Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծավորությունը ծայրահեղությունների պատճառ է դառնում

Նոյեմբեր 27,2024 10:00

Որքան շատ են արեւմտյան «ձախական» շրջանակները եւ նրանց ազդեցության տակ գտնվող հայաստանյան իշխանամետ հ/կ-ները խեղաթյուրում եւ վարկաբեկում «ժողովրդավարություն», «հանդուրժողականություն», «պոլիտկոռեկտություն» հասկացությունները, այնքան շատ են աշխարհում ու մեր երկրում գլուխ բարձրացնելու հակառակ ծայրահեղությունները՝ ռասայական եւ ազգային խտրականությունը, սեքսիզմը: Ամենապարզ օրինակով. որքան բարձր հնչեն անզուսպ ֆեմինիստական բացականչությունները՝ «ախ, ինչպիսի՜ երջանկություն է, որ Հայաստանում կարեւոր պաշտոններ են զբաղեցնում կանայք», այնքան ակտիվ կլինեն «քյարթու» սեքսիստները՝ «դե, կնիկներ են, էլի, դրանցից ի՞նչ սպասես»:

Այլ կերպ ասած՝ կեղծավորությունը, փարիսեցիությունը առաջացնում են ներքին դիմադրություն, սկզբից՝ խուլ, գուցե շատերի համար՝ ոչ տեսանելի, բայց, հավատացնում եմ ձեզ՝ այդ «քյարթիզմը» մոտակա տասնամյակներում կարեւոր գործոն է դառնալու: Եվ միանշանակ չէ, թե որ ծայրահեղությունն է առավել վտանգավոր:

Իրականում, իրական եվրոպական չափանիշներով Հայաստանում որեւէ էական բան չի փոխվել՝ նույն անձնիշխանությունն է, որ սփռվում է իշխանության բոլոր թեւերի վրա, նույն օլիգարխիան, որը ծառայում է ներկա իշխանություններին եւ արտոնություններ է ստանում, նույն կոռուպցիան, ոստիկանության նույն վայրագությունները ցուցարարների նկատմամբ: Արեւմտյան ինչ-ինչ շրջանակներին որոշակի պատճառներով ձեռնտու է ասել, որ 6 տարում «իրականացվել են ժողովրդավարական լուրջ բարեփոխումներ»: Աստված այդ «շրջանակների» հետ՝ ամեն մի երկիր իր շահերն է հետապնդում՝ այստեղ նեղանալու կամ բողոքելու տեղ չկա:

Բայց Հայաստանում մարդիկ հո տեսնում են, թե ինչ է կատարվում: Եվ փոխանակ պայքարեն հանուն իրական ժողովրդավարության, շատերը գալիս են սխալ ընդհանրացումների՝ «էդ ժողովրդավարությունը բլեֆ է». «դա է մեր տունը քանդել», «այդ պատճառով ենք պատերազմում պարտվել»: «Հ/կ – ական» կեղծավորության պայմաններում հարձակումները ժողովրդավարության, եվրոպական արժեքների, բազմազանության (նաեւ բազմակարծության) վրա շատանալու են: Մինչդեռ, եթե այդ արժեքները ճիշտ են հասկացվում, ապա վստահ եմ, որ մենք այլ ճանապարհ չունենք:

…Ծայրահեղությունները, ինչպես հայտնի է, միավորվում են. չեմ զարմանա, որ ծայրահեղ «պոլիտկոռեկտության» կողմնակիցները մի օր հորդորեն. «Պետք չէ խոսել Հոլոքոստի կամ Գուլագի մասին, որովհետեւ դա կարող է վիրավորել նացիստների եւ ստալինիստների զգացմունքները»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Ես ասել եմ, ասում եմ և ասելու եմ, որ մեզ ժողովրդավարություն պետք չէ։ Մեր հասարակությունը պարզապես պատրաստ չէ դրան։ Ինչ վերաբերում է եվրոպական արժեքներին, ապա դրանցից ոչ բոլորն են մեզ համար ընդունելի։ Լավ կլիներ, որ մենք կենտրոնանայինք մեր արժեքների ստեղծման, զարգացման և տարածման վրա։

  2. Լավատես says:

    Եթե ինքնաթիռի ուղեւորների կազմում բացի սովորական ուղեւորներից լինեն նաեւ փորձված, բոլոր օդաչուների կողմից հարգված օդաչուներ եւ նրանց ուսուցիչները, ապա ինքնաթիռի օդաչուին ընտրելու իրենց ձայնը սովորական ուղեւորները պետք է տան հենց փորձառու հարգված ուղեւորներին: Հնարավոր տարբերակներն են. 1. ինքնաթիռում փորձված ուղեւոր չկա, 2. փորձված ուղեւոր կա, բայց սա շատ համեստ է եւ չի բացահայտվում, 3. փորձված ուղեւոր կա եւ բացահայտվում է, բայց անփորձ ուղեւորներն ու անփորձ օդաչուն փորձված ուղեւորին բանի տեղ չեն դնում: Վերջապես լավագույն տարբերակը 4. փորձված ուղեւորները ջանասիրաբար իրենք իրենց բացահայտում են, իսկ անփորձ օդաչուն եւ անփորձ ուղեւորները վստահում են փորձառու ուղեւորներին եւ առանց հակաճառելու ենթարկվում են փորձառու ուղեւորների հրամաններին:
    Մենք բացի պրոքսի քաղաքական ու հասարակական գործիչներից ունենք նաեւ մաքուր իսկական քաղաքական եւ հասարակական գործիչներ, վերջիններս մեր ազգի իսկական փորձառու սերուցքն է եւ մենք՝ սովորական քաղաքացիներս պետք է վստահենք մեր փորձառու իսկական քաղաքական եւ հասարակական գործիչներին եւ մեր ընտրական ձայները վստահենք նրանց՝ ում նրանք միաձայն ընտրեն իրենց միջից, նրան էլ մենք՝ սովորական քաղաքացիներս պետք է ընտրենք:
    Մեր բախտը մի կողմից չի բերել, ու ունենք մի քիչ խելոք ու ոչ այնքան պրոքսի քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք թշնամու համար հայի ազգանունով պալիցայի դեր են կատարում եւ սպասարկում թշնամու հակամարդկային շահերը: Բայց մյուս կողմից մեր բախտը անչափ բերել է, որովհետեւ ունենք իսկական ազգասեր եւ մարդասեր քաղաքական եւ հասարակական գործիչներ, ում եթե վստահենք մեր ձայները, մենք կունենանք քաղաքական գործերում փորձված հայրենասեր նորմալ ղեկավարներ: Երբ նորմալները գան իշխանության, մեր դարդերը չեն պակասի, այլ կավելանան, բայց դրանք կլինեն ապագան կառուցելու հաճելի դարդեր:
    Ես, որպես սովորական հայ, պահանջում եմ մեր նորմալ քաղաքական ու հասարակական կուսակցություններից, որ սկզբից իրար ճանաչեն որպես քաղաքական արքաներ :), հետո միաձայն ընտրեն իրենց քաղաքական արքայից արքային: Ժողովրդավարության լավագույն հատկանիշներն են միաձայնությունն ու անհամաձայներին սիրով ու արդարությամբ համոզելով բերել միաձայնության դաշտ:
    Հ.Գ. Եթե գոնե մի քանի նորմալ գործիչ միաձայն ընտրություն կատարեն, նրանք կդառնան ժողովրդավարության եւ մեր ազգի ու պետության փրկության գրավականը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930