Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյան. «Դատավարության ընթացքից դժգոհ չեմ, որովհետեւ կարծես թե հիմա ամեն ինչ դրվում է իր տեղը»

Նոյեմբեր 26,2024 23:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրության մեջ Սամվել Վարդանյանի «ավտոբուսի գործ» անունով տարածում գտած դատական նիստի ընդմիջմանը Aravot.am-ը եւ նիստը լուսաբանող լրատվամիջոցները մի քանի հարց տվեցին տուժող ճանաչված ԱԺ իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանին:

-Գո՞հ եք դատավարության ընթացքից:

-Դժգոհ չեմ, որովհետեւ բոլոր դեպքերում արվում է ամեն ինչ, որպեսզի իրականությունը ի հայտ գա, որպեսզի օրենքի տառերը պաշտպանվեն՝ դատավորի կողմից, դատախազի կողմից: Իհարկե, պաշտպանությունը երբեմն այնպիսի բաներ է մեջտեղ բերում, որ շատ սովորական մարդու համար ընդունելի չեն:

-Կոնկրետ ի՞նչ:

-Ասենք, հանկարծ վատ են զգում, որ մարդը, որը վկայություն է տալիս, ասում է «հարգարժան պատգամավորը»:

-Դուք այդտեղ խնդիր չե՞ք տեսնում:

-Ոչ: Տվյալ անձնավորությունը մինչեւ այդ ասում է՝ չեմ ճանաչում չգիտեմ, բայց հետո ասում է՝ հետո իմացա, որ նա հարգարժան պատգամավորն է: Նրա պատասխանների մեջ ես իմ, որպես տուժողի, կողմնապահություն չտեսա: Հակառակը, ինքը որոշ բաներ չի տեսել, չի էլ կարողանում հստակ ասել դա:

Եթե մարդն ուզում է նույնիսկ ամենասպիտակի մեջ սեւ կետ գտնել, կգտնի: Որովհետեւ մենք չենք գնում ընդհանուր ճշմարտության հետեւից: Մենք, չգիտես ինչու, գնում ենք մեր ճշմարտության հետեւից:

-Հիմա դուք ձե՞ր ճշմարտության հետեւից եք գնում, թե՞ ընդհանուր ճշմարտության:

-Ընդհանուր ճշմարտության  հետեւից եմ գնում: Ես գնում եմ էն ճշմարտության հետեւից, որ ոչ ոք իրավունք չունի մեկ ուրիշի իրավունքները սահմանափակել, ոչ ոք իրավունք չունի ուրիշի տարածքը մտնել, ոչ ոք իրավունք չունի խանգարել մարդու շարժման իրավունքը: Ես ավտոբուսի մեջ նստած եմ, ես ավտոբուսից ուզում եմ իջնել: Ով ուզում ես եղիր, ինչքան էլ որ դու հակառակ ես այս իշխանությանը, դու իրավունք չունես փակելու իմ ճանապարհը եւ ինձ էլ վիրավորական բաներ ասելու:

-Դուք ժողովրդի ընտրյալ եք: Ավելի ճիշտ չէ՞ր, որ լսեիք ընտրողի խոսքը ձեր մասին: Մանավանդ, որ նախապես չգիտեիք, թե նա ինչ է ասելու:

-Նա հեռախոսը գցում է ինձ վրա եւ ասում «նիկոլական վիժվածք»: Նա չի ցանկանում ինձ հետ խոսել: Դուք իզուր տեղը դաշտը մի փոխեք: Նա չի փորձել ինձ հետ խոսել: Եթե փորձեր ինձ հետ խոսել, ես նրան կասեի. «Տղա ջան, արի տեսնենք քո ուզածն ինչ է: Դու ուզում ես ապացուցել, որ ինձանից ավելի հայրենասե՞ր ես, որ էս երկիրը ինձանից ավելի շա՞տ ես սիրում: Հարգարժանս, ես էս երկրի համար երեք անգամ կյանք եմ դրել, մեռնելու եմ հասել:

-Ադրբեջանի տարածքո՞ւմ եք կռվել:

-Իմ երկրի համար եմ կռվել:

-Վարչապետը պատգամավորին կարո՞ղ է ասել մանդատդ վայր դիր:

-Նա միայն գործադիրի ղեկավար չէ, նա նաեւ կուսակցության ղեկավար է:

-Կուսակցության ղեկավարը կարո՞ղ է ասել մանդատդ վայր դիր:

-Իհարկե: Բայց նա չի ասել մանդատդ վայր դիր: Այնտեղ վարչություն կա, վարչությունում է քննարկվել: Եկեք դա չմանիպուլացնենք: Ես այդ հարցերին չեմ պատասխանի:

-Դուք վստա՞հ եք, որ այս գործով օբյեկտիվ դատաքննություն կիրականացվի:

-Այո: Ընթացքից մինչեւ հիմա դժգոհ չեմ, որովհետեւ կարծես թե հիմա ամեն ինչ դրվում է իր տեղը:

-Դուք կարծես այս դատական նիստի հետ կապված ժամանակին ասել էիք, որ ինքներդ ոչինչ չեք նախաձեռնի, որպեսզի երիտասարդին պատասխանատվության ենթարկեն: Հիմա մտադիր չե՞ք դատարանին միջնորդել:

-Ոչ, չեմ միջնորդելու: Այսքան ժամանակ գոնե գար, ասեր՝ պարոն Ասլանյան, եկեք մոռանանք: Այդ ժամանակ կմտածեի:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930