Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսության մեջ միշտ պիտի առկա լինի «երրորդը»

Նոյեմբեր 27,2024 13:30

Հասարակական երկխոսության մեջ այդ «երրորդի» կազմում «հանրապետությունն» է

Սկզբից երեք դրվագ: Գործընկերիցս մեկի սեղանին տարիներ առաջ նկատել էին մի գիրք, որի հեղինակը, մեղմ ասած, միանշանակ չի ընկալվում հասարակության կողմից: Գիրք լինելու փաստը մատուցվել էր որպես «կոմպրոմատ»: Կարեւոր չէ, թե ինչ էր պատասխանել գործընկերս: Խոսքն այն մտայնության մասին է, որ այս կամ այն գիրքը կարդալը համարվում է վարկաբեկիչ: Կամ՝ եթե դու կարդում ես այդ գիրքը, ուրեմն դու դրա հեղինակի խանդավառ երկրպագուն ես:

Դրվագ երկրորդ: Ես մեկից հարցազրույց էի վերցրել ու խոսել «քաղաքականությունից» (այսինքն՝ իշխանության համար պայքարից) հեռու թեմաներով: (Ի դեպ, խոստովանեմ, որ վերջին շրջանում աշխատում եմ որքան հնարավոր է՝ քիչ կարդալ, լսել, գրել կամ խոսել «քաղաքականության» մասին՝ «քաղաքական» թեմաներն իմ մեջ, դարձյալ մեղմ ասած. խորշանք են առաջացնում): Հարցազրույցից հետո բարեկամներիցս մեկն ինձ զանգահարեց՝ «Բա գիտես, որ այդ մարդը նիկոլական է»: Ճիշտն ասած, չգիտեի, եւ այդ հարցը տվյալ դեպքում ինձ բացարձակապես չէր հուզում:

Դրվագ երրորդ: Ընդդիմադիր պատգամավորը լուսանկարվել է իշխանական պատգամավորների հետ, եւ այդ լուսանկարը նույնպես խիստ վարկաբեկիչ է համարվում: Չնայած պարզ է՝ եթե մարդը պատգամավոր է (մի կողմ դնենք այն հարցը՝ պե՞տք էր արդյոք վերցնել կամ հետո վայր դնել մանդատը), ապա նրա պարտականությունն է շփվել մյուս պատգամավորների հետ: Այլապես պարզ չէ, թե ինչու է գործուղվել խորհրդարան:

Կարդալ տարբեր գրքեր, հրապարակավ արտահայտել տարբեր մտքեր (սահմանափակումները նախատեսված են օրենքով, այսինքն՝ չպիտի լինի, օրինակ, որեւէ խտրականության քարոզ), երկխոսություն վարել տարբեր մարդկանց հետ՝ կարծում եմ, այդ ամենը նորմալ է:

Հարց է առաջանում՝ հանուն ինչի՞, ի՞նչ հիմքով պետք է դա արվի: Կամ, եթե ուրիշ կերպ ձեւակերպենք, ինչպե՞ս պետք է ընթանա նորմալ երկխոսությունը: Այդ առիթով հիշեցի ռուս նշանավոր գրականագետ Միխայիլ Բախտինի միտքը: Ըստ նրա՝ ցանկացած արտահայտություն ունի իր հասցեատերը, որի պատասխանը, արձագանքը, ըմբռնումը այդ արտահայտության հեղինակն, այսպես թե այնպես, ակնկալում է: Բայց այդ «երկրորդից» բացի, հեղինակը նախատեսում է ավելի բարձր հարթության մեջ գտնվող «երրորդին», որի իդեալական ըմբռնումն է ակնկալվում մետաֆիզիկական տարածության վրա կամ պատմական ժամանակի մեջ: Տարբեր ժամանակներում, տարբեր աշխարհընկալման պարագայում այդ «երրորդն» ուներ տարբեր գաղափարախոսական արտահայտություն՝ Աստված, բացարձակ ճշմարտություն, անաչառ խղճի կամ պատմության դատարան, ժողովուրդ, գիտություն եւ այլն: Բախտինը համոզված էր, որ ցանկացած երկխոսություն տեղի է ունենում, կարծես, այդ անտեսանելի «երրորդի» ներկայությամբ, որը կանգնած է երկուսի վերեւում:

Եթե երկխոսությունն անձնական է, ապա, ենթադրում եմ, միանգամայն բավարար է Աստծո կամ Խղճի «ներկայությունը»: Երբ երկխոսությունը հասարակական է, «երրորդին», ըստ ամենայնի, պետք է ավելանա ընդհանուր բարիքը, ընդհանուր շահը, «ընդհանուր գործը», որը լատիներեն հնչում է որպես res-publica` հանրապետություն: Դա ոչ միայն չի բացառում, այլեւ հակառակը՝ պահանջում է կարծիքների բազմազանություն, որը հանրապետության շարժիչ ուժն է:

«Երրորդի» առկայության պայմաններում բացառվում է, որ դու նեղվես, բարկանաս, երբ քեզ չեն հասկանում: Կամ, առավել եւս, ցանկանաս վրեժ լուծել նրանցից, ովքեր քեզ մերժել են:

…Երբ Հիսուսը որոշեց գնալ Երուսաղեմ, ճանապարհին նա ուղարկեց իր աշակերտներին Սամարիայի գյուղերից մեկը՝ իրենց համար կացարան պատրաստելու համար: Բայց տեղացիները մերժեցին Տիրոջ պատգամավորներին: Նրա աշակերտները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, այդ տեսնելով, ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի ու նրանց ոչնչացնի»։ Իսկ Նա դարձավ ու սաստեց նրանց. «Չեք իմանում՝ ի՛նչ տեսակ հոգու եք պատկանում, որովհետեւ Մարդու որդին չեկավ մարդկանց կորստյան մատնելու, այլ նրանց փրկելու» (Ղուկաս, 9:55):

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930