Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բարձր է գնահատում Հայաստան-Լեհաստան քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը. Վահագն Խաչատուրյան

Նոյեմբեր 26,2024 22:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:

Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած են պատմական սերտ առնչությունները և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Ձեր պաշտոնական այցը Հայաստան ևս մեկ ապացույց է ինչպես մեր երկու ժողովուրդների բարեկամության, այնպես էլ՝ Հայաստան-Լեհաստան համագործակցության կարևորության հավաստման համատեքստում:

Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկելու տարբեր բնագավառներում հայ-լեհական ներկա համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել փոխադարձ համագործակցության հեռանկարային այլ ուղղություններ: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին:

Կցանկանայի երկկողմ հարաբերությունների համատեքստում հատուկ ընդգծել բոլոր ժամանակներում լեհահայ համայնքի կարևոր դերակատարության մասին և շնորհակալություն հայտնել բարեկամ լեհ ժողովրդին և Լեհաստանի կառավարությանը հայ համայնքի հանդեպ ցուցաբերած բարեսիրտ և հյուրընկալ վերաբերմունքի համար:

Հայաստանը բարձր է գնահատում Հայաստան-Լեհաստան քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը: Լեհաստանը՝ որպես ԵՄ խորհրդի գալիք նախագահող, Արևելյան գործընկերության ճարտարապետ, այսօր էլ կարևոր և վստահելի գործընկեր է Հայաստանի համար ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության համատեքստում:

Քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչներից է խորհրդարանական դիվանագիտությունը, և գոհացուցիչ է այսօր մեր պետությունների օրենսդիր մարմինների միջև առկա ակտիվ փոխգործակցությունը:

Չնայած ակտիվ քաղաքական երկխոսությանը և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններին՝ դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ: Այս առումով կարծում եմ, որ տնտեսական հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների պարբերական հանդիպումները կարևոր գործիք են համագործակցության նոր ոլորտների թիրախավորման, ինչպես նաև արդեն իսկ ընթացիկ ոլորտներում նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից:

Քննարկեցինք նաև գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Իմ հարգարժան գործընկերոջ հետ անդրադարձանք նաև Հարավկովկասյան, ինչպես նաև առավել լայն Եվրոպական տարածաշրջանի զարգացումներին, առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։

Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության՝ առկա խնդիրները հարևանների հետ կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելով: Այս համատեքստում իմ գործընկերոջը ներկայացրեցի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որում պատշաճ կերպով ներկայացված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու Հայաստանի տեսլականը»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930