Լրահոս
Օրվա լրահոսը

Ապշեցնող կառուցողականություն

Նոյեմբեր 27,2024 12:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի իշխանությունների դրսեւորած կառուցողականության աստիճանն ուղղակի ապշեցուցիչ է, այն պարագայում, երբ Բաքուն առհասարակ, որեւէ հարցում ցույց չի տալիս, որ պատրաստ է զիջման գնալ

Երեւանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից, Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում անցյալ շաբաթ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատելով խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի 3 պահանջները, որն օրերս Բաքվից էին գաղտնազերծել: «Մենք Ադրբեջանին ասել ենք` եկեք էդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, էն սահմանը, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա»,- նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի կառավարությանը մերձվերլուծական կենտրոնի՝ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերմանը եւ Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկն էլ ՀՀ Սահմանադրությունն է, որտեղ Ադրբեջանի իշխանությունները տարածքային պահանջ են տեսնում։

Խաղաղության պայմանագիրը, որը Հայաստանի իշխանությունը ձգտում է ստորագրել Ադրբեջանի հետ, դեռեւս չի ստորագրվել, հետեւաբար, ինչո՞ւ է պաշտոնական Երեւանը փաստացի ցանկություն հայտնում, կամ` արդեն հայտնել, կյանքի կոչելու Բաքվի հերթական պահանջը` դա կապելով «սահմանազատման» պրոցեսի հետ:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խախտված ուժերի հավասարակշռության պայմաններում` Հայաստանի իշխանությունների դրսեւորած կառուցողականության աստիճանն ուղղակի ապշեցուցիչ է, այն պարագայում, երբ Բաքուն առհասարակ, որեւէ հարցում ցույց չի տալիս, որ պատրաստ է զիջման գնալ Երեւանի հետ բանակցություններում։

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նաեւ կողմ է արտահայտվել միջազգային դատարանում միմյանց դեմ հայցերը հետ կանչելու գաղափարին, եթե ի վերջո Հայաստանին եւ Ադրբեջանին հաջողվի հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Իսկ Բաքուն մտադրություն ունի՞ հրաժարվել նման հայցերից…

Նկատենք, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիությունը դեռ չի հստակեցնում՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ Վերջերս Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, պատասխանելով «Ազատության» հարցին, ի պատասխան նշել էր՝ դեռ վերջնական որոշում չկա։ Նա չէր հստակեցրել նաեւ՝ պաշտոնական Երեւանն արդյոք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։ «Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է», – ասել էր Հայաստանում ԵՄ դեսպանը:

Հիշեցնենք, որ 2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու եւ Իջեւանի գրասենյակներից հայ – ադրբեջանական սահմանները դիտարկելու եւ սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, հայկական կողմը կարեւորում է նրանց ներկայությունը, Ադրբեջանը՝ պարբերաբար քննադատում անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետն անցած ամիս եւս մեկ անգամ քննադատել էր Հայաստանում տեղակայված եվրոպացի դիտորդներին՝ պնդելով, թե դա սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ-ադրբեջանական կարգավորմանը, նշել, թե նրանք «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար:

Դեսպանը հակադարձել է Բաքվի մեղադրանքներին, նշելով. «Եվրամիության առաքելությունը գերազանց աշխատանք է կատարում՝ տեղում ամրապնդելով մարդկանց անվտանգությունը»։ «Այս առաքելության մանդատը շատ պարզ է։ Սա քաղաքացիական առաքելություն է, որը տեղում իր ներկայությամբ օգնում է տարածաշրջանում խաղաղության եւ վստահության հաստատմանը: Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ու կարգավորմանն ուղղված ջանքերին։ Եվ այս առաքելությունը, որը շատ պրոֆեսիոնալ է եւ ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությունն է վայելում, այս առումով հիանալի աշխատանք է կատարում», – ընդգծել էր Մարագոսը:

Բացի այդ, Եվրամիությունն անցած ամիս Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էր, որ առաքելությունը պատրաստ է համագործակցության նաեւ Բաքվի հետ. «Ազատության» ադրբեջանական ծառայությանն այդ մասին ասել էր Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն:

Սակայն դիտորդներին պարբերաբար քննադատող Ադրբեջանը, պարզ է, որ չի համաձայնի եվրոպական դիտորդական առաքելություն տեղակայել սահմանին՝ իր տարածքում, քանի դեռ պաշտոնական Բաքուն չի դադարում խոսել իր ռազմավարական նպատակի՝ Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապի հաստատման մասին անգամ ուժի կիրառման միջոցով։

Անցյալ ամսվա վերջին արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում նշեց, որ ԵՄ-ն լրջորեն դիտարկում է ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգման հարցը: «Քանի դեռ չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ ավարտված սահմանազատման գործընթաց, կայունություն, հարաբերությունները կարգավորված չեն, մենք ունենք մտավախություն Ադրբեջանի հնարավոր գործողությունների վերաբերյալ ու հետեւաբար ունենք կարիք չեզոք երրորդ կողմի, ինչպիսին ԵՄ առաքելությունն է, օբյեկտիվ մշտադիտարկման անհրաժեշտությունը»:

Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արեւմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում: Հրապարակած նկարին կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին»: Ըստ էության, դեսպանը արձագանքում է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքը Արեւմտյան Ադրբեջան ներկայացնելու կեղծ թեզերին:

Սահմանազատված է Հայաստանի հետ սահմանը, թե ոչ` անզեն աչքով էլ նկատելի է, որ Բաքուն ամենեւին էլ խաղաղության չի նախապատրաստվում:

Անցյալ շաբաթ, օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի անձնակազմին հանձնարարել է էլ ավելի բարձրացնել զգոնությունն ու զորքի մարտունակությունը։ Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունից հայտնի էր դառնում, որ նիստի ընթացքում` «վերլուծվել են ընթացիկ օպերատիվ պայմանները եւ հայ-ադրբեջանական պայմանական սահմանին զինվորական ծառայության կազմակերպումը»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
26.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930