Լրահոս
Օրվա լրահոսը

89-ամյա կնոջ հողամասի մի հատվածը դատարանի որոշմամբ տրվեց հարեւանին

Նոյեմբեր 27,2024 13:00

Ըստ դատարանի՝ «գործում է անշարժ գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի կանխավարկածը»

Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի 89-ամյա բնակիչ Շողիկ Գրիգորյանի եւ նրա հանգուցյալ ամուսնու (Ստեփան Մուրադյանը մահացել է անցյալ տարի՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին) դեմ հայցապահանջին մենք անդրադարձել ենք:

Շ. Գրիգորյանը Գայ գյուղի Աբովյան 12 տան սեփականատերն է 1957 թվականից: Հարեւանը՝ Համլետ Խաչատրյանը, նրա ընտանիքը՝ հայցվոր կողմը դատարան դիմելով պնդել էր, որ նրա հողի մի մասը գտնվում է պատասխանող Գրիգորյանի հողի հատվածում:

Արխիվային փաստաթղթերով նշված է անձին պատկանող հողամասի մակերեսը՝ 1200 քմ է, սակայն նա սեփականության վկայական էր ներկայացրել 1580 քմ-ի համար, եւ հողային պահանջ էր ներկայացրել պատասխանողին:

Դատարանը (դատավոր՝ Գոհար Ֆիդանյան) օրեր առաջ բավարարել է հայցվորներ Համլետ Խաչատրյանի, Վարդան Խաչատրյանի, Անի Խաչատրյանի հայցն ընդդեմ Շողիկ Գրիգորյանի՝ վտարման եղանակով անշարժ գույքի մասը ապօրինի տիրապետումից ազատելու պահանջի մասին: Դատարանը որոշել է պատասխանող Շողիկ Գրիգորյանին վտարել համասեփականության իրավունքով հայցվորներ Խաչատրյաններին պատկանող Գայ համայնքում գտնվող 04-033-0093-0010 կադաստրային ծածկագրով 1562,7 քմ հողատարածքի 132,5 քմ մակերեսով հողատարածքից՝ համաձայն թիվ 23-0029Ք եզրակացությանը կից սխեմատիկ հատակագծի:

Հայցվորներ Համլետ Խաչատրյանի, Վարդան Խաչատրյանի, Անի Խաչատրյանի հայցն ընդդեմ Շողիկ Գրիգորյանի Արմավիրի մարզ, գ. Գայ համայնքում գտնվող 04-033-0093-0010 կադաստրային ծածկագրով 1562,7 քմ հողատարածքի 37,5 քմ մակերեսով հողատարածքից վտարման եղանակով անշարժ գույքի մասը ապօրինի տիրապետումից ազատելու պահանջի մասին, կարճել հայցվորներ Խաչատրյանների կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

Դատարանի որոշմամբ նաեւ Շողիկ Գրիգորյանից հօգուտ հայցվորների կբռնագանձվի 162.000 ՀՀ դրամ որպես վճարված փորձաքննության ծախսի գումարը։

Եթե հիշում եք, մեր նախորդ հրապարակման մեջ զարմացել էինք, որ մահացածին ուղարկվում են ծանուցագրեր՝ դատական նիստին մասնակցելու համար («Փորձագետը վիճելի հողակտորն է չափագրել, ոչ թե ամբողջը», 2024թ, նոյեմբերի 2, «Առավոտ»), ուր նշել էինք. «Դատավարական կարգավիճակ ստացած, պատասխանող Ստեփան Մուրադյանը մեկ տարի առաջ մահացել է: Ըստ էության, նա դրանից հետո չի ունեցել իր ներկայացուցիչը դատարանում: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Գործի վարույթը կարճելու» հիմքերի մեջ նշվում է հետեւյալը. «Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցը հարուցված է մահացած պատասխանողի դեմ: Մինչդեռ, ստացվել է այս պատկերը. դատարան են դիմել, ապա մահացել է անձը ու դատարանը իրավական լուծում չի տվել կատարվածին…»:

Դատարանի որոշմամբ. «Հայցվորներ Համլետ Խաչատրյանի, Վարդան Խաչատրյանի, Անի Խաչատրյանի հայցն ընդդեմ Ստեփան Մուրադյանի վտարման եղանակով անշարժ գույքի մասը ապօրինի տիրապետումից ազատելու պահանջի մասին, կարճել՝ պատասխանող Ստեփան Մուրադյանի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը, հիմքով»:

Շ.Գրիգորյանի ներկայացուցիչը դատական նիստերից մեկի ժամանակ ասաց, որ այդ հողը պատասխանողինն է 1937-38-ից, եւ ներկայացրեց ապացույց Հայաստանի ազգային արխիվից:

