տեր կանգնել իրեն տրված և միայն իրեն պատկանող կյանքին:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.Գ. Վլադիմիր Տառասյանցը շուտով կներկայացնի երկու տարի առաջ Հայաստանում բեմադրած «Քույրեր» ներկայացումը` Ելենա Կասիմյանի և Ժաննա Հովակիմյանի մասնակցությամբ:
Լուսանկարներում՝ տեսարաններ «Էդիպ» ներկայացումից