Հանճարեղ Հենրիկ Մալյանն իր «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը սկսում է առաջին հայացքից հիմնական սյուժեի հետ կապ չունեցող տեսարաններով: Ատոմային զենքի փորձարկում, «Բիթլզի» խելահեղ համերգ, ֆուտբոլ Էյսեբիոյի մասնակցությամբ, տիեզերանավի արձակում, «Ֆորմուլա 1»-ի մրցարշավ, կրկին ֆուտբոլ, ցլամարտ, կազինո, մյուզիքլ եւ … Այս ամենի համապատկերում գյուղացին երկու ոչխար է մորթել ու սկսվում է հետաքննություն:
Մալյանի ֆիլմից անցել է 55 տարի: Մեզ մոտ ոչինչ չի փոխվել: Թրամփը ընտրվում է ԱՄՆ նախագահ, որից հետո Գերմանիայի կառավարությունը փլուզվում է եւ նշանակվում են նոր ընտրություններ, 40-ամյա Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում շքեղ գոլ է խփում, Ռուսաստանն Ուկրաինային հարվածում է գերհզոր զենքով, Լուկաշենկոն խոսում է Երրորդ համաշխարհայինի անխուսափելիությունից, Իսրայելն աշխարհի աչքի առաջ Գազայի գոտում եւ Լիբանանում խաղաղ բնակիչների կյանքեր է խլում, Իրանն ու Ադրբեջանը փորձում են բարելավել հարաբերությունները, Չինաստանն ու ԱՄՆ-ը միմյանց մկաններ են ցուցադրում, Հայաստանում պաշտոնանկությունների շարան է եւ այս համապատկերում պարզվում է լրատվականներին, քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին ֆեյսբուքյան օգտատերերին եւ ֆեյքերին հետաքրքրում է բացառապես Գեղամ Նազարյանի լուսանկարը: Իրոք մտահոգիչ պատկեր: Իրոք խելահեղություն:
Գեղամ Նազարյանը հերիք չի համարձակվել է մեկնել գործուղման, անգամ համարձակվել է լուսանկարվել, այն էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս ամենը դեռ քիչ չէ, նա համարձակվել է ժպտալ: Չեն ալարել, լուսանկարը մեծացրել են եւ այնտեղ ժպիտ գտել:
Հայհոյանք, ծաղր, անեծքներ, սպառնալիքներ: Այս ամենին մենք արդեն սովորել ենք: Եվ կապ չունի՝ ում են հայհոյում եւ անիծում, ում են վիրավորում: Գիտեն, որ պատասխան չեն տալու եւ ատելության ավելցուկի հերթական արտանետումը, ձեռքի հետ էլ Գեղամ Նազարյանին վարկաբեկելու հերթական հուսահատ փորձը:
Կարդացեք նաև
Բազմաթիվ անգամ եմ ասել՝ մի փորձեք, չեք կարող: Գեղամ Նազարյանը հայրենիքի ու պետության ծառան է եւ ոչ անհատի կամ անհատների: Ժամանակ եւ ռեսուրսներ մի վատնեք:
Գեղամ Նազարյանը պատգամավոր է եւ երբեմն գործուղման է մեկնում, իսկ եթե մեկնում է, այն գաղտնի չի պահում: Հավատացեք, ես այնքան ուժեղ եմ, որ չեմ վախենում կանգնել Ալեն Սիմոնյանի կողքին եւ լուսանկարվել: Անգամ չեմ վախենում մտնել նիստերի դահլիճ, երբ Ալեն Սիմոնյանը վարում է նիստը: Պատկերացրեք, անգամ գրանցվում եմ եւ ելույթ ունենում: Չեք կարող երեւակայել, բայց ընդմիջումներին ՔՊ-ականների հետ ինչ-որ հարցերի շուրջ մտքեր եմ փոխանակում: Անգամ հանձնաժողովի նիստերին լինում է, որ նստում եմ ՔՊ-ական պատգամավորների կամ կառավարության ներկայացուցիչների կողքին: Սա դեռ հերիք չէ, դեռ նիստն էլ հեռարձակվում է:
Իսկ եթե ընդհանրապես մերժում եք խորհրդարանական աշխատանքը, ապա ինչպես հայտնի հումորային ֆիլմում են ասում, եկեք ավտոմեքենաների համարները հանենք ու իջնենք ձոր, բայց վախենամ այնտեղից այլեւս որեւէ մեկը չի բարձրանա, իսկ երկիրն էլ կկորցնենք հավերժ:
Եվ դեռ որքան քաղաքական դաշտի եւ քաղաքական ուժերի վարքագիծը պետք է թելադրեն օրերով սրճարաններում նստող եւ ինտրիգներ հյուսող անբաններն իրենց ֆեյքերի բրիգադով: Չեք հասկանո՞ւմ, որ այսպես թուլանում ենք ու քայքայվում եւ մղվում աշխարհի ամենահետամնաց հասարակությունների շարքը: Այս մթնոլորտը միայն ու միայն անբանների, պոպուլիստների, ինտրիգանների, խաբեբաների եւ հայհոյախոս բլոգեր-քաղաքական գործիչների դաշնակիցն է:
…Հայհոյանքներ, անեծքներ, մեղադրանքներ, անգամ զոհված Աբգարիս են հիշում, առանց մեկ վայրկյան մտածելու՝ ինչ են անում:
Լրագրողին մտերմաբար բացատրել եմ, որ «Հայաստան» դաշինքը ընտրություններին չի մասնակցել խորհրդարանական ընդդիմության վերածվելու նպատակով, այլ հաղթելու եւ իշխանություն ձեւավորելու համար: Մենք պատրաստ էին այդ բարդ փուլում մեզ վրա վերցնել ահռելի մեծ պատասխանատվություն եւ երկիրն աստիճանաբար դուրս բերել ծայրահեղ ծանր իրավիճակից: Ստացվեց այնպես, որ մենք դարձանք խորհրդարանական ընդդիմություն եւ մենք պետք է որոշեինք վերցնում ենք մանդատները, թե ոչ: Վերցրինք, իսկ դա նշանակում է, որ պետք է խորհրդարանում աշխատեինք ամբողջ ծավալով, ապացուցելու համար բոլորին, որ հաստատ պետք չէր իշխանությունը վստահել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին, միաժամանակ մնալով մեր համոզմունքի մեջ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտություն է մեր պետության համար:
«Հայաստան» խմբակցության անդամները, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պետական մտածողություն ունեցող մարդիկ են եւ պետության շահը վեր են դասում նեղ թիմայինից: Եվ խորհրդարանական գործունեության ընթացքում ամեն կերպ, ամեն ձեւով կառավարող ուժին հուշում ենք, թե որ քայլերից հատկապես պետք է խուսափեն երկիրն առավել ծանր վիճակի մեջ չդնելու համար: Միաժամանակ մնում ենք նույն կարծիքին, որ հատկապես պատերազմից հետո երկրի առաջնորդը պետք է փոխվի: Այսուհանդերձ, մենք նախ հանրության գերակշիռ մասին պետք է կարողանանք համոզել դրանում, իսկ դրա համար պետք է լավ աշխատել նաեւ խորհրդարանում: Առանց հանրության մեծամասնության աջակցության ցանկացած իշխանափոխություն միայն վնասներ կբերի մեր երկրին:
Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ նիկոլական լինելու մեջ մեղադրում են նրանք, ովքեր 2018-ին ինձ աղաչում էին, որ միջնորդեմ, որ իրենց կառավարության մի անկյունում տեղավորեն, մեղադրում են նրանք, ովքեր հավանորեն իրենց տան մի մութ անկյունում պահում են «Դուխով» մակագրությամբ իրենց գլխարկները: Այո, ոչ հերքել, ոչ հերքելու եմ իմ անցյալը, քանի որ ամաչելու ոչինչ չունեմ, բայց ինձ նիկոլականության մեջ մեղադրելուց առաջ հենց ձեզ շատ ուշադիր նայեք: Տասը տարի Սերժ Սարգսյանին ամենասուր քննադատության ենթարկելուց հետո 2018-ին, ի տարբերություն շատ շատերի, չշտապեցի աջակցել Նիկոլ Փաշինյանին: Ընդհակառակը պնդում էի եւ համոզված էի, որ նա չէ, որ պետք է առաջադրվեր վարչապետի պաշտոնում: Այս մասին այսքանը:
Առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած Հայաստանում ինձ մեղադրում են նաեւ նրա համար, որ համարձակվել եմ հայտարարել, թե ներում եմ Նիկոլին: Հայաստանում չեն հասկանում, թե ինչ է ներելը: Չեն հասկանում իրենց քաղաքական գործիչ համարողները, լրագրողները եւ այնքան են իջնում, որ ինձ ասում են, թե ես այնքան ստոր եմ, որ ներել եմ իմ որդուն…
Ներելը շնորհ է: Ներել նշանակում է գիտակցել, որ Աստված ներելու է միայն ներողներին: Շատ մեծ իմաստնություն է պետք այս գիտակցությանը գալու համար: Սա ես չեմ ասում: Սա ասում են Եկեղեցու հայրերը:
Գեղամ Նազարյանը բարի մարդ է, չի չարանում եւ շատ հետաքրքիր մանրամասներ, փաստեր չի հրապարակում ոմանց կյանքից եւ գործունեությունից եւ չի էլ հրապարակելու, բայց մի շահագործեք իմ պահվածքը, սահմաններ մի անցեք:
Ինչ վերաբերում է մանդատ դնելու խոսակցությանը: Նման խոսակցություն, քննարկում չի եղել եւ չի էլ կարող լինել: Փորձեք կարեւոր հարցեր քննարկել, կարեւոր խնդիրների շուրջ բանավիճել, եւ ոչ թե մանրադիտակով մարդկանց դեմքին ժպիտ փնտրեք:
Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն