«Հետք». Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման անմիջական ազդեցության տակ գտնվող «Աջափնյակ-4» քարայրը իրենից պատմամշակութային արժեք չի ներկայացնում և կարող է հանվել հուշարձանների պետական ցուցակից։ Այսպիսի եզրակացության են հանգել ազգային հնագիտական խորհրդատուներ Բորիս Գասպարյանը, Արտուր Պետրոսյանը և ազգային քարտեզագրական խորհրդատու Դմիտրի Առաքելյանը։
Նրանց եզրակացությունը տեղ է գտել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի լրամշակված տարբերակում, որը ներկայացվել է փորձաքննության։
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծի համաձայն՝ այն սկիզբ է առնելու Հրազդան գետի ձախափնյա հատվածից՝ Արաբկիր համայնքի վարչական տարածքում, որտեղ պահպանվել են դեռևս խորհրդային շրջանում կառուցված թունելների ելքերը։ Ապա անցնելով Հրազդան գետը նորակառույց կամրջով՝ Աջափնյակ համայնքի վարչական տարածք, գետի աջափնյա կողմում միանալու է նորակառույց ժայռափոր թունելներին, որոնցով հասնելու է «Աջափնյակ» կայարան։ Հրազդան գետի կիրճով անցնող հատվածը 210 մ է։
Նախագծի իրականացման համար ընտրված տարածքում առկա պատմամշակութային միավորները փորձագետները պայմանականորեն բաժանել են երկու մասի՝ ձախափնյա և աջափնյա խմբերի։
Ձախափնյա խմբի մեջ են մտնում Ձորաբերդ ամրոցը, Ձորաբերդ-1 քարայրը, Աբուհայաթի ջրանցքը և հարակից հին այգեգործական գոտին։ Այս բոլոր միավորները ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակութի հուշարձանների ցուցակում։
Նախագծողի հետ դիտարկվել են Հրազդան գետի կիրճը հատող՝ նոր կառուցվելիք մետրոյի կամրջի և Աջափնյակի 4 քարայրների և Դալմայի ջրանցքի փոքր թունելի փոխհարաբերությունը, քանի որ այդ միավորներն էին բացասական ազդեցության գոտում։
Ջրագծի և նշված միավորների համատեղ քատեզագրումից հասկանալի է դարձել, որ ուղղակի ազդեցություն կարող է կրել «Աջափնյակ-4» քարայրը։
«Իր հերթին՝ «Քարայր-4»-ի հետազոտության արդյունքում պարզվեց, որ վերջինս հնագիտական կարևորություն ունենալ չի կարող, քանի որ նրա ներսում առկա նստվածքներն իրենից ներկայացնում են բազալտային հոսքերի կոնտակտում առաջացած՝ կարմրավուն երանգ ունեցող, ոչ հզոր այրված շերտ, որի տակ անմիջապես նստած է ժայռը։ Նշենք նաև, որ քարայրը մեծապես տուժել է Դալմայի ջրանցքի՝ խորհրդային շրջանում իրականացված վերանորոգման արդյունքում, և նրա աջակողմյան մասը մնացել է ջրանքի բետոնապատ հատվածի տակ։ Գործնականում՝ «Աջափնյակ-4» քարայրը մետրոյի շինարարության համար խոչընդոտ հանդիսանալ չի կարող»,- եզրակացրել են փորձագետները։
Քարայրի կարմրավուն երանգ ունեցող նստվածքները
Ի վերջո, ամփոփելով հավաքագրած տեղեկատվությունը՝ փորձագետները եզրակացրել են, որ պատմամշակութային միավորների վրա բացասական ազդեցության տեսանկյունից Դալմայի ջրանցքի փոքր թունելը և Աջափնյակի երեք քարայրերը ֆիզիկական ոչնչացման վտանգ չունեն և անմիջական ազցդության չեն ենթարկվում։ Այսուհանդերձ, հատկապես Դալմայի թունելի պարագայում, նախագծողը պետք է մշակի և ներկայացնի շինարարության և շահագործման արդյունքում առաջացող վիբրացիան մեղմելու չափորոշիչներ և միջոցառումներ։ Ինչ վերաբերում է ֆիզիկական ոչնչացման կամ անմիջական ազդեցության վտանգ ունեցող «Աջափնյակ-4» քարայրին, ապա վերջինս, ըստ փորձագետների, այսօր, իրենից պատմամշակութային արժեք չի ներկայացնում և կարող է հանվել հուշարձանների պետական ցուցակից։
Լուսանկարները՝ ՇՄԱԳ նախագծից
Քրիստինե Աղալարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: