Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի քաղաքացին ապօրինի մեղադրանքով արդեն մեկ տարի է՝ գտնվում է Հայաստանում

Նոյեմբեր 27,2024 12:30

Ուշացած արդարադատությունը՝ մերժված արդարադատություն

Ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Ա. Զ.-ն ապօրինի մեղադրանքով 2023թ. նոյեմբերի 25-ին ձերբակալվել է, իսկ 2023թ. նոյեմբերի 26-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այդ օրվանից սկսած, առանց աշխատանքի հնարավորության, օրը մի տեղ գիշերելով՝ Ա.Զ.-ն սպասում է, որ ՀՀ զինվորական դատախազությունը եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (Կենտրոն նստավայր) օր առաջ կավարտեն իր վերաբերյալ քրեական գործը եւ վերջապես կկարողանա վերադառնալ տուն։

Ա.Զ.-ն մեղադրվում է նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով՝ պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու համար։

Ի պատասխան պաշտպանի գրավոր հարցումների՝ ՀՀ ՆԳ նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից գրավոր պատասխան է տրվել այն մասին, որ Ա.Զ.-ն ծննդյան պահից հանդիսացել է Վրաստանի քաղաքացի եւ չի հանդիսանում ՀՀ քաղաքացի։ Ինչը վկայում է այն մասին, որ Ա.Զ.-ն չի հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտ, նրա նկատմամբ մեղադրանքն ապօրինի է, սակայն Կենտրոնի դատարանը եւ զինվորական դատախազությունը պատշաճ ջանասիրություն չեն դրսեւորում ապօրինի մեղադրանքով քրեական վարույթն օր առաջ ավարտելու համար։

Մի քանի անգամ դատարան է ներկայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն, սակայն դատարանը միջնորդությունների քննարկումը հետաձգել է, քանի որ հիմնական դատալսումների փուլում նման միջնորդություն քննարկելու դատավարական հնարավորություն չունի, իսկ հիմնական դատալսումները չեն ավարտվում եւ ամեն անգամ դատական նիստերը ամիսներով հետաձգվում են, քանի որ դատակոչված վկան դատարան չի ներկայանում։ Դատարանը եւ ՀՀ զինվորական դատախազությունը պատշաճ ջանասիրություն չեն դրսեւորում վկային դատարան ներկայացնելու համար։ Այս ամենն արդեն վերածվել է զավեշտի, քանի որ նույնիսկ դատարանի որոշումները ժամանակի կատարման համար ոստիկանության կողմից պատշաճ ջանասիրություն չի դրսեւորվում, մասնավորապես՝ ժամը 11.30 նշանակված դատական նիստին վկայի ներկայությունն ապահովելու համար ոստիկանության աշխատակիցը վկայի բնակության վայր է այցելում ժամը 11.15-ին։ Բնական է, որ դատարանի նշված որոշման պահանջը ժամանակին չէր կարող կատարվել, քանի որ մարդիկ շատ դեպքերում ժամը 9-ին լինում են աշխատանքի վայրում, այլ ոչ թե տանը, բացի այդ, դատարանի նստավայրից տասնյակ կիլոմետրերով հեռու բնակվող վկային հնարավոր չէ 15 րոպեում ներկայացնել դատարան։ Արդյունքում դատարանը կրկին ամիսներով հետաձգում է դատական նիստը։

Դատարանը տեղեկացված լինելով անձի արդարացման հիմքերի վերաբերյալ ապացույցների մասին, այնուամենայնիվ, հերթական դատական նիստերը հետաձգում եւ նշանակում է ամիսներ անց, այն դեպքում, երբ նման դեպքերում կարող է եւ ավելի կարճ ժամկետներում նշանակել դատական նիստերը, արդյունքում ապօրինի մեղադրանքով Վրաստանի քաղաքացին արդեն մեկ տարի է՝ չի կարող վերադառնալ տուն։ Տպավորություն է, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրում դատարանի որոշումները ժամանակին չկատարելու համար, դատարանը պատշաճ հետեւողականություն չի ցուցաբերում իր որոշումների պահանջները ժամանակին կատարելու, ինչպես նաեւ այն չկատարելու համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար։

Այժմ քաղաքացին գտնվում է հոգեբանական շատ վատ վիճակում, չունի աշխատանք, որով կկարողանա ապահովել իր կացարանի եւ ապրուստի հարցը։ Չեմ հավատում, որ Ա.Զ.-ի ապօրինի մեղադրանքի եւ վերջինիս նման վիճակին հասցնելու համար որեւէ մեկը կարող է պատասխանատվության ենթարկվել։

Ղևոնդ ՊԱՊՈՅԱՆ

Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
26.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930