Այս կապակցությամբ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «Անդրադառնալով 12.09.2022թ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Արմավիրի մարզային մասնաճյուղի ԱՄ-1342 գրությամբ տրված Էջմիածնի շրջանի Գայի (Ն. Խաթունարխ) գյուղսովետի 1937-1939թթ. տնտեսությունների գրքից թիվ 236 տնտեսության լուսապատճենով Շողիկ Գրիգորյանին, Ստեփան Մուրադյանին պատկանող հողի չափը նշված է 2500քմ, 07.05.2001թ. Արմավիրի մարզի Գայի համայնքի տնտ. հ. 5 գրքից, գրանցման թիվ 426, գրանցվել է սեփ. հանձնաժողովի 25.03.1991թ. թիվ 4 որոշմամբ՝ Համլետ Խաչատրյանի անվամբ գրանցվել է 0,12 հա տնամերձ հողամաս, 11.09.2024 թվականի Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի կողմից տրված 2274 տեղեկանքով՝ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանում գտնվող 1996-2000թթ. տնտեսությունների գրքի (ծխամատյան թիվ 5), Գայ գյուղի բնակիչ Համլետ Խաչատրյանի տնտեսությունում (ծուխ թիվ 412) գրանցված է 0,12 հա տնամերձ հողատարածք, դատարանն արձանագրում է, որ ըստ 03.12.2002թ. ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված թիվ 696555 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի թիվ 04-033-093-010 կադաստրային ծածկագրով Արմավիրի մարզ Գայ գյուղի Աբովյան փողոցի թիվ 7 բնակելի տան նկատմամբ գրանցված է Համլետ Խաչատրյանի, Վարդան Խաչատրյանի, Անի Խաչատրյանի համասեփականության իրավունքը եւ հողամասի չափը կազմում է 0,158 հա, ինչը եւ դրվել է դատարանի 24.02.2023թ. որոշմամբ դատահողաշինարարատեխնիկական նշանակված եւ 28.06.2024թ. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ «23-0029Ք» փորձագիտական եզրակացության հիմքում, իսկ պատասխանող Շողիկ Գրիգորյանի առարկությունները վերաբերում են անշարժ գույքի պետական գրանցման ենթադրաբար ոչ ճիշտ լինելուն, որի քննարկումը դուրս է սույն գործի քննության շրջանակներից, քանի որ ըստ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի՝ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրառված տեղեկությունները համարվում են ճիշտ եւ ունեն ապացուցողական ուժ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք չեն ճանաչվել ուժը կորցրած, անվավեր կամ առոչինչ, ուստի գործում է անշարժ գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի կանխավարկածը, հետեւաբար դատարանը պետք է հիմք ընդունի այն տվյալները, որոնք գրանցված են անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականում»:

Ապացույցներից՝ վկաների կողմից ասվածի կապակցությամբ էլ, դատարանի գնահատականը սա էր. «Ինչ վերաբերում է պատասխանող Շողիկ Գրիգորյանի կողմից ներկայացրած 31.10.2022թ. Էմմա Գրիգորյանի, Հարազատ Կարապետյանի հայտարարություններին, այն որ Շողիկ Գրիգորյանը եւ Ստեփան Մուրադյանը 1960թ. բնակվում են Աբովյան փ. 12 տանը եւ մինչեւ այսօր ոչ մի գույքի առուվաճառք չեն կատարել, ըստ դատարանի գնահատման՝ չեն կարող դիտարկվել որպես վերաբերելի եւ արժանահավատ ապացույցներ, քանի որ փաստերը, որոնք օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով, սույն դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով, ինչը եւ դրվել է 28. 06.2024թ. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ «23-0029Ք» փորձագիտական եզրակացության հիմքում»։

Շ. Գրիգորյանը, ով դատական նիստերից մեկի ժամանակ վատացել եւ տեղափոխվել էր հիվանդանոց, ու մինչ օրս բժիշկների հսկողության տակ է, իր ներկայացուցչի՝ Ա. Ալվանդյանի միջոցով կբողոքարկի այս որոշումը:

Նա նաեւ դիմել էր հանցագործության մասին հողորդումով՝ քրեական գործ հարուցելու, քանի որ հայցադիմումը դատարան մտնելու ժամանակ է իմացել, որ երեսուն տարի առաջ կադաստրի կողմից տրվել է սեփականության վկայական իր հողում «հարեւանին պատկանող» հողամասի մասին, հող, որը մինչ օրս երկաթյա ցանցով, բետոնե սյուներով պարսպապատված էր անցյալ դարից ու անփոփոխ է մինչ օրս:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930