Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցում գիշերվա 11-ին աշակերտները ֆուտբոլ են խաղում դպրոցի տարածքում, որը ադրբեջանցիներից 30 մետր հեռավորության վրա է. դպրոցի տնօրեն

Նոյեմբեր 26,2024 22:55

Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգի հետ կապված խնդիրներ կան, դպրոցը տաքացվում է էլեկտրական պլիտաներով: Այս մասին Aravot.am-ին ասաց դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը:

«Մենք անցել ենք էլեկետրական անհատական ջեռուցման: Ջեռուցման համակարգ միացրած չի եղել, ճիշտն ասած, բայց աշխատանքներ են տարվել միացնելու համար: Էլեկտրական պլիտաներով ապահովում ենք ջերմաստիճանը, նորմալ դասապրոցեսը ընթանում է: Խնդիրներ են եղել հոսանքի հետ,  կոնկրետ մասնագետների կարիք կա, թե չէ երեխեքը չեն մրսել, 18 աստիճանից չի իջել ջերմաստիճանը»,- ասաց Բաբինյանը:

Հաշվի առնելով, որ մարզային դպրոցների վերանորոգման աշխատանքների որակը անձամբ Նիկոլ Փաշինյանը ստուգելու փորձ ունի, պարոն Բաբինյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես  է Նիկոլ Փաշինյանը իրենց  դպրոցում շրջել ու չի նկատել այդ թերությունները:

«Այն ժամանակ ջեռուցում չի եղել, բոլոր գույքը նայել է, դասասենյակները նայել է…դե հիմա թեթեւ բաներ է  եղել, վերանորոգում են, սարքում են: Թերություններ են լինում, նոր շենք է, մեր տները, որ նոր սարքում են, խնդիր չի՞ լինում, լինում է»,- ասաց դպրոցի տնօրենը:

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաեւ համացանցում շրջանառվող տեղեկությանը, որ ինքը վարչապետին տեսնելիս երկու ձեռքով է բարեւում. «Վարչապետի ընդունելություն կա, մեր դաստիարակությունն է, մեր երկրի ղեկավարն է, կա՞պ ունի երկու ձեռքով ենք սեղմում ձեռքը, թե չէ: Թեկուզ մեկ կամ երկու ձեռքով, երկրի ղեկավարն է, հյուր է եկել, ի՞նչ է եղել, դա թեմա՞ է»:

Վոլոդյա Բաբինյանին զայրացրել է հատկապես համացանցում տարածված տեղեկությունը, թե Կիրանցում հողեր հանձնելու դիմաց ինքը մի կլորիկ գումար փոխհատուցում է  ստացել. «Ես հող հանձնող չեմ, ոչ էլ հողեր եմ ունեցել: Որտեղից են վերցրել այդ տեղեկությունը ու մտել իմ անձնական կյանք, ով է այդ համագյուղացին, որ նման տեղեկությունների տիրապետում է: Ոչ հող ունեմ, ոչ էլ կլորիկ գումար եմ ստացել»:

Մեր հարցին՝իսկ ձեր կինը, մերձավոր ազգականները չե՞ն ունեցել հողեր, որոնք սահմանազատման արդյունքում մնացել  են ադրբեջանցիներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քննություն եք անցկացնում, ի՞նչ է: Մարդիկ ունեցել են, կառավարության որոշում է  եղել, գնացեք այնտեղից հետաքրքրվեք՝ ում ինչ են տվել»:

Հիշեցնենք, որ սահմանազատման արդյունքում Կիրանցի դպրոցը հայտնվեց հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սահմանային գոտում: Դեռ սահմանազատումից առաջ կիրանցիները լուրջ մտահոգություններ ունեին, որ երեխաները ամենամոտն են լինելու ադրբեջանցիներին: Ի պատասխան այդ մտահոգությունների՝ Նիկոլ Փաշինյանը լուծում էր առաջարկել՝ եթե Կիրանցի դպրոցի հարեւանությամբ հայտնվող ադրբեջանցիներին կիրանցի դպրոցականները չեն ուզում տեսնել, թող պատ շարեն կամ ծառ տնկեն:

Պարոն Բաբինյանից հետաքրքրվեցինք՝ վարչապետի հորդորին ընդառաջ կգնա՞ն՝ ծառ կամ պատ նախատեսվո՞ւմ է դպրոցի դիմաց, ի պատասխան նա ասաց. «Դա ոչ մեկիս դուրեկան չէր էդ սահմանազատումը, բայց ինչ արած կյանքը շարունակվում է: Նայելով մեր երեխաներին, ապագային՝ կարո՞ղ է  մեր համայնքը թողնենք, լքենք, չենք լքելու: Եթե ապրում ենք այս համայնքում, ուրեմն համակերպվելու ենք մեր առօրյային: Ես քաղաքականությունից դուրս մարդ եմ, քաղաքական հարցերի մեջ մի ներքաշեք: Պատ շարելու մասին հարցրեք նրան, ով այդ մասին ասել է, ինքը ձեզ պատասխանը կտա: Մեր աշակերտները վախեցած չեն, նույնիսկ գիշերվա 11-ին ֆուտբոլ են խաղում դպրոցի տարածքում, որը ադրբեջանցիներից 30 մետր հեռավորության վրա է: Ոչ մի զրույց չկա, որ վախենում են, դպրոցի բակում չեն խաղում կամ դպրոց չեն հաճախում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930