«Հետք». Նոյեմբերի 21-ին Ամերիկայի Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակեց «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդ 285 ֆիլմերից կազմված ցանկը (longlist). անիմացիոն, վավերագրական և միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգերում։
Վավերագրական ֆիլմ անվանակարգում ներկայացված 169 ֆիլմերի ցանկում են Շողակաթ Վարդանյանի «1489» և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմերը։ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբոր որոնումների մասին պատմող Շողակաթ Վարդանյանի ֆիլմը ներկայացվել էր Հայաստանում Օսկարին ներկայացվող ֆիլմերի մրցույթում, բայց չէր ընտրվել։ «1489» ֆիլմը հեղինակը ներկայացրել էր Օսկարին անհատապես։ Հորդանանահայ ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա արցախցի Վրեժի, Արցախի մասին՝ 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, մինչև Ադրբեջանի կողմից հայաթափումը։ Այն ընտրվել էր Հորդանանից Օսկարին ներկայացվող ֆիլմ, այնուհետև, Ադրբեջանի ճնշմամբ, հետ էր կանչվել։ Ռեժիսորը ներկայացրել է ֆիլմը Օսկարին անհատապես և ընդգրկվել է երկար ցանկում։
Դեկտեմբերի 17-ին Ակադեմիան կհրապարակի 169 վավերագրական ֆիլմից ընտրված 15 ֆիլմերի կարճ ցանկը (shortlist)։
Ակադեմիայի «Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգի 85 ֆիլմերից կազմված ցանկում է Հայաստանից ներկայացված Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» խաղարկային ֆիլմը։
Կարդացեք նաև
«Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2025թ.-ի մարտի 2-ին, Դոլբի թատրոնում: