Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ 2011-ին Հայաստան կատարած պաշտոնական այցից 13 տարի անց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան է Հայաստանում՝ պաշտոնական այցով:
«Վարշավան ցանկանում է վերականգնել Արեւելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով»,- Երեւանում հայտարարել է Լեհաստանի նախագահը:
«ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցնում է՝ Արեւելյան գործընկերության հիմքերում հենց Լեհաստանն է, եւ այս օրակարգը նրա նախագահության ժամանակ կդառնա առաջնային: «Լեհաստանն արդեն իսկ մի քանի առաջնահերթությունների մասին հայտարարել է՝ ավելացնել անվտանգությանն ուղղված ԵՄ անդամ երկրների ծախսերը եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել համագործակցությանը` ԱԼԳ շրջանակում, որի նպատակն է արեւելյան երկրների ինտեգրումը ԵՄ-ին: Խոսքը ե՛ւ բուն եվրոպական ֆլանգի մասին է՝ Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, ե՛ւ կովկասյան երկրների: Այս ուղղությամբ արձանագրված ամենամեծ հաջողությունը Վրաստանում էր, որը ստացավ թեկնածուի կարգավիճակ, հետո՝ Հայաստանում եւ Ադրբեջանում, որը շեղվել է այդ օրակարգից: Եթե Լեհաստանն այս հարցը դնում է ԵՄ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցուցակում, ապա կարելի է ակնկալել ավելի ակտիվ ԵՄ տարածաշրջանում՝ 2 ֆորմատով. զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բարեփոխումների եւ այլ հարցերում եւ Հայաստանն ավելի մոտեցնել ԵՄ-ին: Ինչպես դա կհաջողվի՝ չգիտենք, որովհետեւ Լեհաստանը որոշում կայացնողներից ամենակարեւորը չէ: Սա շատ կարեւոր է՝ տարբեր սպեկուլյացիաների չտրվելու համար»,- մեկնաբանում է Մելքոնյանը՝ շեշտելով, որ այս այցը ցույց է տալիս, որ տարածաշրջանը հետաքրքիր է ԵՄ-ի համար:
«Սա կարեւոր է այն կոնտեքստում, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները գնալով վատանում են, եւ տարածաշրջանում Հայաստանը կարող է ԵՄ-ի համար կարեւոր գործընկերներից մեկը դառնալ: Մինչեւ այդ ավանգարդում գտնվում էր Վրաստանը»,- ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, որը, ինչպես Փաշինյանն է ձեւակերպել, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին ու խուսափում է ռուսական առանցքի շուրջ գործող միավորներում ակտիվությունից, բացառությամբ` ԵԱՏՄ-ի, որից օգուտներ է ստանում, Սերգեյ Մելքոնյանի խոսքով` շարունակվում է: Հայաստանը փաստացի շարունակում է անդամակցել ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին, այդ կառույցների որոշումների ընդունման համար խոչընդոտներ չի ստեղծում՝ խուսափելով Ռուսաստանի կտրուկ ռեակցիայից: «Սա նաեւ պայմանավորված է Արեւմուտքից՝ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից հնչող մեսիջներով, որ նրանցից ոչ ոք պատրաստ չէ վերցնել պատասխանատվությունը եւ աջակցել Հայաստանին՝ լինի տնտեսական, թե ռազմական ոլորտում: Հետեւաբար, Հայաստանը հավելյալ քայլեր չի անում: Սա բերում է նրան, որ Հայաստանը փորձում է ստեղծել հարաբերությունների նոր կարգավիճակ՝ այսպես ասած, նոր նորմալություն, որը կարող է հանգեցնել նաեւ որոշ փոփոխությունների Ռուսաստանի կողմից»,- բացատրում է զրուցակիցը՝ շեշտելով, որ Հայաստանը ոչ միայն չի դադարեցնում անդամակցությունը կազմակերպություններում, այլեւ չի վերանայում Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրերը՝ նախեւառաջ անվտանգության ոլորտում, թեեւ օրակարգում շարունակում է մնալ հարցը, թե ինչպես է Ռուսաստանն իրականացնելու իր պարտավորությունները, օրինակ, Ադրբեջանի հարձակման դեպքում:
ԱԼԳ շրջանակում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ Լեհաստանի նախագահի հայտարարությունն ինչպե՞ս կընդունի Մոսկվան: Մելքոնյանի խոսքով՝ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ չէ, որ հետխորհրդային երկրները համագործակցեն ԵՄ-ի հետ, ինչը դրսեւորվել է նաեւ Ուկրաինայում: ՌԴ-ի համար կարմիր գիծը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է ու ՆԱՏՕ-ական ենթակառուցվածքի տեղակայումը երկրի տարածքում: «Տնտեսական համագործակցությանը ՌԴ-ն դեմ չէ, բայց խնդիրը հետեւյալն է՝ անհնարին է ունենալ բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ ԵՄ-ի հետ, միանալ բազմակողմանի տնտեսական պայմանագրին, երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: ՌԴ-ի միակ մտահոգությունը կարող է լինել այն, որ Հայաստանը, ինչպես ՀԱՊԿ-ում, սառեցնի իր անդամությունը ԵԱՏՄ-ին, բայց Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությամբ: Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է հենց ԵԱՏՄ անդամակցությամբ, որի հետ համագործակցության խզումն ուղղակի կնշանակի շատ կտրուկ տնտեսական անկում, որը ԵՄ-ն պատրաստ չէ կոմպենսացնել»,- եզրափակում է զրուցակիցը:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: